Կերած-խմածներդ անուշ կամ՝ ավելուկի սպասելիս

Տոներին մենք սիրով ու եռանդով ենք  պատրաստվում և առանձնահատուկ ուշադրություն դարձնում տոնական սեղանին ու համեղագույն ուտելիքներ պատրաստելուն, կամ որ շատ ավելի հարմար է՝ պատվիրելուն: Լավ է, թե վատ,  մենք տոները կառուցում ենք առատ ու համեղ սեղանների շուրջ և հենց այդտեղ էլ սիրելի ու հարազատ մարդկանց հետ լավ ժամանակ անցկացնում:

Ամանորը  ամենաերկար տոնն է, որ մոտ մի շաբաթ մեզ առատ սեղանների շուրջ է պահում ու ստիպում անհաշվելի բազմազանության ու կալորիականության սնունդ ընդունել՝ առատ մսեղենի, կալորիական ուտելիքների, քաղցրավենիքի ու բազմազան ըմպելիքների տեսքով: Եվ հատկապես այս տոներից  հետո է, որ մեր օրգանիզմը փրկություն է սկսում աղերսել հենց մեզնից, և մենք էլ առանձնահատուկ սիրով հիշում ենք սպասի և ավելուկի մասին: Սպասը դեռ կսպասի,  իսկ ավելուկի մասին խոսելն այսօր մեր օրակարգում է:

Մեր դաշտերում շատ տարածված այս բույսն իրականում ընդունված է բոլոր ընտանիքներում, այն ուտում ենք  և թարմ վիճակում և ձմռանը՝ հյուսքերով չորացված՝ մեր մառաններին պահ տալուց հետո:

Ո՞րն է ավելուկի այդքան սիրված լինելու  գաղտնիքը: Մասնագիտական բացատրություններ, տերմիններ կան, սակայն ինձ համար այս կանաչի անվանման  մեջ «ավել» անունը հենց օրգանիզմի մաքրության համար եմ տեսնում. առատ կերակուրներից հետո ավելուկը մաքրում, կարգի է բերում մեր մարմինը:

Եվ իսկապես, այս հետաքրքիր բույսը և որպես սնունդ է համեղ, և որպես դեղաբույս է օգտակար: Հայտնի է, որ աղեստամոքսային տրակտին  հատկապես շատ է օգնում, մաքրում ու հանգստացնում է օրգանիզմը, բուժում  նաև մրսածության դեպքում:

Որպես սիրելի ուտեստ, ավելուկը մեր սիրելի հյուսքն է, որ շատ տանտիկինների հոգեպահուստի պարտադիր բաղադրիչն է: Այն քաջ ծանոթ է բոլորիս , համուհոտն էլ՝ սիրելի: Սակայն,  պարզվում է ավելուկը միայն մեր իմացած մինուճարը չի:

Այն աճում է խոնավ վայրերում, շատ տարածված է երկրագնդի բարեխառն գոտիներում` որպես մոլախոտ/ ինչպիսի անարգանք մեր սիրելի ուտելիքին/։

Իսկ Հայաստանում հանդիպում են ավելուկ գանգուրը (Crispus), ճնճղուկի (Acetosella), սովորական (Acetosa) տեսակները։

Image result for Щавель конский еда

Բուժիչ նպատակներով օգտագործվում են գանգրավոր թրթնջուկի արմատները եւ կոճղարմատը, որոնց մեջ պարունակվում են դաբաղանյութ, ֆլավոններ, վիտամին K, ասկորբինաթթու, եթերային յուղեր, խեժեր, երկաթ, օրգանական թթուներ, թրթնջկաթթվային կալցիում (9 տոկոս), այլ նյութեր։

Բժշկության մեջ դարեր շարունակ օգտագործել են ավելուկի արմատն ու տերևները: Փորացավի ու միզակապության ժամանակ փորին խաշած ավելուկ են դնում, կամ էլ ձեթով տապակում են եւ ուտում։

Ավելուկի ջուրը խմում են` թոքախտի, փորացավի, միզակապության, սերմի թուրմը` թոքաբորբի ու հազի, սերմի ու գոմեշի կաթի խառնուրդը` ամլության ժամանակ։ Արմատը գործածում են նաեւ ստամոքսի, մաշկի ու թոքերի հիվանդությունների ժամանակ։ Ալիշանը նշում է, որ ջրային ավելուկը մասնավորապես օգնում է փորկապությանը, իսկ ծեծած հունդը գինու հետ ազդում է հոգեվիճակի վրա` «զսիրտն ուրախ առնէ»։

Սննդի մեջ գործածում են ավելուկի թարմ եւ չոր տերևները։ Պասի շրջանում հատկապես  ավելուկից պատրաստված կերակուրները ցանկալիների շարքում են։

Հրաշալի է, որ վերջին տարիներին արդեն ավելուկը որպես սննդամթերք, դուրս է եկել տնական  կարգավիճակից և սկսել  օգտագործվել նաև հանրային սննդի կետերում:

Այսօր մեր լավագույն ռեստորաններում  կարելի է ավելուկից պատրաստված բազմաթիվ ուտելիքներ վայելել, որոնք ակնհայտ գերազանցում են մեր տնական պատերացումները:

Ավելուկից պատրաստվում են  ապուրներ, ինչպես նաև բազմազան աղցաններ՝ համեմված ամենատարբեր սոուսներով ու համեմունքներով: Տապակված ավելուկը ևս ունի տեսականի տարբեր համերի սիրահարների համար: Ավելուկի ավանդական կիրառությանը սովոր գուրմանները կարող են  նաև պյուրեներն ու կարկանդակները փորձել և համոզվել, որ անչափ օգտակար ու թեթև այս մթերքը նաև շատ համեղ է:

Եվ որպես համեղեն ապացույց, առաջարկում ենք դրանք հենց տանն էլ փորձել,  պատվիրելով  այստեղից։ Մեր ռեստորանները տարատեսակ չքնաղ ու համեղ ուտեստներ են պատրաստում ավելուկից՝ զանազան ու զարմանազան։

Իսկ ո՞րն է ավելուկով ձեր սիրելի ուտեստը։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով