Երկրից-երկիր՝ ամանորյա սեղանի շուրջ

Խոզի բուդ, «մայրաքաղաքային» աղցան, տոլմա, հաջորդ օրն էլ՝ սպաս։ Միանգամից կռահեցիք, չէ, որ խոսքը հայկական ամանորյա սեղանի մասին է, որի շուրջ ավելանում են նոր անուններ, սակայն դասական կազմը «նահապետորեն» պահպանվում է։ Հայկական «դասական» սեղանի մասին ձեզ հաջորդիվ կպատմենք, բայց մինչ այդ ուզում ենք միասին պարզենք՝  ինչպիսին են մեզ ծանոթ ու անծանոթ երկրների,  ժողովուրդների տոնական սեղանները՝ մեր վիրտուալ «շրջայցով», քանի որ իրականի դեպքում  պետք է միջին վիճակագրական բոնբոներկայով տնից դուրս գայինք, հարևան երկրներից սկսելով, ու մի օր էլ կլոր երկրի տրամաբանությամբ մեր բոնբոներկան գուցե վերադառնար։

«Մայրաքաղաքային» աղցանը միայն մեր սիրելին  չի, այն փաստացի խորհրդային ձեռքբերումներից է ու կայուն պահպանվել է նաև հետխորհրդային տարածաշրջանում։ Ռուսները դրան ավելացնում են շամպայն, մանդարին, թխուկ/ պիրոգ/ և առանց խոհանոցում  օրերով տառապելու, սկսում ամանորյա տոնախմբությունը։

Քանի որ Նոր տարվա տոնին մարդիկ նաև երազանք են պահում, ապա հենց սեղաններին էլ փորձում են խորհրդանշական բովանդակություն  հաղորդել։ ԱՄՆ հարավային նահանգներում , օրինակ պարտադիր են սիսեռից և այլ ոլոռազգիներից ուտեստները․ դրանք փող են  խորհրդանշում։

Հունգարիայում, նախկին հարավսլավական երկրներում, Ավստրիայում Նոր տարուն թռչնամիս չեն ուտում, որպեսզի հաջողությունն օջախից չթռչի։

Հրեաները ամանորյա սեղանին թթու, կծու կամ աղի ուտելիք չեն դնում, քանի որ Նոր տարում միմյանց քաղցր ու ուրախ կյանք են մաղթում։ Իսրայելում տոնական սեղանի զարդ են դառնում ձկան կամ ոչխարի գլուխը, շոգեխաշված խնձորը՝ մեղրով, բազուկ և այլ արմատազգիներ։

fishs-head.jpg

Ճապոնիայում ծովային կաղամբ են նախընտրում, եփած ձուկ, սելդի խավիար, տապակած շագանակներ։ Ամանորյա սեղանի շուրջ ճապոնացիները աղմկոտ քեֆ-ուրախություն չեն անում, այլ խորհում են, թե ինչ կբերի իրենց գալիք տարին։

Թվում է, թե սեղանի ծանրաբեռնվածությամբ մեզ հետ մրցող չի լինի, սակայն ամանորյա «բկլիկությունը» շատերին է բնորոշ։ Լեհաստանում, օրինակ, սեղանին ուղիղ 12 կերակրատեսակ պետք է լինի, առանց մսի, բայց ձուկը՝ պարտադիր։ Կարևոր են նաև սնկով ապուրը, խնձորով ռուլետը,  սև սալորաչրով գարու շիլան։ Իսկ ուղիղ այն պահին, երբ ժամացույցի սլաքները հանդիսավորությամբ ազդարարում են տասներկուսը, պետք է մի կտոր սելդ ձուկ ճաշակել։

Польша

Իտալացիներն էլ են տոնական սեղանն ավելի շատ ձկնեղենով զարդարում, ընտրելով համեղ ու թանկ տեսակներ։ Պարտադիր են նաև Զատկի գաթաների իտալական հոմանիշը, խաղող, ոսպ ու ընկուզեղեն, որոնք երկարարկեցության ու բարեկեցության խորհրդանիշ են։

Դե իսկ Իսպանիայում, Պորտուգալիայում ու Կուբայում ևս բարեկեցության խորհրդանիշ է խաղողը, ավելի ճիշտ՝ վազը և հենց դրա համար, ժամացույցի կեսգիշերային տոնական ամեն զարկի հետ պետք է մեկ հատիկ խաղող ուտել, ընդհանուր՝ տասներկու, միաժամանակ մտքում երազանք պահել։

Похожее изображение

Տիբեթի բնակիչները շատ-շատ կարկանդակներ են թխում, որոնք մենակ  չեն ուտում, ծանոթ-բարեկամից բացի, հյուրասիրում են նաև անծանոթ մարդկանց։ Հավատալիք կա՝ ինչքան շատ ես բաժանում, այնքան հարուստ ես  լինում։

Այսքանով հանդերձ,  մոտալուտ տոնի վայելքի գլխավոր պայմանն այնուամենայնիվ ոչ թե տոնական սեղանն է մնում, այլ բարձր տրամադրությունն ու լավ ծրագրերը նոր տարում  կյանքի կոչելու վստահ վճռականությունը։

Похожее изображение

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով