Ֆուդ լուսանկարչության լույսն ու ստվերը

-Ժողովուրդ, ֆուդ լուսանկարչի տեղ գիտե՞ք։

-Իհարկե, զանգեք Յոլչյանին։

Այս երկխոսությունը շատ հաճախ է  ընթանում գաստրոաշխարհի կազմակերպությունների ու անհատների միջև։ Ֆուդ լուսանկարիչ Մերի Յոլչյանն իր՝ բառի ամենաուղիղ իմաստով՝ համեղ լուսանկարների շնորհիվ գրավել է բոլորիս սրտերը։ Menu.am-ի ֆուդբլոգը նպատակ ունի նաև ձեզ ծանոթացնել մեր ոլորտում աշխատող մարդկանց հետաքրքիր մասնագիտություններին ու նրբություններին, և այս անգամ որոշել ենք ձեզ պատմել Յոլչյանի մասին ու իր օգնությամբ բացահայտել ֆուդ լուսանկարչության ճիշտ կոմպոզիցիան, լույսն ու ստվերը։

-Մերի, համեղ ու գեղեցիկ պատրաստելը մի խնդիր է, պատրաստածը շատ գրավիչ ներկայացնելը՝ ուրիշ խնդիր։ Ինչպե՞ս ընտրեցիք ֆուդ լուսանկարչությունը։

-Պաշտոնապես՝ արդեն 2.5 տարի է, ինչ զբաղվում եմ ֆուդ լուսանկարչությամբ։ Բայց ամեն ինչ սկսվեց դեռ երեք տարի առաջ, երբ աշխատում էի MBG Hospitality-ում որպես բրենդ մենեջեր։

Պատմությունը շատ պարզ է։ Մեզ շտապ պետք էր լուսանկարիչ, ով կնկարահաներ ռեստորաններից մեկի նախաճաշի մենյուն։ Բայց արդեն չէինք համագործակցում մեր լուսանկարչի հետ, իսկ լավ ֆուդ լուսանկարիչ այդ ժամանակ չէինք կարողանում գտնել։ Եվ այդ հրատապ իրավիճակում տնօրեններս՝ Կարեն Մարգարյանը և Աշոտ Բարսեղյանը որոշեցին, որ ես եմ նկարելու, քանի որ տարբեր իվենթների ժամանակ «վատ չէին ստացվել» իմ արված լուսանկարները, որոնք անում էի ընկերության տեսախցիկով։ Մեր ընկերությունում ունեինք ստուդիո լույսեր, բոլորը շալակեցինք ու տեղափոխեցինք սրճարան։ Նկարահանման ժամանակ որպես «ֆան կլուբ» մասնակից էր ամբողջ մարքեթինգի բաժինը և տնօրենները։  Մի քիչ Յութուբում քչփորելը, մի քիչ գիշերը չքնելն ու մի քիչ կոմպոզիցիայից հասկանալը ինձ օգնեցին տակից դուրս գալ։ Ամեն նկարը ստանալուց առաջ շունչներս պահում էինք ու երբ ստացվում էր, բոլորս արտաշնչում էինք ու անցնում հաջորդին։

Անկեղծ եմ ասում, միանգամից սիրահարվեցի ֆուդ լուսանկարչությանը։ Ավելի ուշ տեղափոխվեցի Փարիզ՝ սովորելու Speos Photography School-ում, կոմերցիոն լուսանկարչություն։ Իսկ երբ վերադարձա, արդեն վստահ էի՝ որ ուղղությամբ եմ շարունակելու կյանքս և ինչ արժեք եմ ցանկանում ստեղծել։

Ես սիրված աշխատող եմ եղել, ունեցել եմ այսպիսի թիմ իմ մեջքի հետևում։ Ու եթե կողքիս չլինեին այդ ժամանակվա մեր թիմը, կասկածում եմ, որ խիզախություն կունենայի շարունակել այս ամենը։

Картинки по запросу Team captain america gif

-Ի՞նչ «առավելություններ» կան ֆուդ լուսանկարչության մեջ, որո՞նք են աշխատանքի ամենահետաքրքիր կողմերը։

-Ինչպես ցանկացած լուսակնարչական ոլորտում, այդպես էլ ֆուդ լուսանկարչության մեջ ամենակարևորը էմոցիա հաղորդելն է։ Մեր դեպքում՝ ստիպել մարդկանց ավելի շատ ուտել (ծիծաղում է,-հեղ․), կամ առնվազն ստիպել մարդկանց ուտելիքին նայել ոչ միայն որպես անհրաժեշտություն, այլ՝ արվեստ։ Ամենահետաքրքիրը ֆուդ լուսանկարչության մեջ, իհարկե,  կոմպոզիցիան է, որի միջոցով էլ հենց հաղորդում ենք էմոցիան։  Իմ սիրած առավելություններից մեկն այն է, որ երբ աշխատում ես տարբեր սրճարանների, ռեստորանների կամ բարերի հետ, միշտ տեղեկացված ես, թե որտեղ ինչն է համեղ կամ պոպուլյար։ Ավտոմատ ձեռք ես բերում ֆուդգայդի բեյջ։

-Ոչ պրոֆեսիոնալների մոտ կարծիք կա, թե միայն «շնչավոր» հումքի հետ աշխատողների գործն է բարդ, անշունչ բաներ նկարելը հեշտ է։ Ի՞նչ դժվարություններ ունի ֆուդ լուսանկարչությունը։

-Դժվարությունը կայանում է հենց այդ հարցում։ Երբ մենք ընկալում ենք, որ օրինակ մթերքն ինքն իրենով անշունչ է։ Ես հարցին այդպես չեմ նայում։ Մրգերը, բանջարեղենները, հացը, խմորեղենը և ամեն ինչը հոտ ունեն։ Եթե հոտ ունեն, ուրեմն՝ անշունչ չեն։ Ինչպե՞ս կարող են անշունչ առարկաներն այդքան էնդորֆին հաղորդել մարդկանց՝ վայրկյանների ընթացքում։  Լավ ռեստորանում  «մեդիում վելլ» սթեյքը մի բաժակ կարմիր չոր գինիով իրական երջանկություն է փոխանցում։ Իսկ ընկերուհիների հետ հանդիպելիս կանաչ թեյն ու  կրուասանը կարող են լավագույն ընտրությունը լինել։  Բարդությունը կայանում է հենց համն ու հոտ փոխանցելու մեջ, պետք է այնպես անել, որ մարդիկ նկարին նայելով արդեն հասկանան ու գաղափար կազմեն տվյալ ուտեստից։

-Քանի որ հիմա ֆուդ լուսանկարչությունը ամենասիրված մասնագիտություններից է,  հուշեք մեզ՝ ի՞նչ է պետք՝ լավ ֆուդ լուսանկարիչ դառնալու համար։

-Չեմ ուզում կաղապարներ դնել ու ասել, թե ինչն է պետք, ինչը՝ չէ։ Կարող եմ բնութագրել՝ առնվազն ինչպիսին է ֆուդ լուսանկարիչը։ Նա սիրում է խոհանոցը, հարգում և գնահատում խոհանոցի արտիստներին։  Պաշտում է հոտերն ու համերը։ Հասկանում է խոհանոցի և խոհարարների կարևորությունը։ Սիրում և նկատում է գեղեցիկը։

-Ո՞ր ուտեստներն ու մթերքներն են Ձեզ համար «ֆոտոգենիկ», ունե՞ք նախընտրած սննդային «հումք»։

-Շատ եմ սիրում նկարել խմորեղեններ, հատկապես գործընթացը՝ ինչպես են դրանք պատրաստվում։

-Ի՞նչ հետաքրքիր դեպքեր են գրանցվում սյոմկաների ժամանակ, ունե՞ս նման պատմություններ, եթե հա՝ կիսվիր դրանցից ամենահիշվողով։

-Նկարահանումները միշտ շատ բուռն են ընթանում, հատկապես երբ որևէ ուտեստի գործընթաց ենք նկարում։ Ես ալյուրից ալերգիա ունեմ, միշտ սկսում եմ փռշտալ։  Բայց միշտ մի կողմ եմ դնում իմ անձնական խնդիրներն ու հանուն գեղեցիկ լուսանկարի ամեն ինչի պատրաստ եմ։ Օրինակ, մի անգամ հացի խմորի հունցման գործընթացն էինք նկարում և անկեղծ ասեմ՝ հացթուխը մի քիչ հուզված էր, ու իմ հրահանգներից՝ մի քիչ աջ կանգնեք, ձախ ձեռքը ավելի մոտիկ, զգա ձեռքով խմորը, մի կաշկանդվիր․․․Վերջում ավելի էր խառնվել իրար։ Եվ երբ եկավ այդքան սպասված ալյուր շաղ տալու պահը  իմ՝ «աջից ձախ կանես» հրահանգի ժամանակ այնքան էր խճճվել որ «ձախից աջ» արեց, ամբողջ ուժով։ Իսկ ես կանգնած էի աջ կողմում, ինչի արդյունքում ամբողջ դեմքս ալյուր էր եղել ու ես սկսեցի փռշտալ։ Վերջում նաև ծիծաղում էի։ Հետո բոլորը։ Եվ արդյունքում ունեցանք ծիծաղի անսամբլ, որտեղ ես դիրիժորություն էի անում՝ փռշտում և ծիծաղում էի միաժամանակ։ Դա տևեց մոտ 10 րոպե։

-Շատերն են սիրողական  մակարդակով ֆուդ լուսանկարչությամբ հետաքրքրված։ Մի քանի մասնագիտական խորհուրդ տվեք ուտեստները լուսանկարել սիրողներին։

-Սիրողական լուսանկարների համար խորհուրդ եմ տալիս շատ օգտագործել բնական լույս, քանի որ այդ դեպքում տեխնիկական խնդիրները շտկելն ավելի հեշտ կլինի։ Անկյուններից ամենահարմարը՝ վերևից լուսանկարներն են։ Հատկապես բլոգի համար շատ հարմար են։ Իսկ ավելի հարմար և էֆֆեկտիվ կարող է լինել 35 աստիճանը։  Դա նույն նստած դիրքից լուսանկար անելն է։ Այդպես դուք միշտ կստանաք լուսանկար, որը կլինի ոչ միայն գեղեցիկ ու էսթետիկ, այլ նաև էֆֆեկտիվ, քանի որ մենք միշտ ռեստորանում կամ սրճարանում նայում ենք մեր ուտեստին նստած դիրքով։

 Հոդվածում օգտագործված բոլոր լուսանկարների հեղինակային իրավունքը Մերի Յոլչյանինն է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով