Սնունդն ազդո՞ւմ է սեռական ցանկության վրա

Հարցը աշխարհի չափ հին է։ Մինչ օրս հանրույթը հաճախ է քննարկում՝ ի վերջո սնունդը նպաստում կամ վնասո՞ւմ է սեռական կյանքին, թե՝ ոչ։ Այսօր որոշեցինք ցրել բոլոր կասկածներն ու ճիշտ պատասխանը գտնել՝ խնդրելով սեքսոպաթոլոգ Անդրոնիս Ղարիբյանին մասնագիտորեն պարզաբանել հարցը։

-Դեռ հնուց ընդունված է կարծել, որ սնունդը ազդեցություն ունի լիբիդոյի վրա, որքանո՞վ է սա ճիշտ՝ մասնագիտական տեսանկյունից։

-Այո, սնունդը ունի մեծ ազդեցություն սեռական խնդիրների առաջացման, ինչպես նաև՝ կարգավորման գործում։ Ոչ պիտանի սնունդի օգտագործման արդյունքում ոչ միայն կարող է նվազել լիբիդոն, այլ՝ գուցե վնասվեն գրեթե բոլոր սեռական դրսևորումները, ինչպիսիք են էրեկցիան, սերմնաժայթքումը, օրգազմը, գրգռումը և այլն։

-Այսինքն, խնդիրների դեպքում սննդակարգին ուշադրություն դարձնելը պարտադի՞ր է։

-Գրեթե բոլոր տեսակի սեռական խանգարումները բուժելիս պետք է ուշադրություն դարձվի սննդակարգին՝ բացառելով ֆասթ ֆուդը, սոդա ու շաքար պարունակող ըմպելիքները, խոլեստերինի բարձր քանակ պարունակող ուտելիքները և այլն։  Ինչպես բոլոր հիվանդությունների ժամանակ առկա սննդակարգերի, այնպես էլ սեռական խանգարումների ժամանակ ցանկալի է, որ ափսեի կեսը լցված լինի բանջարեղենով։

Похожее изображение

-Մարդիկ հաճախ պնդում են, որ իրենց  «սեռական տրամադրության» վրա լավ ազդեցություն է թողնում, օրինակ, կծու ուտելը, կամ ընկուզեղեն-մեղր համադրությունը սա իրականություն է, թե՞ ներշնչանք։

 -Դարեր շարունակ երբ չի եղել դեղորայք, իհարկե մարդիկ փորձել են ամեն ինչ՝ սեռական խնդիրները լուծելու համար, և երբեմն ունեցել են բավականին դրական արդյունքներ, դա այդքան էլ միֆերի ու ներշնչանքների կատեգորիայի ժանրից չէ։  Իհարկե պետք է հաշվի առնել որ ապրում ենք 21-րդ դարում, երբ կան բազմաթիվ հաստատված դեղեր՝ կոնկրետ խնդիրներ շտկելու համար, և սնունդի դերը ավելի շատ օգնող-լրացուցիչ մեթոդ է, կամ ունի  պրոֆիլակտիկ նպատակ։

Ինչ վերաբերվում է ընկույզ-մեղրին, որը ակտիվ կիրառվում է հասարակությունում, նույնպես շատ կարևոր է հասկանալ, թե ինչը, երբ և ոնց օգտագործենք։  Օրինակ, եթե Ամանորին տղամարդիկ ընդեղենից առանձնացնում են ընկույզը և ուտում՝ սեռական ֆունկցիան լավացնելու նպատակով, բացարձակ անիմաստ է, քանի որ ընկույզը կարող է սեռական ֆունկցիան, առավել ևս՝ սերմնահեղուկի քանակական ցուցանիշները բարելավել միայն թարմ ու թաց վիճակում, այսինքն՝ աշնանը, երբ նրանում առկա վիտամինները՝ հատկապես վիտամին E-ն բարձր քանակով  է։ Ինչ վերաբերում է մեղրին, այն  միայն էներգիայի աղբյուր  չէ․ կոնկրետ մեղվակաթը օգնում է լավացնել սեռական գեղձերի աշխատանքը, և այդ հիմքով այսօր կան բազմաթիվ դեղեր և հետազոտություններ։

Կծու ուտելիքների հետ կապված հակասական կարծիքները բավականին շատ են, քանի որ նաև ապացուցված է նրանց բացասական ազդեցությունը ստամոքս-աղիքային համակարգի ֆունկցիայի վրա։

Ամեն դեպքում, սեռական ֆունկցիան լավացնող լավագույն մրգերն ու բանջարեղեններն են շարունակում մնալ նուռը, ավոկադոն, թուզը, խաղողը, խնձորը, քարավուզը, դդումի սերմերը, ձմերուկը, ասպարագուսը, նուշը, և այլն։

-Եթե գլոբալ նայենք, կարո՞ղ է մարդու սննդակարգն առհասարակ ազդել սեռական ցանկության վրա։ Եթե այո, ի՞նչ ձևով։

-Այո, մարդու սննդակարգը միանշանակ կարող է ազդել սեռական ֆունկցիայի վրա։ Երբ խոսում ենք սննդակարգից, ապա այնտեղ չպետք է բացառել ածխաջրերը, ճարպերը, սպիտակուցները, միկրոտարրերը։ Երբեմն տեսնում ենք նորահայտ դիետաներ, որոնց հետևելիս մարդիկ որոշում են ամբողջությամբ բացառել ճարպերը, արդյունքում նիհարելու փոխարեն ունենում են սեռական ցանկության կորուստ։ Օրինակ, խոլեստերինը սեռական հորմոնների նախանյութն է, և առանց խոլեստերինի սեռական հորմոնները, առավել ևս՝ տեստոստերոնը նվազում է։ Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում հենց տեստոստերոնն է կարևորագույն հորմոնը՝ սեռական ցանկության ապահովման համար, և այդ հորմոնի պակասից էլ կարող է իջնել սեռական ցանկությունը։ Իսկ խոլեստերինի գերբարձր քանակից կարող են անոթներում առաջանալ փոփոխություններ՝ խցանումների տեսքով, և արյան շրջանառության խանգարումների հետևանքով առաջանալ տարաբնույթ սեռական և սրտանոթային խանգարումներ։

-Ուտելիքի տեսակներով հնարավո՞ր է բուժել սեռական խնդիրները։ Օրինակ, դարչինը բնական «վիագրա» են համարում, եթե մարդն ամեն օր օգտագործի սննդի մեջ,  դրական փոփոխություն կգրանցվի՞։

-Ուտելիքի միջոցով արդեն իսկ զարգացած սեռական խնդիրները գրեթե անհնար է բուժել, սակայն բուժմանը զուգահեռ եթե պահպանվի նաև սննդակարգը՝ արդյունքը անհամեմատ լավը կլինի։ Սեռական խնդիրները որպես կանոն բազմաֆունկցիոնալ են, իսկ երիտասարդների շրջանում հիմանակում պայմանավորված հոգեծին, այլ ոչ թե՝ օրգանական գործոններով։  Ցանկացած սեռական խանգարման դեպքում պետք է այցելուն անցնի մանրակրկիտ հետազոտություն, ունենա ախտորոշում, որից հետո էլ արդեն իսկ կորոշվի բուժման մեթոդը։

-Փաստորեն, այս դեպքում ևս ինքնաբուժությունը չի խրախուսվում։

-Ինքնաբուժությունը ցանկացած դեպքում վտանգավոր է առողջության համար, եթե նույնիսկ այդ ինքնաբուժության բաղադրիչներն են օրգանիկ նյութերը, ինչպիսին հենց ձեր նշած մեղրն ու պոպոկն են։ Քանի որ այսօր շատ ենք ունենում ալերգիկ խնդիրներ հենց մեղրից, երբեմն շատ ավելի ծանր բարդություններ ցիտրուսներից ու հատկապես կիվիից ( մինչև իսկ անաֆիլակտիկ շոկ), կալցիում պարունակող կաթնամթերքների չարաշահումից և այլն։  Նույնիսկ սննդակարգի ընտրության հարցում միշտ ցանկալի է խորհրդակցել բժիշկ մասնագետների հետ, և ընտրել այն սննդակարգը , որը օրգանիզմին վնաս չի հասցնի, և ամեն խնդրի դեպքում դիմել համապատասխան մասնագետի։

Картинки по запросу doctor gif

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով