Կծու փաստեր պղպեղի մասին

Սկսենք ամենաշոկային փաստից՝ կծու պղպեղ ուտելուց առաջացած քիմքի կրակը մարելու համար ջուր խմելը սխալ է։ Մենք ևս շոկի մեջ ենք, ինչ խոսք, քանի որ նոր ենք պարզել, որ կծվությունն ամենաարագը մեղմում է կաթը։ Ու սովորաբար «կծվակեր» երկրների ռեստորաններում, առանձնահատուկ կծու ուտեստների կողքին ջրի հետ միասին նաև կաթ են դնում։ Այ այսպիսի հետաքրքիր բաներ։

Առհասարակ, պարզվում է, որ մենք շատ քիչ բան գիտենք մեր սիրելի պղպեղի մասին։ Թվում է՝ դրա տարատեսակներն ամեն օր կիրառում ենք՝ և կծուն, և քաղցրը, բայց երբ սկսում ես ավելի հիմնային ուսումնասիրել, հասկանում ես, որ գրեթե ոչինչ չգիտես։

Պղպեղն աղի հետ միասին սեղանի զարդն են, և այս երկու զարդերը, չնայած շատ օգտագործվելուն, անտեսվում են մարդկության կողմից ու հավուր պատշաճի չեն ներկայացվում։ Այսօր ձեզ կպատմենք պղպեղի մասին, իսկ հետագայում նաև աղին կանդրադառնանք, այն ևս շատ գաղտնիքներ է պարունակում։

Եկեք սկսենք հիմքերից։ Պղպեղը մեզ համար բացահայտել են ացտեկներն ու մայաները։ Կծու պտուղներն օգտագործել են աղի փոխարեն՝ ուտեստին համուհոտ տալու համար,  այդ ժամանակներում աղ գրեթե չէին օգտագործում, որովհետև լավ ծանոթ չէին նրա հետ։ Այսպիսով, կծու պղպեղը համեմունք էր, քաղցրը՝ բանջարեղեն։ Նրանք անգամ հատուկ պղպեղի աստված ունեին՝ Չանտիկոն, որը կրակի աստծո կինն էր․ համաձայնվեք, որ շատ սրամիտ են գտնվել։

Ի դեպ, ևս մեկ շոկային  տեղեկատվություն․ պղպեղը միշտ չէ, որ կծու է եղել։ Կծվությունը էվոլյուցիայի արդյունք է (բարևներ Դարվինին)։ Այն, ավելի շատ, պաշտպանական մեխանիզմ է, որովհետև կծու լինելով բույսը վանում է կենդանիներին ու գրավում թռչուններին, որոնց վրա, ի դեպ, կծվությունը չի ազդում։ Թռչնազգիների մարմնի միջով անցնելիս պղպեղի հատիկներն առանձնապես չեն վնասվում ու հետագայում էլի ապրում են, իսկ կենդանիները անխղճորեն ծամծմում են նրանց։

Պղպեղի ամենակծու տեսակներն անվանում են «չիլի պղպեղ», այն հենց ացտեկերեն է, «չիլի» նշանակում է «կարմիր»։ Բայց այն, բացի շատ կծու լինելուց, իսկապես օգտակար է։ Պարունակում է  A, C,B խմբի վիտամիններ, երկաթի մեծ քանակություն։ Կանաչ պղպեղի մեջ, որը նույն բույսի չհասունացած տարբերակն է, օգտակար տարրերը նկատելիորեն ավելի քիչ են։ Սակայն աշխարհի ամենա-ամենա կծու պղպեղն այլ անուն ունի, դա  Խաբաներոն է։

Շատերը գլուխ են գովում կծվակերությամբ։ Ասում են, որ առանց աչք թարթելու կարող են մի քանի չիլի կուլ տալ։ Բայց նույնիսկ այսպիսի խիզախ մարդիկ չեն կարող հաղթահարել ամենակծու պղպեղները։ Տեսակներ կան, որոնց անգամ ձեռք տալը կարող է վնասել ու այրել մաշկը։ Դրանցից մի փոքրիկ պտղունց օգտագործելու համար խոհարարները հատուկ ձեռնոցներով են աշխատում։

Պղպեղի կծու տեսակներից պատրաստում են թուրմեր՝ ախորժակը բարելավելու համար, այն իսկապես օգնում է։ Դե, դա մենք էլ գիտենք, չմոռանանք մեր խոհանոցի շատ սիրելի «պերեց» անունը կրող ուտելիքը, այն ցանկացած անհամ ուտեստ դարձնում է գլուխգործոց։

Առհասարակ, կծուն օգտակար է։ Կիրառում են քաղցկեղի դեմ պայքարում, աղիքաստամոքսային մի շարք խնդիրների ժամանակ։

Եվ վերջապես, ամենակարևորը․ ինչո՞ւ են մարդիկ սիրում կծու պղպեղ ուտել, չէ՞ որ այն, ինքն իրենով, այնքան էլ հաճելի զգացողություն չի պարգևում։ Այրում է, խեղդում է, արցունքոտում է աչքերը և այլն։

Գիտնականներն այս հարցի պատասխանն արդեն ունեն․ երբ մեր օրգանիզմը կծու ուտելիք է ստանում, ուղեղն ի պատասխան արյան մեջ մի բուռ էնդորֆին է ուղարկում, և հենց դրա համար կծու ուտելիք հաղթահարելուց հետո մենք մեզ հերոս զգալուց բացի նաև ուրախ ենք զգում։ Կարող եք փորձել ու տխուր ժամանակ ինչ-որ կծու բան ուտել։ Հետո ձեզ ավելի ուրախ կզգաք։ Կամ գոնե կհասկանաք, որ խնդիրները ոչինչ են՝ համեմատած անտանելի այրոցի հետ։

Մաղթում ենք ձեզ համեղ ուտեստներ, որոնք, ի դեպ, կարող եք պատվիրել մեզնից, ու նոր բացահայտումներ՝ պղպեղների աշխարհում։

Մինչ նոր բլոգային հանդիպում։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով