Շատ մի կեր, մեռնել կա

Յուրաքանչյուր մարդու խորքում մի չարաճճի գուրման է ապրում, որ ուրախության իմպուլսներ է հեռարձակում ամեն անգամ, երբ համեղ ուտելիքներ է փորձում:

Այո, մարդկային կյանքի պարզ ուրախություններից ու հաճույքներից մեկն էլ համեղ ուտելն է: Ընդ որում այնպիսի հաճույք, որ, հաճախ մյուսների բացակայության պայմաններում, փորձում է նաև դրանց տեղը զբաղեցնել,  ցավոք՝ կրկին ստամոքսում: Այդպես է լինում, երբ մենք լարվածությունից, ջղայնությունից, անգամ մենակությունից  մեզ պաշտպանելու համար ստամոքս ենք ուղարկում համովիկների մեծապատիվ բաժիններ: Թե ինչ է լինում դրանից հետո, վկայում են տան անկյուններում ծվարած կշեռքները:Պարզվում է, որ դա դեռ ամենավատը չէ: Ավելորդ կիլոգրամներից, կլանվող ավելորդ կալորիաներից կարելի է ազատվել լուրջ ցանկության դեպքում, իսկ այ, սիրելի մթերքների,  ըմպելիքների չափեր կան, որոնց ընդունումն ուղղակի մահացու կարող է լինել մարդու համար: Ստացվում է, որ այն ինչ ուրախություն ու հաճույք է պատճառում մարդուն,  կարող է և սպանել նրան չափն անցնելու դեպքում: Բրիտանացի, թե այլ գիտնականներ,  չեն զլացել և իրական, թե աչքաչափով չափել, ստուգել են, թե առօրյա սիրելի մթերքներից որը ինչ չափի մեջ է մահացու՝ միանգամյա ընդունման դեպքում: Հաշվարկը կատարված է միջին վիճակագրական տղամարդու համար, որի քաշն ութսուն կգ է:Եվ այսպես, հանգիստ նստած տեղներս, արձանագրենք, որ անգիր գիտենք ջուր խմելու նշանակության,  օրական երկու լիտրի պարտադիր լինելու մասին: Իսկ եթե մարդը որոշի վեց և ավելի լիտր ջուր խմել միանգամից, ապա երիկամները չեն հասցնի հաղթահարել ջրհեղեղն ու հերոսը կարող է վաղաժամ միանալ հեռավոր նախնիներին:Կամ մեր սիրելի սուրճը, որ հաճախ առավոտյան հրաշքներ է գործում, մի սահման հատելուց հետո ևս մահացու է դառնում: Բարեբախտաբար, խոսքը, հինգ, տասը և անգամ քսան բաժակի մասին  չէ, այլ՝ 113 բաժակի՝ 250 մլ-անոց, որի համար արդեն  իսկ երեսուն լիտր ջուր կօգտագործվի ու հենց ջուրն է արդեն սպառնում կյանքին, իսկ սուրճի պարագայում մահացու է կոֆեինի 15 գրամը: Մի խոսքով, գործնականում մեր սիրելի սուրճը մեզ չի սպանի առօրյայում:Էլ ինչ սուրճ, առանց համեղ շոկոլադի: Հանգիստ վայելեք, այս դեպքում վտանգավոր սահմանաչափը տասը կգ-ն է, որ ինչ ասես կբերի մարդու գլխին, բարեբախտաբար, մարդկային ստամոքսն ուղղակի դա թույլ չի տա:

Մի թաս բան խմելու սիրահար տղամարդիկ, եթե հանկարծ այնքան ոգևորվեն, որ մեկ ժամվա ընթացքում 40 աստիճանի թնդության մեկ լիտրից ավելի ալկոհոլ ընդունեն, շատ արագ կհայտնվեն դժոխքուդրախտի խաչմերուկում: Այնպես որ,խորհուրդ չենք տալիս քեֆերին շատ խմելով գլուխ գովելու մարաթոններ կազմակերպել՝ հատկապես եթե տնական օղի եք խմում։Վտանգավոր սովորույթներից, ինչքան էլ ծխախոտն աչքի փուշ լինի, միանգամյա մահացուն 75 գլանակից է: Իրականում, մեր տղամարդիկ ժամանակ առ ժամանակ մոտենում են այս սահմանագծին՝ օրվա մեջ, ասենք, երեք տուփ ծխելով։ Բայց բախտները բերում է, այդ երեք տուփը միանգամից չեն ծխում։ Ոնց պտտվում ենք՝ ծխելն, ամեն դեպքում, վնասակար է։Իսկ, պարզվում է, մեր սիրելի մրգերը շատ ավելի լուրջ ներքին վտանգներ ունեն մեզ համար պահած: Եթե մարդը միանգամից 18 խնձոր ուտի, չի մեռնի, բայց եթե միանգամից այդ 18-ի սերմերն ուտի՝ մանրամասն ծամելով, կարող է և մեռնել, որովհետև… սերմերի մեջ ցիանիդ կա: Նույնը՝ բալի, կեռասի, ծիրանի ու նշի՝ դառը կորիզների դեպքում:Շտապենք հանգստացնել հարգարժան գուրմաններին, որ բանանի ու նարնջի դեպքում խրախճանքը կարելի է շարունակել հարյուրներով, իհարկե, տեսականորեն, որովհետև, ինչպես հիշում ենք, մեր ստամոքսը միակն է ու անկրկնելին և, բարեբախտաբար, այնքան էլ առաձգական չէ:Եվ օրվա թեման համեմենք աղ ու պղպեղով. աղի մահացուն միանգամյա  250 գրամն է, կծու պղպեղինը՝ 8 թեյի գդալը:
Առակս զինչ ցուցանե՝ չափավորությունը պիտանի որակ է, տեղավորվենք ու հանգիստ ապրենք, վայելենք կյանքն իր համեղ ուրախություններով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով