Համեցեք, հանվեք․ 18+ ռեստորաններ

Բարի գալուստ, համեցեք, հանվեք․սա յուրաքանչյուր հյուրընկալ տան ու հաստատության ողջույնի խոսքն է , հանվելու մասով՝ միայն ձմռանը: Սակայն,  պարզվում է, որ աշխարհում ռեստորաններ կան, որտեղ հանվելը պարտադիր է և ամբողջությամբ,  կամ՝ գրեթե: Մեկը մյուսի ետևից նման ռեստորաններ են  բացվում  խոշոր քաղաքաներում, մայրաքաղաքներում, դառնալով այսպես կոչված նուդիստական լողափերի տրամաբանական շարունակությունը կամ համալրումը:
Երբ Լոնդոնում մի քանի տարի առաջ նուդիստական ռեստորան  բացվեց, աշխարհում առաջինը.40 հազարից ավելի մարդ հերթ էր կանգնել: Այստեղ կարող են նաև հագուստով գալ, բայց կհայտնվեն սպիտակ ագռավի կարգավիճակում: Ասում են, որ այն մարդկանց  համար է, որոնք ուզում են  իրենց ազատ, մաքուր զգալ,ազատագրված՝ կապանքներից ու կաղապարներից: Ի դեպ, բնական վիճակում ռեստորանից օգտվելիս, մարդիկ հրաժարվում են  նաև բջջայիններից, էլեկտրականությունից: Մի խոսքով՝ վերադարձ ակունքներին կամ քարանձավներ:Ռեստորանում սնունդն էլ էկոլոգիապես մաքուր է, պատրաստված բաց կրակի վրա, առանց գազի ու հոսանքի, խմիչքներն էլ ՝ առանց կոնսերվանտների: Սպասքն անգամ ձեռքի աշխատանք է, բնական  նյութերից, կահավորանքը ևս, էլեկտրականի փոխարեն  մոմի լույս է: Այստեղ 4-5 ուտեստից բաղկացած ճաշի արժեքը 80-90 դոլարին համարժեք է:

Լոնդոնյան Bunyadi այցելողներին, ցանկության դեպքում,  հագուստին փոխարինող խալաթ են  տալիս, մատուցողները մերկ են, կրում են  միայն… թզի տերևներ: Սեղանները միմյանցից առանձնացված են միջնապատերով, որպեսզի հյուրերը չկաշկանդվեն  միմյանցից:
Մրցակից- ռեստորանատերերը սա ուղղակի սոցիալական փորձարկում են  համարում, դե իսկ ամենազոր ժամանակը ցույց կտա, թե ինչքանով պահանջարկված կմնան նուդիստական ռեստորանները:

Օրինակը վարակիչ է, և Ֆրանսիան ևս հետևում է նատուրալիստական նկրտումներին. Փարիզում, նուդիստների համար առաջին ռեստորանն է բացվել «Նատուրել» անվամբ: Այցելուները ոչ միայն հագուստն են հանում, այլև կողքի են դնում բոլոր գաջեթները: Նատուրալիստական ռեստորանի գաղափարը քաղաքային իշխանություններին էին հասցրել կանաչները:

Ճապոնիայում Nyotaimori   ռեստորանում այցելուները չեն  մերկանում, սակայն մերկ են  մատուցողները, նրանց հետ խոսել, առավել ևս նրանց հպվելը խստիվ արգելվում է: Ճապոնացիները այցելուներին թղթե ներքնաշորեր են  բաժանում, ինչպես նաև սահմանափակում անչափահասների ու տարեցների, ավելորդ քաշ ունեցողների մուտքը:Նուդիստական  ռեստորնները շատ են ԱՄՆ-ում,  իսկ այցելուները խոշոր ձեռնարկատերերն են:
Կանադայում,  օրինակ նման արարողակարգով երեք ժամ տևողությամբ ճաշի միջին արժեքը 500 դոլար է:Նուդիստական ռեստորաններից մեկում  մատուցողը նաև մատուցարան է. մերկ  պառկած մատուցողի մարմնին է շարվում  ուտելիքը և այցելուները … սնվում են:
Նուդիստական ռեստորատորները պնդում են, որ պետք  չէ իրենց շփոթել սվինգեր-ակումբների հետ: Մերկ լինելը դեռևս չի նշանակում գայթակղություն, վստահեցնում են, որ իրենց սրահներում բարեկիթ միջավայր է և անգամ գործնական հանդիպումներ են  լինում, քանի որ մարդիկ լիցքաթափվելու, թեթևանալու կարիք ունեն:
Ահա այսպիսի նորամուծություններ ռեստորանայաին բիզնեսում, որ միանշանակ չեն  ընդունվում քաղաքակիրթ աշխարհում: Իրականում, անցնում է առաջին  պահի ոգևորությունը և պարզվում է, որ պահանջարկը կտրուկ նվազել է: Մի քանի ամիսից մինչև  մի քանի տարի պահանջվեց,  որ բացվեն ու փակվեն նուդիստական ռեստորաններ:Մինչ աշխարհը կշարունակի իր խելահեղ փորձարկումները, մենք  հիշենք, որ ոչ նուդիստական, սակայն բնական մթերքներով հրաշալի ռեստորաններ ունենք, որտեղ կարող ենք վայելել հայկական ու աշխարհի խոհանոցների հրաշալի ուտեստներ: Ի վերջո մերկ հոգիների ապաստանը նուդիզմը չէ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով