Հայկական խոհանոցի ռետրոն

Խաշ, խաշլամա, խորոված… շատերը և հատկապես տղամարդիկ այս թվարկությամբ են սկսում հայկական խոհանոցի սյուները ներկայացնել և շատ արագ ավարտելով, հաճախ էլ եզրահանգել, թե մեր խոհանոցն այսքանն է, հարուստ չէ, օրինակ , հարևան վրացականի պես: Այսպիսի կարծիքը մերկապարանոց թյուրիմացություն է և լուրջ լրացման կարիք ունի: Իրականում ունենք շատ բազմազան խոհանոց ու այնքան  հարուստ, որ անգամ նույն ուտեստն ու ճաշատեսակները ըստ տարածաշրջանների բազմաթիվ տարատեսակներ ունեն ու հաճախ միմյանցից շատ ուշատ տարբերվող:

Մենք ունենք հնագույն խոհանոց, որի շատ ու շատ հրաշալի բաղադրատոմսեր մոռացվել կամ մի անկյուն են քշվել, այնինչ արժե դրանք վերհիշել, արթնացնել մեր խոհանոցներում և կրկին  համոզվել, որ մեր նախնիներն իմաստուն են եղել. մերոնք և ավելի բազմազան են սնվել և ավելի առողջ։

Ամեն ընտանիք ու գերդաստան տիրապետել է նախնիների պարզ,  միաժամանակ և հմտություն պահանջող բաղադրատոմսերին և սիրով պատվել նաև հյուրին ու անցվորին: Այսօր ընդամենը երեք հին հայկական կերակուր ենք  ներկայացնում, որոնք կարելի է հանգիստ պատրաստել տնային պայմաններում, իսկ գուցե մի օր էլ մեր ռեստորաններում  հայտնվեն:

Թաթխան

Թաթխան, այսինքն՝ հացը մեջը թաթախելու համար նախատեսված թացան։ Միանգամից ասեմ, սա այսօրվա սոուսների նախահայր կամ  նախամայրն է: Այսինքն, մեր ապուպապերն էլ են սիրել ուտելիքը հարստացնել ուղեկից համերով: Եվ այսպես, թաթխանը սերմերից, հատիկեղենից, ընկուզեղենից և տարբեր համեմունքներից պատրաստված մի յուրահատուկ ուտելիք է, որ տարածված է եղել հատկապես Արևմտյան Հայաստանի շատ շրջաններում։ Բերքահավաքից հետո չորացրել են, ապա բովել կուտեղենը՝ դդմի, արևածաղկի, սեխի և ձմերուկի, հետո աղացել։ Օգտագործելիս վրան ձեթ են լցրել և հացը մեջը թաթախելով՝ ճաշակել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ սննդարար ու համեղ բան է, այն էլ թարմ թխած հացով կամ  լավաշով: Դե իհարկե, նման կալորիականությամբ ուտելիք ճաշակելուց հետո մեր նախնիները հեռուստացույցին կամ առավել ևս համացանցին տրվելու հնարավորություն չեն ունեցել, բարեբախտաբար, թե չէ զանգվածային ճարպակալումն անխուսափելի կլիներ:

Картинки по запросу Թաթխան

Մեղրով պյորեկ

Սա զեյթունցիներին հատուկ քաղցրավենիք է, ոչ պակաս կալորիական, պատրաստվում էր հատկապես յայլաներում, ուր առատ է եղել թարմ ու անարատ յուղը։ Պատկերացնո՞ւմ եք հովվերգական միջավայրը, երգուխաղով սարերից հավաքել են ընկույզը, մանրացրել ու խառնել մեղրի հետ, դե պարզ է,  մեղրն էլ սեփական փեթակներից է. սաջի վրա թխել են լավաշը, այն  լցոնել միջուկով, ապա տապակել յուղով։  Իսկ սաջը օջախի վրա հաց թխելու պարզագույն հարմարանք է, հարթ, կլոր մետաղյա թերթ: Պյորեկը հիշեցնում  է մեր այսօրվա փախլավայի համը։ Սա էլ գուցե էստեղ կարգենք սիրված քաղցրավենիքի նախնի:

Картинки по запросу Մեղրով պյորեկ

Բորանի

Ըստ պարսկական ավանդազրույցի, Բորանի ճաշատեսակն առաջացել է Սասանյան Խոսրով արքայի դուստր՝ Բուրանդուխտի անունից. նա շատ է սիրել մածուն և երբ գահ է բարձրացել, ոչ ավել, ոչ պակաս, իր պատվին են անվանակոչվել  մածնով կերակրատեսակները, այստեղից էլ՝ բորանի։ Հայկական ավանդական խոհանոցում կան տարատեսակ բորանիներ՝ մսային, բանջարեղենային, բանջարային և արմտիքային, որոնց միավորողը  մածունի առկայությունն է։ Եթե նախորդ երկու ուտեստները անչափ սննդարար էին, ապա այս դեպքում կերակուրը թեթև է,  հարուստ՝ վիտամիններով: Եվ յուրաքանչյուր տարածաշրջան ունեցել է բորանիի իր բաղադրատոմսը: Ենթադրվում է, որ սիրելի արքայադստեր սիրած ուտեստները  ժամանակակից աղջիկներին ազատել են ավելորդ քաշից ու նույնքան սիրելի են եղել նաև նրանց համար: Մածունով մենք թանապուր կամ սպաս ունենք, դե պատկերացրեք նույն մածունի մեջ թվարկված բաղադրիչներն ըստ խմբերի ինչ համեղ ու թեթև կլինեն:

Картинки по запросу բորանի

Ահա այսպես են սնվել մեր նախահայրերն ու մայրերը, այնպես որ, եթե էլի բողոքեն մեր խոհանոցից, ցույց տվեք նրանց այս գրառումը։ Մենք հետագայում ձեզ էլի կպատմենք հայկական ուտեստների մասին։ Իսկ հիմա մաղթում ենք բարի ախորժակ ու նոր համեր՝ ձեր խոհանոցում, առօրյայում ու կյանքում՝ ընդհանրապես:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով