Գլումովի եփածն ուրիշ է

Հայկական հեռուստաեթերում շատ են խոհարարական հաղորդաշարերը, ինչը նշանակում է, որ հեռուստադիտողին դրանք հետաքրքրում են: Ձևաչափերը տարբեր են, նպատակները մեկը՝ մեզ մատուցել նորություններ, նոր մոտեցումներ ու հմտություններ, որոնք առօրյա-կենցաղային ճաշ եփելուց այն կողմ խոհանոցը վերածում են ստեղծարար տիրույթի:

«Մամայի եփածն ուրիշ է». այսպես է կոչվում հայ հեռուստադիտողների սիրելի խոհարարական հաղորդաշարերից մեկը, որը կրկնակի սիրելի է դառնում հայտնի հաղորդավար Եգոր Գլումովի հետ: Հաղորդումը գործում է արդեն մոտ երկու տարի,  միջազգային ձևաչափով ծրագիր է։Կարող է թվալ, թե սա Եգոր Գլումովի խոհանոցային առաջին փորձարարությունն է, բայց՝ ոչ։ Տարիներ առաջ  Գոռը վարել է  ձկնային «Ձկան օրը» , որը հեղինակային էր, ձկնատեսակներով ուտեստներ էին պատրաստում՝ ոչ պակաս համեղ զրույցներին զուգահեռ:  Եվ հավանաբար նաև  հենց այս հաղորդման փորձն էր, որ օգնեց, վստահ է Գլումովը։ Երբ առաջարկեցին «Մամայի եփածն ուրիշ է» հաղորդումը վարել, չմերժեց։

«Էկրանից ներս խոհանոցին մոտ եմ, բայց եթերից դուրս, ցավոք, շատ ավելի հեռու եմ։ Տեսականորեն, կարծես թե, ամեն ինչ գիտեմ, բայց քանի որ  չափազանց ալարկոտ մարդ եմ, եթե տանը մենակ լինեմ և սեղանին ուտելիք դրված չլինի՝ գուցե անգամ չբացեմ սառնարանը։ Հետո էլ, կինս՝ Մարիամը, այնքան համեղ է պատրաստում, որ ես էլ կարիք չունեմ խոհանոցային հարցերին խառնվելու»,- անկեղծանում է Գոռն ու պատմում, որ, այնուամենայնիվ,  որոշ ուտեստներ նաև տանն է պատրաստում:«Պատրաստում եմ, ու երեխաներս էլ շատ են սիրում՝ ուզբեկական փլավ, դե հայ ավանդական խորոված-մորովածը չեմ հաշվում»,- ասում է Գլումովը, հիշելով, որ երեխաները նաև սիրում են, երբ հանգստյան օրերին իրենց համար հայրիկը ձվածեղ է պատրաստում՝ երշիկով կամ պանրով։ Բայց սովորաբար տան խոհանոցում «թանկ-թանկ» է լինում, քանի որ աշխատանքն ուշ է ավարտում, իսկ երբ  տուն  է գալիս, ամեն ինչ պատրաստ է լինում։

«Փոքրիկ «խոհանոցային ծիլեր» կան, որ կարողանում եմ իմի բերել, բայց միայն տեսականորեն, խոհանոցին հրաշալի տիրապետում եմ, որովհետև համեղ սնվել շատ եմ սիրում։ Բայց ցավոք, օրական նորմալ երևի թե մեկ անգամ եմ սնվում, այն էլ երբ  ուշ տուն եմ վերադառնում»,-սեփական առօրյայի խոհանոցով կիսվում է սիրված հաղորդավարը։Գլումովը խոսում է նաև սեփական գաստրո-նախասիրություններից. «Ուտեստներից նախընտրում եմ, ինչպես ասում են, միսը՝ մսով։ Նաև շատ եմ սիրում իտալական խոհանոց՝ պիցցաներ, պաստաներ՝ սթեյքերով։ Փորձում եմ հասկանալ նաև բուսակերներին, բայց չի ստացվում, շատ մսակեր եմ։ Բանջարեղենից կարծես թե ամեն ինչ սիրում եմ, բացի կանաչ դդմիկից, կանաչ լոբուց,  բադրիջանը՝ խորոված ու խավիարի տեսքով։ Ապուրների մեծ սիրահար չեմ, բայց բորշչից ու սպասից չեմ հրաժարվի»։

Հիմա, երբ վարում է  «Մամայի եփածն ուրիշ է»-ն, դրսում սնվելիս  ավելի ուշադիր է, որովհետև մտքում անընդհատ հիշում է, թե ինչ խորհուրդներ են տվել հաղորդման պրոֆեսիոնալ խոհարարները, և սկսում  համեմատականներ անցկացնել՝ նրանց ասածի ու իրեն մատուցված ուտեստի մեջ։ Բացի դրանից, խոհանոցն արդեն ներսից գիտի։ «Երբ կինը տանը պատրաստում է, այդ ամենը կարծես  չես տեսնում ու վայելողի դիրքերից ես առնչվում ուտեստներին։ Իսկ հիմա տեսնում ես  ամբողջ ընթացքն ու մոտավորապես պատկերացնում՝ ինչպես է «ծնվել» այս կամ այն ուտեստը՝ ինչ հերթականությամբ են խառնել բաղադրիչները, ինչ համեմունքներ են անցել ու քանի փուլով են պատրաստել»։Հաղորդավարը նշում է՝ եթե ունենար փոքրիկ ռեստորան բացելու հնարավորություն, մեծ սիրով կօգտվեր դրանից։ Այն, հավանաբար, կլիներ միջերկրածովյան խոհանոցով։

Եգոր Գլումովը նաև կանանց դերին է անդրադառնում՝ հանրային սննդի վայրերում և հռետորական հարց հնչեցնում․ «Ես չգիտեմ՝ մեր երկրում ունե՞նք կին շեֆ- խոհարար։ Առհասարակ, աշխարհում ևս  նման միտում կա, որ շեֆ խոհարարները սովորաբար տղամարդիկ են։ Սա գուցե կարծրատիպ է՝ չգիտեմ, բայց  օրինակ հենց նույն տղամարդ շեֆ-խոհարարները, երբ գնում են տուն, իրենց  կանանց պատրաստածն են վայելում։ Ինչպես խոհարար Սեդրակ Մամուլյանն ասաց մի առիթով. «Ես ինչքան էլ լավ պատրաստեմ, մեկ է, կնոջս պատրաստած տոլմայի պես տոլմա չեմ կարող պատրաստել»։Կա այսպիսի մի տարածված ընկալում՝ տան պայմաններում կանայք հավանաբար ավելի համեղ են պատրաստում,  տնից դուրս՝ տղամարդու պատրաստածը ևս համեղ է։ Սրա մեջ ճշմարտության հագեցնող հատիկ ու քիմք շոյող չափաբաժին կա, բայց իրական է նաև այն, որ համեղ է այն ամենն,  ինչ սիրով ու հոգով է պատրաստվում,  համերի ու բաղադրիչների ներդաշնակ  համադրությամբ: Եվ եթե մի օր Եգոր Գլումովը որոշի ծուլանալ ու հանգստյան օրերին համեղ մի բան չպատրաստել, կամ եթե Գոռի հրաշալի պատրաստող կինը՝ Մարիամը փորձի ավել ժամանակ շահել, մենք՝ Menu.am-ի առաքման ծառայությամբ միշտ մեր սիրելի հաղորդավարի կողքին ենք։

Սնվեք զանազան ու զարմանազան, իսկ մենք  կշարունակենք պատմել հայ հայտնիների գաստրոնոմիկ նախասիրությունների մասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով