Պատվիրե՞լ, թե՞ պատրաստել․ լուծում կա՛

Ինչ խոսք, քսանմեկերորդ դարում «հա՞վն է ձվից, թե՞ ձուն՝ հավից» հարցը փոքր-ինչ փոխել է իր տեսքը՝ դառնալով «հավն ու ձուն մենք սարքե՞նք, թե՞ պատվիրենք ռեստորանից» գլուխկոտրուկ։

Որոշ ժամանակ անց, թերևս, այս հարցի պատճառով քաղաքացիական պատերազմներ կսկսեն․ քաղաքակրթությունը կամաց-կամաց բաժանվում է ուտելիք պատվիրողների ու տանը պատրաստողների, ու երբեմն թվում է, որ այս երկու բևեռների մեջ կռիվներն ավելի թեժ են, քան, օրինակ, Բարսելոնա- Ռեալ Մադրիդ  ֆուտբոլային ակումբների երկրպագուների կռիվները։

Տարատեսակ ռեստորաններից օգտվողները համառորեն պնդում են․ ինչո՞ւ ավելորդ ժամանակ ծախսել, օրինակ, բանջարեղենը մաքրելու, լվալու, կտրատելու, հետո դա խաշելու կամ տապակելու վրա։ Հոգնած ժամանակ դե արի ու ապուր պատրաստիր, կամ միս տապակիր, անընդհատ հո նույնը չե՞ս ուտի, կամ հնարավոր չէ միայն հեշտ ու հասանելի ուտեստներ փորձել, սիրտդ փոփոխություն է ուզում, աշխատանքային օրվա ավարտից հետո արժե ինքդ քեզ «երես տալ» համեղ մի բանով։

Բայց միշտ չէ, որ համեղ, օգտակար բաղադրատոմսերից տեղյակ ես։ Կամ այնպիսի մի ուտեստ ես ուզում փորձել, որի պատրաստման վրա ժամեր կգնա։ Ինչո՞ւ ավելորդ ժամանակ ծախսել, եթե կարելի է ուղղակի պատվիրել, ավելացած ժամանակն էլ մի լավ ու հետաքրքրի բանի վրա ծախսել՝ հատկապես, որ Menu.am-ում ընտրությունը շատ մեծ է, ցանկացած մարդ իր գրպանին հարմար ու հարիր  տարբերակ  կգտնի։

Տնական ուտելիք սիրողներն էլ համառորեն առարկում են․ ոչ մի բարդ բան չկա օրվա մեջ մեկ-երկու ժամ ուտելիքին տրամադրելու մեջ, հնարավոր է հասցնել։ Բա ֆիրմային ուտեստնե՞րը, չէ՞ որ շատերն ունեն այնպիսի մի ուտեստ, որը հենց իրենք են ամենալավը պատրաստում, դա էլ հո չե՞ն կարող պատվիրել։ Դու ես քո խոհանոցի տերը, ինչ ուզում՝ պատրաստում ես ու գոհ ես մնում։

Այս կռիվները վերջնական լուծում չունեն, որովհետև երկու կողմերն էլ իրավացի են։ Իհարկե, սննդի առաքումն օգտագործելը կրճատում է ժամանակը, նաև  հետաքրքրություն է բերում խոհանոց։ Բայց տնական ուտելիքն էլ իր վայելքն ունի,  հաճելի է սիրելիների համար պատրաստելը, խոհանոցում կախարդելը։

Բայց, ինչպես շատ կոնֆլիկտներում, այս հարցի պատասխանը ևս միջանկյալ կետում է, երկու կողմերի հատման կետում, որն է՝ իսկ ի՞նչ կլինի, եթե պատվիրածը համադրենք պատրաստածի հետ։

Այ, տեսեք։ Կան տարատեսակ ուտեստներ, որոնք հնարավոր չէ տանը պատրաստել՝ ժամանակի սղության, կամ բաղադրիչները ձեռքի տակ չունենալու պատճառով։ Կարելի է ուղղակի ավելի բարդ ու խոհարարական ճկունություն պահանջող ուտեստները պատվիրել ռեստորաններից, իսկ մնացածը՝ ավելի հեշտն ու արագը ինքնուրույն պատրաստել։

Օրինակ, լազանյան: Բեշամել սոուսը հատուկ պատրաստելու ձև ունի, լազանյայի շերտերը պետք է ուշադիր թխել՝ իդեալական համ ստանալու համար, միսը բաղադրատոմսի գրածով համեմելն էլ առաջին անգամից հաստատ չի ստացվի։ Իհարկե, միշտ էլ կարելի է լազանյային նման մի բան պատրաստել, ու շատ հնարավոր է, որ համեղ լինի, բայց դա չի լինի իսկական լազանյա։ Կարելի է այն պատվիրել մեր ռեստորանների մեծ տեսականուց, իսկ այ խավարտն ինքնուրույն պատրաստել՝ աղցան, պյուրե, բանջարեղեն և այլն՝ ըստ նախապատվության։

Կամ, ասենք, ասիական, չինական ուտելիքները։ Թեկուզ նույն՝ վերջերս մեծ սեր վայելող սուշին․ դե արի ու շենքի կողքի «Լիլիկի բուդկայից»  վասաբի, մարինացված կոճապղպեղ, սերուցքային հատուկ պանիր կամ ջրիմուռներ գտիր։ Շատ փոքր է հավանականությունը, որ «Լիլիկի բուդկայի» տիրուհին շեղաչք, փոքրամարմին սուշիասեր է։

Հետո, անձնական փորձից ելնելով,  որքան էլ տեսանյութեր դիտեք ու հեշտ թվա, սուշիները «փաթաթելը» բավականին բարդ գործ է, նույնիսկ բրինձն է եփել այնքան, որ պետք եղածի չափ կպչուն ու փափուկ լինի։ Հերիք չի ժամանակ կկորցնեք, հետն էլ՝ քաղցած կմնաք, քանի դեռ սուշիի հարցում չեք հմտացել։ Սեղմեք այստեղ, պատվիրեք սուշի, առհասարակ՝ չինական ուտելիքներ, պտտվեք այլ գաստրո-մշակութային մայրցամաքներով ու երկրներով, ընտրեք սրտներիդ ուզածը։ Դուք կարող եք տանը պատրաստել սուշիի հետ «սազող» կանաչ թեյը, կամ  թեթև բանջարեղենային աղցաններ, որոնք ընդունված է ուտել սուշիի հետ։

Խմորեղենի հարցը ևս փոքր-ինչ բարդ է։ Ոչ բոլորն են կարողանում համեղ ու գեղեցիկ խմորեղեն թխել, հետո՝ իսկապես ժամանակատար է։ Օրինակ, փախլավա թխելու համար երբեմն օրեր են հարկավոր, իսկ այս ակտիվ աշխատանքային եռուզեռի մեջ դժվար թե որևէ կին կարողանա այդքան ժամանակ հատկացնել, ու, եթե անկեղծ, չենք էլ ուզի այդքան ժամանակ տանջվել խմորի, միջուկի, մեղրով ցողելու ու այլ գործընթացի վրա։

Դրա փոխարեն կարելի է պատվիրել այս խմորեղենն ու տանն ավելի հեշտ պատրաստվող այլ արևելյան քաղցրավենիք  սարքել։ Կամ ուղղակի զբաղվել թեյախմության մնացած հարցերով։

Խոսքը միայն արևելյան խմորեղենների մասին չէ, տորթեր կան, որոնք մասնագիտական հմտություն են պահանջում, որը չունենք մենք, բայց ունեն մեր գործընկեր ռեստորանների խոհարարները, հրուշակագործները, ինչո՞ւ չօգտվել նրանց օգնությունից ու չվայելել համեղագույն աղանդերը։

Սրանք ընդամենը մի քանի օրինակներ են՝ ցույց տալու համար, որ ցանկացած ոլորտում, մեկ է, հաղթում է ընկերությունը։ Խոհանոցը հրաշալի վայր է՝ ստեղծագործելու, կախարդելու, և իհարկե՝ համեղ սնվելու համար։ Կապ չունի՝ երդվյալ ռեստորանասե՞ր եք, թե՞ տնական խոհանոցի անկոտրում երկրպագու, մեկ է, Menu.am-ը միշտ ձեր կողքին է՝ պատրաստ առաքելու ուրախություն, սեր, բարձր տրամադրություն ու տարատեսակ համեղ ուտեստներ։

Այնպես որ, վերադառնալով նյութի սկզբին՝ պատասխանենք․ հավը պատվիրեք, ձուն՝ պատրաստեք տանը։ Ու բոլորը երջանիկ ու գոհ կլինեն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով