Գլինտվեյն, կամ տաք գինու հրաշքները

Ալկոհոլային բոլոր խմիչքները ներսից տաքացնող են, անգամ եթե դրանք խմում ենք սառը-սառը: Չափավոր խմելու դեպքում ջերմացնում են,  տրամադրություն բարձրացնում: Սակայն առանձնահատուկ տաքացնող հատկություն ունեն համեմված տաք գինիները: Չնայած դրանք  հիմնականում վերագրում են Եվրոպային, սակայն  հայերիս էլ անծանոթ չի տաքացված կարմիր գինով մրսած մարդուն խելքի բերելու միջոցը:

Տաքացրած գինին Եվրոպայում հատուկ անուն ունի՝ գլինտվեյն և օգտագործվում է հարյուրավոր տարիներ շարունակ հատկապես սկանդինավյան երկրներում, Գերմանիայում, Ավստրիայում և Անգլիայում:

Գլինտվեյնը գինու կոկտեյլներից ամենատարածվածն է, որ զարմանալի պարզ ու հանճարեղ բաղադրություն ունի. տաք կարմիր գինի, համեմունքներ, մեղր կամ  շաքարավազ:

Պատահական  չէ, որ այն ստեղծել են հյուսիսային ժողովուրդները, տաքանալու անկեղծ ցանկությամբ: Եվ այս ըմպելիքն իր պարունակած ալկոհոլով հանդերձ պետք է ոչ թե արբեցնի, այլ՝ իսկապես տաքացնի նաև իր բաղադրիչներով: Գլինտվեյնը համային տարբեր ճանապարհներ է անցել, սակայն  ուղեկից հիմնական փունջը պահպանվել է՝ չոր կամ կիսաչոր կարմիր գինի՝ գումարած դարչինի ձողիկներ, մեխակ, անիսոն, նարնջի կլեպ, հիլ, թարմ լիմոն, իմբիր, խնձոր, հոտավետ պղպեղ, չիլի պղպեղ, չամիչ, մեղր կամ  շաքարավազ: Կարևոր պայման է, որ համերը ներդաշնակ  լինեն և դուրեկան:

Այս հրաշալի ըմպելիքն իրականում ժառանգել ենք Հին Հռոմից, որտեղ կարմիր ու սպիտակ գինի էին խմում համատարած: Ձմռան համար գինին համեմում էին ծաղկաթերթերով, դափնետերևով ու ալոեի տերևներով, մեղրով՝ չմոռանալով խմելուց առաջ անպայման տաքացնել:

Եվրոպացիներն այս հենքի վրա ստեղծել են գլինտվեյնը և տարածել աշխարհով մեկ: Այս ըմպելիքի հիմք հանդիսացող գինին պիտի սովորական լինի, որովհետև համարվում է, որ թանկարժեք գինիներն ուղղակի կխեղդվեն համեմունքների մեջ:

Հազվադեպ,  բայց կիրառվում է նաև սպիտակ գինու հիմքով պատրաստված գլինտվեյնը: Բաղադրությունը մեր օրերում համալրվել է ընդեղենով ու չրերով, իսկ մեղրը պետք է ավելացնել վերջում, հովանալու ընթացքում, քանի որ 40 աստիճան տաքության տակ մեղրը կորցնում է բուժիչ հատկությունները:

Գլինտվեյնն իրականում իմպրովիզ է՝ գինու շուրջ, ըստ համային փնջերի, այն կարող է տարբեր տրամադրություններ ու անգամ  եղանակներ  պարգևել, իր շուրջը հավաքել հետաքրքիր մարդկանց ու տաք զրույցների հովանավոր դառնալ: Այն օգնում է հաղթահարել մրսածությունը,  հոգնածությունը, վատ տրամադրությունն ու ընկճվածությունը և պարգևում ոգևորության ու ջերմության նոտաներ:

Դրսում գլինտվեյնի համար համեմունքների պատրաստի փնջեր են վաճառում, սակայն գուրմանները խորհուրդ են  տալիս ինքնուրույն հավաքել համեմունքները: Հիշեք, որ դարչինն ու մեխակը պարտադիր բաղադրիչներ են: Գլինտվեյնը կարող է նաև ջրով բացվել,  լիտրին՝ մեկ բաժակ ջուր հարաբերակցությամբ:

Սկզբից ջրի մեջ համունքներն են թրմում,  հետո գինին ավելացնում, իսկ պատրաստի ըմպելիքը տաք վիճակում թրմում են մոտ 15 րոպե, քամում,  նոր միայն խմում: Գլինտվեյնի թնդությունը առնվազն 7 աստիճան  պետք է լինի: Այն չի կարելի եռացնել, քանի որ սպիրտն ու համեմունքների օգտակար հատկությունները ցնդում են:

Ըմպելիքը մատուցելիս ձևավորում են մրգի ու հատապտուղների կտորներով, մատուցում ապակե բաժակներով: Իսկ բնության գրկում ՝ իհարկե հարմարավետ մետաղյա թասերով կամ գավաթներով: Կերամիկան՝ տնային մթնոլորտի համար:

Եվրոպական քաղաքներ կան, որոնք հատուկ գլինտվեյն  խմելու  տեղեր ունեն, իսկ Վենայում տոնավաճառների պարտադիր մաս է կազմում: Այն մատուցում են նաև մյուս քաղաքների բարձրակարգ ռեստորաններոմ:

Աշխարհում ամենաթանկ գլինտվեյնը լոնդոնյան բարերից մեկում է, հիմքում 18 տարվա հնեցված գինի է, մեկ գավաթն արժե հիսուն ֆունտ:

Հայաստանում գլինտվեյնը գրպանին հարմար գին ունի, մեր գործընկեր ռեստորաններն էլ առաջարկում են գլինտվեյնի տարատեսակ համադրումներ։ Եթե ուզում եք ջերմացնել ցուրտ երեկոն, սեղմեք այստեղ, պատվիրեք գլինտվեյն, ու ջերմացրեք հոգին ու մարմինը՝ սիրելիների հետ միասին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով