Գասպաչո-գաստրոհաճույք

Մենք՝ հայերս, ամեն ինչը տաք ենք սիրում՝ որոշում կայացնելուց մինչ ուտելիք, սուրճ ու թեյ: Եվ անգամ մեր ջերմ նախապատվության  ժողովրդական ձևակերպումն էլ ունենք՝ երկաթը տաք-տաք է պետք ծեծել:

Մենք այսպիսին ենք, սակայն մեր լայն սրտում ու հոգում երբեմն նաև սառն իրողությունների ու երևույթների համար ենք  տեղ գտնում: Ի վերջո, ամեն սառը բան  չէ, որ վատն է ու վանող է: Քանի որ խոհանոցը միշտ տան ամենատաքուկ տեղն է, հենց այնտեղ էլ գտնենք  հաճելի սառնություն: Ամռանը դեռ շատ կա,  բայց,  օրինակ, սառը ապուր գասպաչոն այնպիսի մի երևույթ է, որ արժե իրեն տիրապետել մանրամասն, շոգերին արդեն  վարպետ կատարող ներկայանալու համար

Մենք որ տաքարյուն ենք, գիտենք,  բայց իսպանացիները մեզնից պակաս չեն, իսկ որոշ ուտեստների թնդությամբ անգամ  գերազանցում են: Գասպաչոն  հենց նրանցն է:

Գասպաչոն իսպանական խոհանոցի սառն ապուր է, որը պատրաստվում է թարմ բանջարեղենից.  հիմքում լոլիկն է: Հեշտ  ու արագ․ ձիթապտղի յուղ, սխտոր, վարունգ, քաղցր պղպեղ, գլուխ սոխ, քացախ կամ կիտրոնի հյութ, կերակրի աղ: Մատուցվում է չորահացի և համեմունքների հետ: Հետաքրքիր է, որ աշխարհի տարբեր ազգերի խոհանոցների լավագույն ուտեստները ստեղծվել են այսպես կոչված մնացորդներից: Աշխարհ նվաճած պիցցան  լավագույն օրինակն է, գասպաչոն էլ պակաս չի:

«Գասպաչո» բառի ծագման մի քանի տարբերակներ կան. Ասում են, որ մինչ XV դարը Ալ-Անդալուսը բնակեցված է եղել հիմնականում արաբներով, մոսարաբներով և հրեաներով, և «գասպաչո» անվանումը հենց նրանց է պատկանում։

Մյուս աղբյուրներն էլ հուշում են, որ ապուրի անվանումը առաջացել է մոսարաբական «caspa» բառից, նշանակում է «մնացորդներ», քանի որ տվյալ ժամանակահատվածում այս ապուրը պատրաստում էին ոչ թե մեր օրերի նման հատուկ ընտրված մթերքներով, այլ  եղած ուտեստներ մնացորդներով:

Մեկ ուրիշ տարբերակ ևս կա․եբրայերեն «gazaz» բառն են համարում անվան հիմք, որը նշանակում է «մասերի բաժանված» կամ «հարված»։

Հաճախ կիրառվող «գասպաչչո» անվանումը սխալ է, քանի որ կրկնակ «չ»-ն  իտալական կիրառություն է, իսկ գասպաչոն ծագել է Իսպանիայում և Պորտուգալիայում (պորտուգալերեն գասպաշու՝ gaspacho): Հետո էլ, հայերենը կրկնվող տառեր այդքան էլ չի սիրում։ Այնպես որ, գրում ենք «գասպաչո» և ընտրում անվան բացատրության այն տարբերակը, որն ավելի հոգեհարազատ է։

Գասպաչոն բավականին «տարեց» ուտեստ է։ Մեր թվարկության սկզբին Անդալուզիայում հասարակ մարդիկ հաճախ պատրաստել են ուտեստ, որի ժամանակ ջուրը խառնում էին քացախի, սև հացի, ձեթի և սխտորի հետ․ մեր գասպաչոյի նախահայրն է: Այս ուտեստը բավականին տարածված էր, այդ իսկ պատճառով հողագործական աշխատանքների ժամանակ ընտրվում էր gazpachero` մարդ, ով պատրաստում էր գասպաչո: Նախկինում միայն աղքատների համար նախատեսված ուտեստը շատ հայտնի է ոչ միայն Իսպանիայում, այլ նաև Պորտուգալիայում:

Գասպաչոն հեշտ է պատրաստվում։ Նախօրոք եփված, կեղևազրկված լոլիկները և վարունգները կտրատում են: Այնուհետ լցնում են խորը ափսեի մեջ, ավելացնում են սպիտակ չորահացի մանր կտորներ, հետո նաև քաղցր պղպեղ և սխտոր: Խառնուրդը համեմվում է աղով, ավելացվում՝ ուրց: Խառնուրդը եփում են 70 աստիճան ջերմաստիճան կրակի վրա: Այնուհետև ավելացվում է տաբասկո սոուս, կիտրոնի հյութ և մի փոքր քացախ: Վերջում ավելացնում են նաև քացախ: Մատուցվում է սառը վիճակում՝ խրթխրթան չորահացերով:

Այս ապուրը հետաքրքիր ազդեցություն ունի օրգանիզմի վրա. տաք եղանակին այն թարմացնում  և հագեցնում է ոչ միայն քաղցը, այլև ծարավը, ստամոքսը չի ծանրաբեռնում,  էներգիա է տալիս:

Հետաքրքիր է, որ նախքան Ամերիկայի հայտնաբերումը եւ լոլիկի հայտնվելը Եվրոպայում, գասպաչոն պատրաստվում էր ձիթապտղի յուղից, քացախից, հացից եւ սխտորից: Հետո արդեն  լոլիկը դարձավ ապուրի գլխավոր դերակատարը:

Կարմիր գասպաչոն պատրաստվում է լոլիկից եւ կարմիր պղպեղից։ Հայաստանում հիմնականում տարածված է կարմիր գասպաչոն, բայց այն նաև կանաչ երանգավորում է ունենում։ Կանաչ գույնի համար գասպաչոն պատաստում են վարունգով, դեղաբույսերով ու կանաչ բանջարեղենով, գազարով, սեխով, դեղին պղպեղով եւ լոլիկով: Ապուրը սովորաբար ներառում է նաև հում կամ եփած բանջարեղեն, թանձր բանջարեղենային հյութեր, միս, ձուկ, ձու եւ պանիր: Ապուրը կարող է լինել կոկտեյլի տեսքով, կա նաև ալկոհոլով տարբերակ, որն ավելի շատ ոչ թե ապուր է, այլ՝ կոկտեյլ։ Երբեմն գասպաչոն նաև աղցանի տեսք է ստանում՝ երբ նրա մեջ բանջարեղենի ու ծովամթերքի «խիտ» քանակություն են ավելացնում: Դե իսկ համեղ աղանդեր գասպաչոն պտուղներով  ու հատապտուղներով է՝ քաղցր և օգտակար:

Image result for gazpacho dessert

Այսքանը կարդալուց հետո իհարկե առաջին ցանկությունն է հասնել Իսպանիա և տեղում համտեսել այս հրաշալի ապուրը: Սակայն մինչ Մադրիդ հասնելն առաջարկում ենք փորձել նույն իսպանական գասպաչոյի տեսականին՝ երևանյան լավագույն ռեստորաններից՝ հենց ձեր տանը, ուղղակի սեղմելով այստեղ ու պատվիրելով, վստահ եմ, չեք հիասթափվի և լիարժեք կվայելեք Երևանի  իսպանական համեղությունը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով