Հայկական խոհանոցի ռուսական հյուրը․ սոլյանկա

Մենք հաճախ ենք տարատեսակ ուտեստներ փոխառում մեր հարևաններից՝ ինչը բնական է։ Դարավոր ընկերության հետ  իհարկե մեզ պիտի անցնեն նաև հարևանների  մշակույթը, նիստուկացը, և իհարկե՝ նաև խոհանոցը, որը  ազգային մշակույթի կարևոր մաս է կազմում։

Ռուսական փոխառություններ շատ ունենք։ Կվաս, խոլոդեց, խոզի յուղից պատրաստած սալոն, «Մայրաքաղաքային» աղցանը, «բլինչիկը», և այլն, և այլն։ Այս  բոլոր ուտեստները բնորոշ են սլավոնական երկրներին, բայց մենք՝ հայերս, շատ վաղուց նրանցից ոչ պակաս համեղ ենք պատրաստում, և այսօր հերթը սոլյանկայինն է, որը  ոչ վաղ անցյալում է սկսել տարածվել մեր  խոհանոցի մեջ, բայց արդեն իսկ շատ սիրված է։

Image result for солянка

Հետաքրքիր է, եթե «սոլյանկան» փորձեին ռուսերենից տառադարձելու փոխարեն ուղղակի թարգմանել, ի՞նչ կստացվեր։ Թթվաճաշ, ճաշաթթո՞ւ, կամ գուցե թթվի՞կ․․․Դժվար է ասել, հույսը պետք է դնել մեր հիվանդ երևակայության վրա՝ տուրք տալով բանասիրությանը։ Բայց, որքան էլ տարբերակներ փորձենք, փաստ է, որ ուղղակի տառադարձումը, թերևս, լավագույն տարբերակն է։

Այս ապուրը, ինչ անուն էլ տանք, համեղ է, չնայած հայերիս համար այն փոքր-ինչ տարօրինակ բաղադրություն ունի։ Չեմ կարծում, որ հայերից շատերը «բանավոր» համաձայնություն կտան ուտել մի ապուր, որի մեջ կա երշիկեղեն, զեյթուն ու թթու վարունգ։

Բայց առաջարկը մերժելիս միանշանակ մեծ գաստրոնոմիկ հաճույք կկորցնեն, որովհետև որքան էլ տարօրինակ են սոլյանկայի բաղադրիչները, այն շատ կշտացնող է, ու իսկապես համեղ։ Համեղ այնքան, որ մեկ անգամ փորձելուց հետո, հատկապես եթե  մսեղենի սիրահար եք, էլի ու էլի վերադառնալու եք նրա մոտ, և ձեր գաստրոնոմիկ բոլոր ճանապարհները կսկսեն տանել ոչ թե  դեպի Հռոմ, այլ՝ դեպի Սոլյանկա։

Ընդհանրապես, միայն մենք չենք, որ այս ապուրի անվան հետ կռիվ ենք տալիս։ Սլավոնական երկրներում այն այլ կերպ էլ են անվանում՝ սելյանկա։ Բայց «սոլյանկա» տարբերակը միանշանակ առաջին հորիզոնականում է ու դեռ հաղթում է։

Ու չնայած որ այս անվամբ մեկ այլ՝ ավելի խիտ ապուր էլ կա՝ խաշած կաղամբով, մսով ու սնկով, բայց  սովորաբար «սոլյանկա» ասելիս հասկանում են հենց մեր նշած տարբերակը։

Related image

Այս ապուրը ռուսական ծագում ունի՝ ինչը զարմանալի չէ։ Սոլյանկան հատկապես հաճելի է ուտել ցուրտ եղանակին, այն փոքր-ինչ կծվություն ունի, և  թթու վարունգը, ձիթապտուղն ու  լիմոնն իրենց հերթին հաճելի թթվաշություն են հաղորդում նրան։ Այս համադրությունը ձմռան ցրտին ասես ավելի տաքացնի մարդկանց։

Դասական տարբերակով, սոլյանկան լինում է երեք «հիմքով»՝ մսային, ձկնային, սնկային։ Եվ այն  պետք է պարտադիր լինի թթու-աղի-կծվահամ, որովհետև իր մեջ պարտադիր պետք է ներառի  թթու վարունգ, ձիթապտուղ, կապերս,  լիմոն, կվաս, ձկնայինի դեպքում՝ ձկան մի քանի տեսակ, սնկի դեպքում՝ տարատեսակ սնկեր։

Մսային տարբերակը հատկապես տարածված է Հայաստանում։ Պատրաստում են տավարի ու հավի մսից, ավելացնում երշիկների մի քանի տեսակ, և հետո «դասական» բաղադրիչները՝ ըստ հերթականության։

Image result for solyanka

Menu.am-ի գաստրոնոմիկ ռազմաբազայում սոլյանկաների ահռելի պաշար կա։ Տասնյակ ռեստորաններ ենք առաջարկում, որոնք այս ապուրը համեղ ու թարմ պատրաստում են, մենք էլ մեծ սիրով ու հնարավորինս արագ հասցնում ենք ձեզ։ Իհարկե,  որոշ ռեստորաններ նաև սեփական ձեռագիրն են ավելացնում այս համեղ ապուրին, ինչն այն էլ ավելի յուրօրինակ է դարձնում։

Մնում է սեղմել այստեղ, ընտրել ռեստորանն ու վայելել համեղ ու տաք  ապուրը։ Ձմռան  ցուրտ օրերին այն ասես մի ափսե արև լինի, տաք ու համեղ արև։ Բարի ախորժակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով