Կանեփի բազմահամ երանգները

Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կանցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին:
Հիշո՞ւմ եք մեր տաղանդավոր վաղամեռիկ բանաստեղծի գեղեցիկ տողերը, որ այնքան պատկերավոր են հոգեվիճակ նկարագրում: Մեծարենցյան ժամանակներից հարյուր և ավելի տարիներ են անցել և մեր ժամանակներում հաշիշով ոչ միայն գիշերներ ու ցերեկներ են օծվում այլև՝ ուտելիք:
Image result for weed and food
Այո, այո, երկրներ կան, որտեղ հաշիշն օրինականացված է և հանրային վայրերում այն օգտագործելու հնարավորությանը զուգահեռ, մարդիկ կարող են նաև մարիխուանայով ուտեստներ փորձել՝ քաղցրավենիքից մինչև աղցաններ ու ապուրներ: Եվ քանի որ մեր բլոգն այնտեղ է, որտեղ սնունդը, ուտելիք լինելուց զատ, նաև հետաքրքիր, զարմանալի կամ անգամ զայրանալի տեղեկատվության աղբյուր է։ Ուրեմն, բարի գալուստ կանաչ-կակաչ-կանեփով ուտելիքների համատիրություն:
Բայց մինչ այդ, ևս մի պատմական վերհուշ. Իրականում, մեզնից էլ հեռու չի եղել սննդի մեջ օրինակ, կակաչի օգտագործումը: Ավագ սերնդից ինձ պատառիկներ են հասել, որ մեր նախատատերն իրենց երեխաներին խաշխաշի ջուր են տվել։ Չէ՜, ուրիշ բան չմտածեք՝ ուղղակի, որ նրանք հանգիստ քնեն: Կամ տոնական բաղարջի, կաթնահունցի երեսը խաշխաշի հատիկներով են զարդարել, դրանով բուլկի ու կարկանդակ թխել:
Ի դեպ, այդ խաշխաշակերության համար անձամբ իմ նախատատը քիչ է մնացել ռուսական ՕՄՈՆ-ի զոհը դառնա. Արցախի իր այգում տարատեսակ բերք ու բարիք աճեցնելով, սխտորի մարգերի մեջ պարտադիր խաշխաշ էլ էր ցանում նախաբաբոս և ամռանը սիրուն կակաչները մեր այգուն մի ուրիշ հմայք էին հաղորդում: Սակայն, մեղուներից բացի, դրանք գրավեցին նաև շարժման տարիներին Արցախ հասած ՕՄՈՆ-ականներին:
Պատմում են, որ նրանք զորք ու զրահով հասել են պապիկիս տուն՝ մտածելով, որ թմրանյութերի մի մեծ օջախ են վնասազերծելու, էն էլ նախատատս էնպես է նրանց բացատրել որը որից հետո է, որ ընդամենը բարիշել են էնտեղ, որ արմատախիլ անեն կակաչները և տատական թխուկներն այսուհետ խաշխաշազերծ մնան:
Հին ժողովուրդների մոտ, ի դեպ, շատ տարածված են եղել կանեփով շիլաները, որ հագեցրել քաղցը, էներգիա տվել ու պահպանել հիվանդություններից: Կանեփով կաթը ևս այդ շարքից է, իսկ յուղը միշտ ամենշատ օգտագործվող մթերքների ցանկում է եղել:
Արցախից հասնենք Եվրոպա. Պարզվում է, ԵՄ օրենսդրությամբ, կանեփ պարունակող ուտելիքները թույլատրված են, դրանք պատրաստվոււմ են կանեփի գյուղատնտեսական օրինավոր մշակվող տեսակներից, որոնք թմրանյութի թույլատրելի քանակ են պարունակում:
Սերմերից յուղեր, պրոտեին են ստանում, դրանք օգտագործում նաև ամբողջական տարբերակով, դե իսկ բույսն էլ ՝ թեյերի, մզվածքների և կոսմետիկ միջոցների համար է լավ հումք: Բոլոր այդ արտադրանքները ակտիվ ազդեցություն չեն ունենում մարդու հոգեկան վիճակին:
Ավելին, կանեփն ակտիվ կիրառվում է առողջ սննդի արտադրության մեջ. բազմաթիվ ու բազմազան քացրավենիքներ են արտադրվում կանեփով՝ առանց գլյուտենի ու արհեստական հավելանյութերի:
Օրինակ, հայտնի են կանեփի պրոտեինային սալիկները՝ մրգերով, կանեփով շոկոլադները: Հատուկ հում՝ կանեփից սալիկներ կան նաև բուսակերների համար:
Image result for weed candy
Պրահայում շատ տարածված է բելգիական շոկոլադը՝ կանեփի սերմերով. ասում են, որ այն մարդու մարմնին ու հոգուն ուժ է տալիս, բարձրացնում տրամադրությունը:
Կամ տարածված են խնձորի հյութերը՝ կանեփի մզվածքով. խնձորը մարդուն վիտամին է տալիս, կանեփն էլ՝ ամրացնում իմունիտետը: Կանեփային աղանդերների շարքում շատ են նաև մեղրի ու կանեփի համադրությամբ արտադրանքները: Շատ տարածված է մեղրով ու կանեփով հինավուրց ալկոհոլային խմիչքը, որը հանում է մրսածությունն ու կարգի բերում ստամոքսաաղիքային տրակտը: Կամ տարատեսակ թխվածքաբլիթները, որոնք կանեփի սերմեր կամ ալյուր են պարունակում և մատուցվում են սուրճի ու թեյի հետ:
Ինչպես տեսնում եք, աշխարհի խոհանոցը ոչ միայն բազմազան է, այլ նաև․․․շատ ուրախ։ Փորձե՞լ եք վերոնշյալ ուտեստներից, ի՞նչ կասեք դրանց մասին։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով