Սննդի նորաձևություն․ համեցեք թրենդներ ուտելու

Նորաձևություն ասելիս միանգամից հագուկապ ենք  պատկերացնում, սակայն  իզուր, քանի որ այսօր նորաձևության սլաքներն ամենուր են, անգամ  խոհանոցում:

Ժամանակին  համընթաց լինելը նշանակում է փաստորեն  հասնել նորաձևության ետևից ամենուրեք. տուն ու կահավորանք, հագուստ ու արդուզարդ,  մեքենա: Սա գիտենք և կարծես թե հանգիստ ենք նայում այս ամենին, կամ նայում ու հետևում այնքան,  ինչքան  թույլ է տալիս մեր գրպանի պարունակությունը: Մենք շատ ավելի պահպանողական ենք մեր սննդի հարցում. կարող ենք փորձել, սիրել նորույթներ, նոր ճաշատեսակներ, սակայն մեր ազգային խոհանոցն անսասան է մնում մեր քիմքի համար:

Խաշ, խաշլամա, խորոված. լուրջ թե կատակով, այս եռյակը հատկապես հայ տղամարդկանց անսակարկելի և անդավաճան սերն է վայելում: Բայց մենք  նորություն ունենք նաև նրանց համար: Դավաճանության չենք դրդում, սակայն ուզում ենք պատմել, որ սննդի աշխարհում այնպիսի բաներ են  կատարվում, որոնք ստիպում են ազգային խոհանոցի դռները լայն բացել և ավելի համարձակ փորձել  նաև այլոց համադամ  կերակուրները:

Այո-այո, աշխարհում կան նաև սննդային թրենդներ, որոնք կարող են տարվա կտրվածքով գործել: Դրանք  ոչ միայն նոր համերի ու գույների, այլև  նոր համադրությունների կրող են և կարող են հետաքրքիր լինելուց բացի, նաև ինտրիգային լինել: Սննդային թրենդները ևս ձևավորվում են մասնագիտական ու հանրային հարթակներում, հատկապես բլոգերների ու սոցցանցերի տիրույթում:

Եվ այսպես, սկսենք առաջին հնգյակից, որտեղ պատվավոր տեղ  ունի սև թրենդը: Այն այնքան էլ նոր չէ, սակայն անցյալ տարվանից սկսած, դիրքերն ավելի է ամրապնդում և ընդլայնվում: Եթե նախկինում սև ածուխն էինք համարում օգտակար հավելում, ապա այսօր արդեն բազմաթիվ բնական սև մթերքներ են կայուն տեղ գրավում մեր սեղանին:

Շատ ընդունված են սև ջրիմուռները և դրանցից պատրաստված աղցաններն ու այլ  ուտեստներ: Սև բրինձը ևս պահը չկորցնելով,  ինքնահաստատվում է, հետևում են սև քունջութն ու հատիկավորները՝ լոբի և այլն: Սև հատապտուղները դառնում են սեղանի առանձնահատուկ զարդ, ինչպես և սև ձիթապտուղը: Իսկ կրկնակի կակաոյով աղանդերն ուղղակի անկրկնելի սևուկ քաղցրիկն է: Սննդային սև թրենդն  ինձ հիշեցնում է ամենաշքեղ երեկոյան սև հագուստը, երբ որևէ մեկի մտքով չի անցնում այդ սևի մեջ տխրություն ու կորուստ փնտրել: Էլեգանտ սևը  հագուստի, ապա և սննդի մեջ,  նորաձև է , հիշենք և վայելենք:

Ծաղիկներ, ծաղիկներ, ձեր մասին ինչքան է գրվել ու գրվել, նկարվել ու ասվել: Ու դարձյալ քիչ է, որովհետև շատ ուշ սկսեցինք նաև․․․ուտել սիրելի ծաղիկները: Մանկությունից հիշում եք,  չէ,՞ երջանկություն բերող՝  յասամանի հնգաթև հատիկները, որ ամբողջ ծաղկաբույլի մեջ ջանասիրաբար փնտրում, գտնում և կուլ էինք տալիս՝ հարեհաս երջանկության սպասումով: Այո,  ծաղիկները կարող են երջանկացնել մեզ իրենց ներկայությամբ,  կարող են  հաճոյանալ նաև մեր քիմքին, եթե ճիշտ են  ընտրված, ճիշտ ուտեստի հետ և իհարկե կարելի է դրանք ուտել՝ առանց  թունավորվելու: Ծաղկային ուտեստների առաջին փորձերի մեջ իսկապես եղել են թունավոր դեպքեր, հիմա արդեն ամեն  ինչ տեղն է ընկել:

Խոհարարական արվեստի աստղերն ու սիրահարները սկզբում ուտելիքները զարդարելու  համար էին  ծաղիկ օգտագործում, իսկ անցյալ տարվանից սկսվեց ուտելու ծաղիկների բումը: Ճիշտ ընտրված ծաղիկները ոչ միայն գեղեցիկ ձևավորման համար են, այլև՝ նրբահամ լրացման, գեղեցիկ համային փնջի համար: Այնպես որ՝ բարով վայելենք:

Image result for edible flowers

Սուպեր փոշիներ և մոդայիկ ալյուրներ: Թվում է, թե այստեղ արդեն  նորության ու նորամուծության տեղ չկա, որովհետև  մեր կյանքում արդեն  իսկ ավանդական հացահատիկային ալյուրի կողքին տեղ են  գրավել բրնձի, կոկոսի, կտավատի ալյուրները: Սակայն, ցանկը շարունակվում է և համալրվում  օգտակար նոր ալյուրներով: Շուկայում  հայտնվել է մանիոկի ալյուրը: Մանիոկը Ասիայում և  Հարավային Ամերիկայում աճող բույս է, գլյուտեն  չի պարունակում, օգնում է քաշի կարգավորմանը և կանխարգելում քաղցկեղային հիվանդությունները: Խորհարարները հաճոյքով են  ներառում այն սեփական զինանոցում,  հատկապես առողջ սննդի ջատագովները: Դե իսկ սուպեր- փոշիներին մենք որոշ չափով ծանոթ ենք, դրանք ավելացվում են սննդին համի,  օգտակարության, երբեմն  նաև գույնի համար: Սպիրուլինա, մորինգա, մակա․․․ ծանո՞թ են, ո՞չ, ես էլ չգիտեմ,  բայց ասում են, որ շատ  նորաձև են: Այս փոշիները դեռ Հայաստան չեն հասել, բայց շուտով նրանց մասին ևս կլսենք։ Այս ցուցակում մեզ ծանոթ անուններ էլ կան․  գիտեի՞ք, որ, օրինակ, Ինստագրամում մեծ սեր վայելող, հայտնի դեղին լատեն ու դեղին կաթը, որոնց «ոսկե» են անվանում, քրքումով են  պատրաստում: Այն, փաստորեն, ևս սուպեր փոշի է դարձել։

Մոկտեյլներ։ Կոկտեյլ- մոկտեյլ ուզո՞ւմ եք: Միայն կոկտե՞յլ: Ափսոս, գիտե՞ք՝ ինչ լավ բան է մոկտեյլը, կոկտեյլի զույգն է կարծես,  բայց շատ քնքուշն է և առանց ալկոհոլի: Ծաղիկներ, նոր համեր, գեղեցիկ ձևավորում. ահա այսպիսին են մոկտեյլները, նրբիկների համար: Այստեղ կարևորը  ըմպելիքի ճաշակով  ձևավորումն ու մատուցումն է:

Պանրով թեյ։ Անցյալ դարի ինսունականներին,  երբ շրջափակված ու պատերազմող Արցախը կտրված էր արտաքին աշխարհից, առաջին անհրաժեշտության սննդամթերքի սուր պակաս կար: Այնտեղ այդ տարիներին ծնվող շատ երեխաներ չգիտեին՝ ինչ է կոնֆետը:

Պապիկս պատմում էր, որ թեյը խմում էին պանրով՝  շաքարի փոխարեն և փոքրիկները գիտեին, թե հենց կարգն է այդպիսին:

Image result for чай с сыром

Այսօր այդ խնդիրը բարեբախտաբար չկա մեր երկրում, սակայն, աշխարհում որոշել են արցախցիների հնարամտությանը թրենդի զորություն տալ: Ասիայում ստեղծել են ու Եվրոպա հասցրել  պանրային թեյերը: Սև, կանաչ կամ  մրգային թեյի մեջ սառույց են ավելացնում և հարած սերուցքային պանիր: Նրբահամ այս թեյին  կարող են  ավելացվել մրգային և կարամելային օշարակներ, մեղր, կաթ:

Հեղինակներն ավելի առաջ են գնացել և այժմ աշխատում են

այսպես կոչված բորբոսնած պանիրներով թեյերի վրա: Այնպես որ․ խոհարարական արվեստը չափ ուսահման  իրոք չի  ճանաչում, բարի վայելում մեզ և ձեզ:

Image result for сырный чай

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով