Ճանաչեք սուրճերին դեմքով, կամ ձոն էՔսպրեսոյին

Շատերը սուրճը խմում են ոտքի վրա՝ արագ, աչքի մեկ թարթոցով, կյանքի արագ ռիթմն է ստիպում։ Բայց սա չի  նշանակում, որ էսպրեսոն պիտի «էքսպրեսո» անվանենք, այն բացարձակ կապ չունի «էքսպրես» բառի հետ։

Այսօր մենք ցանկանում ենք  պատմել սուրճերի տարբերությունների մասին, և պարզ ու հստակ ցույց տալ դրանց տարբերությունը՝ այնպես, որ դրանք շփոթելու տարբերակ այլևս չունենաք։

Սկսենք այբուբենից։ Սուրճերը, որպես այդպիսին տարբերվում են իրենց հիմքով։ Աշխարհի բոլոր սուրճերն ունենում են երկու հիմք՝ էսպրեսոյի և աղացած սուրճի։ Իհարկե, էսպրեսոն ևս աղացած սուրճով է պատրաստվում, բայց տարբերվում է իր տեխնոլոգիայով, պատրաստվում է «փակ»՝ ֆիլտրի օգնությամբ, հատուկ սարքի մեջ, իսկ աղացած սուրճը եփվում է առանց հատուկ սարքի՝ այսպես ասած՝ «բաց» ձևով՝ հենց ջրի, կաթի, կամ ինչ-որ օշարակի մեջ։

Սկսենք էսպրեսոյի հիմքով սուրճերից, ահա նրանք․

Էսպրեսո մեկ բաժին, կամ բարիստաների լեզվով ասած՝ մեկ շոթ էսպրեսոն, մաքուր, առանց այլևայլությունների։ Այն մատուցվում է փոքր բաժակով, խիտ է, ունի հագեցած համ։

Կրկնակի էսպրեսո (դոպպիո). երկու շոթ էսպրեսո՝ մեկ բաժակում, քանակով ավելի շատ, էլ ավելի «պինդ» սուրճ։

Ռիստրետո Էսպրեսոյի տարբերակ է, որտեղ ջուրն էլ ավելի քիչ է, իսկ սուրճի քանակը մնում է նույնը։ Իհարկե բարդ է պատկերացնել էսպրեսոն էլ ավելի քիչ ջրով, թվում է, թե եթե ջուրը մի քիչ էլ քչացնեն, մեզ կմնա էսպրեսոն․․․ուտել, գդալով։

Լատե Մեկ շոթ էսպրեսո՝ խառնած կաթի հետ։ Կաթնային սուրճ է՝ կաթնային փրփուրով,  և այստեղ կաթն ավելի շատ է, քան կապուչինոյում։

ԿապուչինոԷլի, մեկ շոթ էսպրեսո ու կաթ, բայց այստեղ կաթն ավելի քիչ է։ Բացի սրանից, փրփուրի մեջ  օգտագործում են  առանձին ու ավելի շատ կաթ, հենց սրա համար փրփուրը «հաղթահարելուց» հետո սուրճն ավելի ընդգծված համ ունի, լատեի համն ավելի փափուկ է, և ոչ այդքան սրճային՝ շնորհիվ ավելի շատ կաթի։

Ֆլեթ Վայթ  Այս տեսակի համն ու տեսքը կախված է բարիստայից, այն տարբեր  ձևերով են սարքում։ Բայց հիմնականում այն նման է կապուչինոյին, բայց  ներառում է ոչ թե մեկ, այլ երկու շոթ էսպրեսո։ Բացի սրանից, ունի ավելի շատ կաթ ոչ թե փրփուրի, այլ «մարմնի»՝ բուն խմիչքի մեջ։ Կարճ ասած՝ լատեի ու կապուչինոյի խառնուրդն է։

Մակիատո Իտալերենից թարգմանաբար «մակիատոն» նշանակում է «նշան արած»։ Մեկ շոթ էսպրեսո՝  մի  քանի կաթիլ կաթով՝ այստեղից էլ անվանումը։

Լատե Մակիատո այս դեպքում ոչ թե մեկ բաժին էսպրեսոյի մեջ են մի փոքր սուրճ ավելացնում, այլ հակառակը՝ մեծ բաժին կաթի մեջ ավելացնում են մեկ բաժին էսպրեսո, և այս դեպքում էսպրեսոն է դառնում նշանը։ Ճիշտ պատրաստելու դեպքում ստացվում է կաթնային փրփուր՝ վերևում, մեջտեղում մուգ էսպրեսո, ներքևում՝ կաթ։

Կորտադո Գրեթե մակիատո, բայց տարբերությունն այն է, որ այստեղ հիմքը ոչ թե էսպրեսոն է, այլ՝ ռիստրետոն, որի մասին խոսեցինք վերևում։

Մոկաչինո Կապուչինոյին ավելացնում են շոկոլադ։

ԱմերիկանոՇոթ էսպրեսո՝ գումարած տաք ջուր։ Պարզ ու հանճարեղ։

Էսպրեսոյի հիմքով սուճերն այսքան են։ Ահա աղացած հիմքով սուրճերն ու դրանց տարբերությունները․

Ֆիլտր-սուրճ․ Սուրճը պատրաստելիս աղացած հատիկները նախ դնում են ֆիլտրի մեջ, հետո դնում ջրի մեջ։ Սուրճը կաթիլ-կաթիլ  «քամվում» է  ներքևում դրված բաժակի մեջ։ Նման սուրճը սովորաբար ավելի դառնահամ է, բայց սիրողների մեծ բաժակ ունի։ Շատերը պնդում են, որ հենց սա է իսկական սուրճը։

Ֆրենչ-պրես սուրճ․  Այս պատրաստման եղանակը թերևս ամենատարածվածն է։ Աղացած սուրճի վրա լցնում են տաք ջուր, թողնում երկուսից չորս րոպե ու հետո խմում։ Ստացվում է, որ այն չենք եռացնում՝ ինչպես սովորաբար եփում ենք մեր տներում, այն «ինքն իրեն» եփվում է տաք ջրում։

Լուծվող սուրճ․ ինչ խոսք, լավ չէ, որ շատերը էսպրեսոյին «էքսպրեսո» են ասում, բայց հավատացեք՝ ավելի վատ տարբերակներ էլ կան։ Օրինակ, շատերը լուծվող սուրճին ասում են լուծողական սուրճ․․․հեչ լավ չի հնչում։ Լուծվող սուրճը չունի հատուկ գաղտնիքներ, այն պատրաստում են մեծ չափաբաժնով՝ սուրճը ջրով խառնելով, թողնում են մի փոքր թմրի, հետո խմում են։ Առհասարակ, սուրճի գիտակները համարում են, որ լուծվող սուրճը  սրճային դասի ամենացածր կետում է, ու այն պատրաստում են վատ տեսակի սուրճի հատիկներից։ Համենայն դեպս, սա չի անդրադառնում  լուծվող սուրճի «հանրաճանաչության» վրա, ու շատերն են նախընտրում այն։

Ահա այսքանը սուրճերի մասին։ Հիմա արդեն կարող եք տարբերել դրանք ու ընտրել, թե որ սուրճն եք իսկապես սիրում։ Բարի սրճախմություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով