Համի երիտասարդ առաքիչները

Ասում են՝ աշխատանքը գեղեցկացնում է մարդուն, և սա իրականություն է։ Տեսե՞լ եք՝ Menu.am-ի բոլոր աշխատակիցներն ինչ բարետես են․ շատ են աշխատում, և կարևորը՝ մեծ սիրով։ Սա՝ կատակ (չնայած, էլի ասում են՝ կատակի կեսը լուրջ է, մեր դեպքում ևս ամենայն լրջությամբ էինք խոսում, բայց եկեք  հանգիստ թողնենք բոլոր ժողովրդական խոսքերն ու անցնենք բուն խոսքին)։

Հոգեբանները անգամ գիտական հոդածներ ունեն այն մասին, թե ինչով է օգտակար  առհասարակ աշխատելը։ Բացի նրանից, որ դա պահանջ-պարտադրանք է, քանի որ կենցաղ-սոցիալական հարցերի լուծման համար բավարար գումար է «մատակարարում», նաև օգնում է «ներանձնային» հարցերում։ Օրինակ, սովորեցնում է շփվել, լեզու գտնել տարբեր բնավորությամբ մարդկանց հետ, կոփել կամքի ուժն ու համբերությունը, և այլն։ Հայ ազգն աշխատասեր է՝ վկա, օրինակ, «ավլեմ-թափեմ փոշին» երգը։ Այլ ազգերն էլ ոգևորվելով մեր աշխատասիրությամբ փորձել են կրկնօրինակել մեզ։ Նույնիսկ Ռիհաննան է երգ նվիրել այս հրաշալի զբաղմունքին, կասկած չունեք, չէ՞, որ մեր՝ աշխատանքին նվիրված երգերից է ոգեշնչվել։ Իր երգում անգամ փոքրիկ «լայֆհաք» կա․ որքան արագ ասում է work, work, work, work, այ նույն արագությամբ էլ պիտի աշխատեք, որ բոլոր գործերը ստացվեն։

Առաքիչ աշխատելը հատկապես գրավիչ է, որովհետև ենթադրում է ազատ գրաֆիկ, հետաքրքիր համագործակցություն գործընկեր-կազմակերպությունների,  ու ակտիվ շփում անծանոթների հետ՝ ճկուն աշխատավարձով։ Դրանով կարելի է նաև ուղղակի կողմնակի եկամուտ ապահովել՝ համագործակցելով հիմնական աշխատանքի հետ։ Մեր գործընկեր-առաքիչների մասին պարբերաբար պատմում ենք ձեզ, և նրանց մեջ կա մի շերտ, որն առանձնահատուկ հետաքրքիր է․ խոսքը պատանեկան տարիքի առաքիչների մասին է։

Վերջերս հետս մի դեպք պատահեց, այնքան էր դուր եկել միջադեպը, որ անգամ այդ մասին սոցցանցերում էի գրել։ Սեպտեմբերի սկզբներում Menu.am-ից  պատվերս բերեց մի երիտասարդ տղա՝ 15-16 տարեկան՝ փայլուն աչքերով, ուրախ, շատ կիրթ խոսքով։ Երբ  գումարը փոխանցեցի՝ մանրը չվերցրի ու կատակով ասացի․ «Բայց խնդրում եմ ծխախոտ չգնեք»։ Տղան լուրջ դեմք ընդունեց, ասաց․ «Վայ չէ, ինչ եք ասում, ինչ ծխել, ազնիվ խոսք՝ հեծանիվի փող եմ հավաքում»։ Ծիծաղեցինք, գնաց, ու ես երկար ժամանակ մտածում էի՝ մեր ընկերությունն ինչքան լավ օրինակ է ծառայում շատ կազմակերպություններին։ Իրականում՝  այս թեմայի մասին կարելի էր միայն այս միջադեպը պատմել ու էլ ոչինչ  չգրել, քանի որ այն լիովին նկարագրում է այն ամենը, ինչ կարելի էր ասել այս թեմայով, և նաև բացատրում է պատճառը, թե ինչու ենք մեծ սիրով աշխատում պատանիների հետ։

Երիտասարդ տարիքում աշխատելն ահռելի մեծ դրական կողմեր ունի՝ հատկապես եթե աշխատում ես մեր նման ընկերության հետ՝ ազատ ես, քեզ չեն ճնշում աշխատանքային պարտականություններով,  ու հաճելի բոնուս՝ ունես լավ գործընկերներ, որոնք միշտ պատրաստ են օգնել։ Հատկապես անցումային տարիքում աշխատելն օգնում է զսպել տրամադրության փոփոխությունները՝ չէ՞ որ աշխատանքի մեջ պիտի պատասխանատու ու ճշտապահ լինես, այս գծերի շնորհիվ ավելի հավաք ես դառնում, սովորում ես չտրվել զգացմունքներին ու կշռադատված լինել։ Սա հաճախ է պակասում երիտասարդ տարիքում, և աշխատանքն իսկապես կարողանում է օգնել այս հարցում։

Հաճելի է, երբ երիտասարդներն արդեն փոքրուց ցանկանում են իրենց  երազանքներին ինքնուրույն հասնել՝ ինչպես իմ հանդիպած տղայի դեպքում էր։ Ցանկանում էր գնել հեծանիվ՝ գտել էր ամենաաշխատող տարբերակը՝ փոխաբերական ու ամենաուղիղ իմաստով։ Եվ նա միակը չէ մեր ընկերությունում, Menu.am-ը, ինչպես էլի մի շարք ընկերություններ,  շատ հաճախ է խոսում մարդկանց՝ երիտասարդ տարիքից տարատեսակ աշխատանքներում ընդգրկելու մասին, քանի որ մենք վստահ ենք, որ լավ քաղաքացի ու առհասարակ՝ լավ մարդ լինելու համար աշխատասեր լինելը կարևոր դրույթներից մեկն է։ Մենք փորձում ենք երիտասարդների նկատմամբ հետաքրքրություն առաջացնել աշխատանքի ու ազնիվ վաստակած գումարի նկատմամբ, և կարծես թե ստացվում է։ Նրանց բոլորի երազանքները տարբեր են՝ հեծանիվից մինչև «ավելի լուրջ» նպատակներ, սակայն մի կետում բոլորը հատավում են՝ սիրով են աշխատում, ու, ի դեպ, ոչնչով չեն զիջում ավագ առաքիչներին, անգամ երբեմն գերազանցում են առաքելու արագությամբ։

Երիտասարդների հետ հատկապես արձակուրդային շրջանում ենք հաճախ աշխատում, բայց նրանցից շատերը համագործակցում են մեզ հետ նաև ուսումնական ամիսներին՝ շնորհիվ ազատ գրաֆիկի։ Մենք միշտ ուրախ ենք  ունենալ նոր գործընկերներ, ու պատրաստ ենք փոխանցել մեր փորձը բոլոր այն երիտասարդներին, որոնք ուզում են աշխատել մեզ հետ։ Մնում է միայն սեղմել այստեղ ու դառնալ մեր աշխատանքային մեծ ընտանիքի անդամ։ Համալրեք մեր՝ համի երիտասարդ առաքիչների շարքերն ու կտեսնեք, թե աշխատանքը որքան կկոփի, կօգնի  արագ լեզու գտնել մարդկանց հետ, կսովորեցնեի հեշտորեն լուծել դժվար թվացող իրավիճակները, և որ պակաս կարևոր չէ՝ կգեղեցկացնի ձեզ, ներսից-դրսից (լուրջ կասկածներ ունենք, որ հաջորդ տարվա «Միսս Աշխարհում» մասնակցելու են մեր գործընկերուհիները, հաստատ կհաղթեն)։

Աշխատանքի նկատմամբ սերը ծնվում է երիտասարդ տարիքից, և մենք ուրախ ենք լինել այն կամուրջը, որը երիտասարդին ու աշխատանքն իրար է կապում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով