Ի՞նչ ուտեն երեխաները․ խորհուրդներ սննդաբանից

Ամառն անցավ,  այս անգամ սովորականից ավելի արագ հրաժեշտ տվեցինք շոգ ու տապին, բայց ոչ բուն ամռանը։ Չէ՞ որ ամենօրյա մեր սեղանին դեռ ամառային գույներ ու համեր են, չնայած, որ այս տարի իսկապես օրացուցային աշուն է եկել՝ անձրևներով, սառնությամբ ու ամպամած երկնքով։ Եվ եթե գույներ կան մեր սեղանին ու մեր շուրջը, ուրեմն դրանք մենք կարող ենք կրել նաև մեր ներսում՝ բառի ուղիղ և տրամադրության իմաստով։

Ավելին, ամառային միրգ-բանջարեղենին ավելանում են նաև աշնան առաջնեկները, և մեզ մնում է միայն վայելել առողջ սնվելու լավագույն շրջանը։ Հատկապես երեխաների համար կարևոր է առողջ ու սննդարար կերակուրը․ամառային ազատությունից հետո շատերը դպրոց են գնում, մեծ ծանրաբեռնվածությամբ տրվում զանազան պարապմունքների ու խմբակների և շատ կարևոր է, որ հատկապես մեր երեխաները ֆաստֆուդի գերին չդառնան։

Հատկապես վերջերս, ուսումնական տարվան ընդառաջ,  սոցցանցերում ակտիվացել են  ծնողների քննարկումները․ դպրոցական սնունդը բավարար չափով առողջարար ու բազմազան չէ, այս ոլորտում ևս արմատական հեղափոխություն է պետք։ Ծնողները տարբերակներ են առաջարկում՝ երեխաների սնունդը գոնե տան պայմաններում բազմազան դարձնելու համար՝ նույնը առաջարկելով դպրոցին։ Հետևելով թեմայի քննարկումներին ու   դրա «սեզոնային կարևորությանը», մենք զրուցել ենք բժիշկ-սննդաբան Վարդանուշ Պետրոսյանի հետ՝ երեխաների առողջ սննդակարգի մասին և սիրով կիսվում ենք մասնագիտական օգտակար խորհուրդներով։

Похожее изображение

Եվ այսպես, Վարդանուշ Պետրոսյանի մեկնաբանությամբ, ընդհանրապես, երեխաների սննդակարգում պետք է պահել երեք կարևոր կանոն։ Առաջինը սննդի անվտանգությունն է, երեխային պետք է զերծ պահել  ակտիվ ու տարածված սննդային թունավորումներից ու վարակներից, հատկապես, որ հաճախ այս երկուսը միասին են «հանդես գալիս»։ Ամեն ինչ պետք է լավ լվանալ՝ ձեռքերը լվանալուց հետո, ու ճիշտ պահպանել սնունդը։ Սառեցնել դրանք, եփված ճաշերը պահել սառնարանում, բայց  ոչ՝ օրեր շարունակ։ Այս թվացյալ շատ պարզ  խորհուրդները ծնողները  հաճախ են խախտում՝անտեսելով դրանց կարևորությունը, բայց արի ու տես, որ, օրինակ, ամառային ամիսներին սննդային թունավորումների մեծ մասի պատճառը հենց սխալ պահպանված, կամ վատ լվացված սնունդն է։ Ցավոք, թունավորումները  միայն եղանակային չեն, և հետևաբար, մշտապես պետք է ուշադիր լինել՝  ավելի գիտակից տարիքում նաև հենց երեխաներին սովորեցնելով սնունդը լվացած օգտագործել, եփած սնունդն էլ՝ «ճիշտ խնամել»։

Պետք է սնունդը լավ ջերմամշակում անցնի։ Օրինակ, խորովածը պետք է վստահաբար լավ եփված լինի։ Հում, կիսահում մսեղենը վտանգավոր են։

Բժիշկ-սննդաբանի երկրորդ ոսկե կանոնը՝ մշտապես հաշվի առնել, որ ամառվա կամ վաղ աշնան սնունդը պետք է լինի ավելի թեթև, դյուրամարս, և ․․․չպարտադրված․ երբ երեխաներն իրենք չեն ուզում ուտել, պետք չէ ստիպել նրանց սնվել, ուտելու ռեժիմը կարելի է և պետք է դարձնել  ավելի միրգ-բանջարեղենային։ Ուտելիքով երեխայի ստամոքսը լցնելը ամենևին հոգածություն չէ երեխայի նկատմամբ։ Իհարկե, սա չի վերաբերում նախաճաշին։ Հատկապես դպրոցական փուլում նախաճաշելը ոչ միայն կարևոր է, այլև՝ պարտադիր, և այն պետք է շատ-շատ առողջարար ու բազմազան լինի։

Похожее изображение

Կանոն երրորդ՝ փոքրերի ու մեծերի համար․ սնունդ ընդունելիս, շոգ  ժամանակ կամ երեկոյան ժամերին չպետք է շատ ուտել։ Առհասարակ, սնունդն օրվա ընթացքում  պետք է տեղաբաշխել այնպես, որ սննդարար մեծ բաժինն օրվա առաջին կեսին լինի։

Եվ մի գերագույն կանոն Վարդանուշ Պետրոսյանից, որ այդքան էլ ուտելիքին չի վերաբերում, բայց կենսականորեն կարևոր բաղադրիչին է վերաբերում, որն է հանապազօրյա ջուրը։ Օրվա ընթացքում երեխաներն ու հասուն մարդիկ պետք է ջուր խմեն,  խմեն սիրով ու հաճույքով, առանց խառնելու ուտելիքին, առանց փոխարինելու հյութերով, թեյերով, կոմպոտներով կամ  այլ ըմպելիքներով։

Եվ կրկին վերադառնաում ենք մեր ափսեների պարունակությանը. մասնագետի խորհուրդը՝ ուտելիքի առնվազն կեսը, ցանկալի է շատ ավելին, պետք է բանջարեղեն լինի՝ հում, շոգեխաշած կամ խորոված վիճակում։ Միրգն էլ՝ չափավոր։ Հայաստանում «մրգի սեզոն է» գրեթե կլոր տարին, սակայն պետք է հիշել, որ քաղցր մրգերն էլ քաղցրիկ կալորիաներ են ամբարում մեր օրգանիզմում։

Մրգերն իհարկե օգտակար են, բայց՝ չափավոր, չմոռանանք, որ դրանք, այնուամենայնիվ, պետք չէ չարաշահել։ Այնպես որ, երեկոյան հեռուստացույցի առաջ հավաքվելիս, և մե՜ծ սկուտեղով մրգերը ամբողջ ընտանիքի համատեղ ջանքերով բնաջնջելուց առաջ հիշեք այս խորհուրդը։ Ցանկալի է մրգերն օգտագործել օրվա առաջին կեսին, քիչ քանակով․ մրգերն օգտակար են, երբ չափավով ենք ուտում։

Картинки по запросу fruit gif

Եվ սեպտեմբերյան թեմայով․ շնորհավոր նոր ուսումնական տարի ու կարևոր հիշեցում ծնողներին՝ ձեր երեխաներին ամենավաղ տարիքից սովորեցրեք առողջ ու օգտակար սննդի։ Դպրոցում երեխաները հաճախ մնում են բուֆետային անառողջ սննդի հույսին՝ երշիկ-նրբերշիկով ու սպիտակ հացով բուտերբրոդներ, շերտավոր խմորից թխվածքներ, ձեթով տապակված կարկանդակներ։ Միշտ էլ հնարավոր է այս ամենը փոխարինել էլ ավելի առողջ ուտեստներով։ Իսկ եթե  պատրաստելու ժամանակ չունեք, Menu.am-ը միշտ պատրաստ է օգնել՝ թե՛ նախաճաշերի, թե՛ ճաշերի ու ընթրիքների մեծ տեսականիով, հիշեք նաև, որ  մեր մի շարք ռեստորաններ ունեն հատուկ մանկական մենյուներ։

Մինչ նոր, աշնանային հանդիպումներ։

Похожее изображение

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով