Ռամը բոլորիս օգնական՝ խոհանոցում

Հնդկական սերիալները շարունակում են գերել հայերի սրտերը, և անգամ  սկսել ենք զարմանալ․ ինչպե՞ս են մեր հարևանները, տատիկները այսքան տարի ապրել՝ առանց հնդկական սերիալներ նայելու։  Չնայած, սերիալների բացը լրացրել են հնդկական ֆիլմերը՝ նույնիսկ մեր կյանքում։ Ջիմին, Զիտա-Գիտան․․․դե լավ, լավ, էլ մի ձևացրեք, թե չեք դիտել այս ֆիլմերը։ Բոլորս էլ նայել ենք, մեր կուբրիկների, ֆոնթրիերների, լինչերի ետևի մութ ու ցուրտ դարակում ապրում է Танцор диско-յի ֆիլմային դիակը։

Այս ֆիլմերը պոպուլյար էին հատկապես մեր ծնողների՝ ավելի երիտասարդ տարիներին։ Դրանք, իներցիայի ուժով, փոխանցվեցին նաև մեզ, ինչ-որ չափով։ Փուլ էր, անցավ-գնաց։ Բայց ոչ մեկը չէր սպասում, որ տասնյակ տարիներ անց Հայաստանը Հնդկական օվկիանոսի ալիքներից ավելի հուժկու՝ սերիալային ալիքով  կպատվի։

Եթե անկեղծ՝ որակյալ ֆիլմ ու սերիալ սիրողներին դրանցով առանձնապես չես զարմացնի։ Սցենարը պրիմիտիվ է, դերասանները որքան ուժ ունեն՝ վատ են խաղում, չնայած խաղալու բան էլ չկա, երկու բառ խոսում են, տասնհինգ վայրկյան «խորիմաստ» իրար նայում, հետո հոգոց հանում, ասում «այո» կամ «ոչ», շարունակում իրար նայել։

Բայց քանի որ մենք լավատես ենք, նույնիսկ պարզունակ սերիալներում ենք փորձել գտնել դրական կողմ։ Ու պատկերացրեք, գտել ենք՝ հնդկական ուտեստներն են։

Ուզենք, թե՝ ոչ, հնդկական սերիալները գրավել են հեռուստատեսությունը, դրանցով որոշ չափով ներկայացվում են նաև  նրանց մշակույթը, խոհանոցը։ Հայաստանում վերջերս շատացել են հնդկական ռեստորանները, հենց դրա համար այս անգամ որոշեցինք մի կողմ թողնել Վիրին, Ռաջին, Իչային ու մնացածին, ու խոսել հնդկական խոհանոցից՝ համեղ, կծու, անսովոր։

Հնդկաստանի ազգային խոհանոցը մի շարք ժողովուրդների ազդեցությունն է կրում, դրանք տարբեր են ու մեկը մեկից հետաքրքիր՝ ըստ Հնդկաստանի բնակման տեղանքի ու կլիմայի, սննդային մշակույթի։

Բայց հիմնականում, հնդկական խոհանոցը պտտվում է տարատեսակ համեմունքների, խոտերի, մրգերի ու բանջարեղենների շուրջ։ Սնունդն այստեղ նաև «կրոնացված» է, որովհետև ըստ կրոնների այս կամ այն տեղանքի հնդիկները կարող են չուտել որոշակի ուտեստներ։

Դե իհարկե, ինչպես այլ ժողովուրդների վրա, հնդիկների  մշակույթների, սովորությունների ու սովորույթների, խոհանոցի վրա ազդել են նաև այլ ժողովուրդների կողմից զավթումները, գաղութացումը, միջպետական հարաբերությունները, և այլն։ Օրինակ, կարտոֆիլը, որը բրնձին հավասար կարևոր տեղ է գրավում հնդկական խոհանոցում, նրանց է հասել պորտուգալացիներից՝ կարմիր պղպեղի ու հացի հետ միասին։

Հնդկական խոհանոցն ինքն էլ է ազդել այլ երկրների գաստրոնոմիկ աշխարհի վրա՝ համեմունքներով ու բաղադրատոմսերով հասնելով, Եվրոպա, Ասիա, մյուս մայրցամաքներ, երկրներ՝ տարածվելով ամբողջ աշխարհում։

Եթե խոսենք թվերով, հնդկական խոհանոցի վրա կա մոտ ութ հազար տարվա ազդեցություն, և այնտեղ ուտեստներն այնքան շատ ու տարբեր են, որ դրանց որոշ մասը մինչև օրս ապրում է, ավելին՝ հաճախ պատրաստվում «նախապապերի» նույն բաղադրատոմսով։ Բաղադրատոմսերի հիմնական մաս են կազմում լոբեղենը, բանջարեղենը, կաթնամթերքը, մեղրը։

Մեր օրերում հատկապես շատ են օգտագործում լոբեղեն (dal), ցորենի ալյուր (atta), բրինձ ու պրոսո (bājra), որոնք աճեցվում են Հնդկաստանում 6200 թվականից սկսած մինչ օրս։ Այս անվանումները հաճախ կտեսնեք հնդկական ռեստորանների մենյուներում, դրանք սովորաբար նշում են հենց ուտեստի «վերնագրում»։

Խոհանոցային մշակույթը նաև իր արգելքներն ունի։ Օրինակ, չեն օգտագործում տավարի միս, որովհետև կովը համարվում է սուրբ կենդանի։ Չնայած որոշ տարածքներում այս  օրենքը ևս շրջանցում են։

Մեր ռեստորանները ճշգրիտ են փոխանցում հնդկական համուհոտը, որովհետև խոհարարները հիմնականում հնդիկ են։ Եվ եթե հնդկական սերիալները թախանձագին խնդրում ենք չնայել, ապա  խոհանոցի հարցում, հակառակը, շատ խորհուրդ ենք տալիս փորձել։ Այն կարող է անսովոր թվալ՝ շնորհիվ տարատեսակ համեմունքների ու կծվության «բարձր մակարդակի», բայց միանշանակ կտպավորի ձեզ։

Մենք հնդկական մի շարք ռեստորանների հետ ենք համագործակցում։ Ձեզ մնում է սեղմել այստեղ, սեղմել նախընտրած ռեստորանի վրա ու համտեսել Հնդկաստանի խոհանոցը։

Բացահայտեք այս գեղեցիկ երկիրը ճիշտ ու հետաքրքիր կողմից։ Իսկ կծու ճաշատեսակները փորձելու դեպքում կարող ենք մաղթել միայն, որ Ռամը ձեզ օգնական լինի՝ նաև խոհանոցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով