Երբ համադրվում է անհամադրելին

Նստած հաց ու սոխ ուտելիս տեսնես մեզնից քանի՞սն են  մտածել ավանդական  համադրությունը խախտելու մասին.  Հացն,  իհարկե, հաշվից դուրս է, քանի որ մենք հայերով հացը գործնականում  կարող ենք ամեն ինչի հետ ուտել, անգամ  հացը՝ հացով: Կարող ենք ոչ միայն ուտել, այլ անգամ քամել՝ քարից:  Իսկ այ, ինչի հետ մեկ էլ կուտվեր սոխը, չեք հավատա: Պարզվում է, որ… մեղրի:  Փորձե՞լ եք, մենք էլ՝ ոչ: Այս անգամ ձեզ ուզում ենք պատմել հետաքրքիր ու արտասովոր սննդային համադրությունների մասին, որոնք խորհուրդ են տալիս անգամ պրոֆեսիոնալ խոհարարները:
Իրականաում, ամեն ինչ այդքան սարսափելի չէ,  ինչքան թվում է, ճիշտ՝ սատանայի պես: Եվ երբ սատանան ձեզ դրդում է, օրինակ, պաղպաղակի հետ կարտոֆիլ փորձել կամ էլ՝ շոկոլադ ձկան հետ, մի շտապեք ճնշում կամ  տաքություն չափել: Աշխարհն այսօր գնում է անհամադրելին համադրելի դարձնելու ճանապարհով և խոհանոցն էլ բացառություն չէ:
Եվ այսպես,  ի՞նչ մթերքներ կան, որոնց անհավանական թվացող համադրությունը լավ էլ ուտվող է: Քրքրենք այլոց վիրտուալ սառնարանները և համոզվենք, որ «ինչպես ուռին ու բարդին» տարբերակով շատ մթերքներ լավ էլ մի դարդի են:
Եվ այսպես՝ շոկոլադը ձկան  հետ փորձելու ցանկությունը հետաձգեք, բայց հանգիստ կարող եք սպիտակ շոկոլադի սալիկով սև խավիար փորձել: Բրիտանացի… գիտնականները չէ,  խոհարար Հեսթոն Բլյումենտալն այս տարբերակով  փորձել է մեղմել շոկոլադի քաղցրությունը մի քիչ աղով, և հենց այս համադրությունն է մտքին եկել ու հաջողել: Ձկան  սև խավիար՝ շոկոլադի սպիտակ սալիկի վրա և ուրիշ ոչինչ, բարի ախորժակ, թե կարող եք:

Քանի ձեռքի տակ  շոկոլադ ունենք, եկեք մսով էլ փորձենք. մեքսիկացիները «մոլե» կոչվող մի համովիկ ունեն, որտեղ գլխավոր դերերում միսը,  շոկոլադն ու սխտորն են, մի քանի դարի պատմություն ունի այս կերակուրը, այնպես որ ապավինենք մեքսիակացիների մտքին ու խոհանոցին: Կավե ամանի մեջ մի քանի տեսակի միս է լցվում, վրան՝ շոկոլադ, ցանկալի է սև, հետո՝ գետնանուշ ու քունջութ, համեմունքներ՝ ըստ ճաշակի, իսկ եթե համային  հրավառություն եք ուզում,  սխտորն էլ չմոռանաք: Ահա այսպիսի բաներ: Էլ ինչի՞  հետ կարելի է շոկոլադը վայելել, սուրճ,  կոնյակ, մրգեր՝ հասկացանք, այսօր մենք ոչ ավանդական  խոհանոցում ենք և առաջարկում ենք այն փորձել սոյայի սոուսով: Ամենայն լրջությամբ. ասում են, որ սոուսի աղի համն ընդգծում է շոկոլադի նրբահամ քաղցրությունը: Կարելի է հենց սալիկը թաթախել սոյայի մեջ,կամ սոուսով ցողել շոկոլադե աղանդերը:
Շոկոլադի հետ մի առաջարկ էլ ներկայացնենք ու անցնենք մեր մյուս  դարակներով: Քանի փորձարկումների դաշտում եք, բազուկը չմոռանաք:

Պարզվում է՝  երկուսն էլ ընդհանուր մի նյութ ունեն՝  պիրազինը, որն էլ հենց լավ համադրություն է ստեղծում: Փորձեք՝ բազուկով աղցանի վրա շաղ տալ քերած շոկոլադ ու վայելել նոր համային միասնությունը:

Սոուսների ընտանիքից սև շոկոլադի հետ լավ է նաև կետչուպը, ամենայն  լրջությամբ:
Եվ մեկ այլ միության մասին. առանձին-առանձին երևի թե բոլորն են շատ սիրում կարտոֆիլի ֆրի և… նուտելլա շոկոլադային աղանդերը: Դե հիմա կենտրոնացեք ու փորձեք ֆրին՝ նուտելլայով: Փորձառու աղբյուրներն ասում են՝ հաջողված նորամուծություն է: Մենք հուշում ենք, սակայն  չենք պարտադրում, բայց կարծում ենք, որ այ այս համադրությունը հաստատ հետաքրքիր կլինի:

Մսի հետ քաղցրի համադրության օրինակները շատ են,  մեղրով համեմված մսային շատ ուտեստներ են  հայտնի տարբեր ազգերի խոհանոցներում: Փորձեք  նաև տապակված կամ  խորոված միսը՝ թթվաշ հատապտուղների ջեմերի հետ, կարծում եմ՝  կհավանեք:Մեղրի մասին խոսելիս հիշեցի վաղ մանկությունից ամրագրված մի սննդային «չի կարելի». մեղրը սեխի հետ: Այն իսկապես թունավոր միացություն է, ասում են: Իսկ այս երկուսի համար համեղ համադրություն կա՝ տարբեր մթերքների հետ: Սեխը փորձեք ապուխտի հետ, խորհուրդ են տալիս աստղային  խոհարարներն՝ Իտալիայից:

Իսկ մեղրը հաճույքով ավելացրեք տապակած բադրջանի վրա: Արևաշող Անդալուզիայում սա սիրված համովիկներից է, գուցե մենք էլ սիրենք այս համարձակ  միությունը:
Եվ քանի որ շաքարը վնասակար է առողջությանը, խոսքս ավարտեմ ելակով: Մեր շուկաները ողողված են  համով- հոտով ելակով, որ շատ օգտակար է: Փորձենք այն վայելել…վարունգի հետ, կամ էլ պարմեզան  պանրի: Ասում են՝ հաջողությունը երաշխավորված է: Ի դեպ, նման միացություն արդեն իսկ օգտագործում են Հայաստանում. կան  ռեստորաններ, որոնք նմանօրինակ աղցաններ ունեն:
Հիշենք, որ ավանդույթների խախտման  կամ ընդլայնման լավագույն վայրը խոհանոցն է: Եվ ուրեմն, ի գո՛րծ ու ի փո՛րձ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով