Տոնական սեղանների տրանսֆորմացիան

Բոլորս ունենք այնպիսի մի ծանոթ, որը Ամանորի մոտենալուն պես անպայման ասում է․ «Զգո՞ւմ եք, այս տարի կարծես Նոր տարվա տրամադրություն չլինի»։ Նման զգացողությունն ունի արդարացված պատճառ, շատերս աշխատում ենք մինչև տարվա ընդհուպ վերջին օրը, ժամանակ չենք ունենում՝ տոնական տրամադրություն ստեղծելու, մյուսների համար տոնական շունչն ավելի մեղմանում է՝ գնումների կտրոնի գումարը տեսնելուց հետո։

Բայց հավատացեք, սա փոփոխական տրամադրություն է։ Նման կերպ արտահայտվողներն անգամ տարին փոխվելուց թեկուզ հինգ րոպե առաջ սկսում են հավատալ հրաշքների ու լույսերից, փայլերից ու ուրախ երաժշտությունից բարձր տրամադրություն են ստանում՝ մոռանալով, որ օրեր առաջ հենց իրենք էին բողոքում։

Առհասարակ, Ամանորը փոփոխությունների խորհուրդ ունի։ Այն ասես նոր էջ լինի՝ կյանքը սկսելու, փոխելու, էլ ավելի լավը դարձնելու։ Եվ իսկապես, շատերի դեպքում այն բեկումնային փուլ է դառնում։ Տարիների ընթացքում անգամ մեր սեղաններն են փոփոխությունների ենթարկվել, և սա ևս ունի իր «խելամիտ» բացատրությունը։

«Սովետի ժամանակ» միության երկրների կենցաղը, նիստուկացը շատ նման էր իրար, որովհետև Սովետական միությունը  երկաթե  վարագույրով «արգելափակել» էր մարդկանց մուտքը դեպի հարակից երկրներ, մայրցամաքներ ու առհասարակ՝ աշխարհ։

Հենց սրա համար բոլորի տներում գրեթե նույն կահույքն էր, կրում էին նույն հագուստը, և բնական է, որ տոնական սեղանների ուտեստները ևս պետք է կրկնվեին։  Դասական սեղանը բոլորս գիտենք՝ բուդ-բլինչիկ, «Մայրաքաղաքային» աղցան, բուն հայերենով՝ «ստալիչնի», Վինեգրետ, լոբու պաշտետ, խմիչքներ։

Image result for новогодний стол

Հետո Սովետական միությունը քանդվեց (Ստալինի ականջը խուլ)։ Երկաթե վարագույրն անհետացավ, մեր կյանք ներխուժեց ջինսը, «Սնիկերսը» ու Ռեմբոն՝ իր հետ բերելով նոր ու թարմ մտածողություն, փոփոխություններ։

Ավելին, դարն էլ է փոխվել, բայց քսանմեկերորդ դարում, դեռ վեց-յոթ տարի առաջ շարունակում էին ամանորյա կլասիկան պահպանել՝ առանց որևէ «խախտումի»։ Սա ևս հրաշալի բացատրվում է, ու  չեք հավատա, բայց երևույթը լավագույնս կբացատրեն ֆիզիկոսները։ Քանի որ քսանմեկերորդ դարում դասական-սովետական տոնական սեղան գցելը ոչ այլ ինչ է, քան իներցիա։

Երկու հազարականներից սկսած ռեստորանային բիզնեսը սկսեց փոփոխվել։  Եթե մինչ դա ռեստորանների մեծամասնությունը խաշ-խորոված ու ռաբիս երաժշտություն էին մատուցում, ապա ի հայտ եկան այնպիսի ռեստորաններ, որոնք զուրկ էին խորովածներից, առաջարկում են հետաքրքիր ու մեզ համար անսովոր ուտեստներ ու նաև՝ կոլորիտ ու երաժշտություն։ Եվ այս փոփոխությունը չէր կարող չանդրադառնալ նաև տոնական սեղանների վրա։

Պատկերացնո՞ւմ եք, օրինակ, 1994 թվականին որևէ մեկին ասեիք՝ սեղանին հում ձուկ դիր։ Ձեզ ուղղակի կզրկեին համեղ բլինչիկից, ավելին՝ խոզի բդի էն համով կտորը ևս չէին տա, և դուք արժանի կլինեիք այսպիսի անմարդկային չարչարանքների։ Դե որովհետև ո՞վ է տեսել, որ սեղանին հում ձուկ դնեն, բարեկամները նման լկտիություն չէին ների։

Related image

Իսկ հիմա դա ոչ թե լկտիություն է, այլ՝ իրականություն։ Ի դեպ՝ շատ համեղ ու հետաքրքիր իրականություն։ Այո, շատերը տոնական սեղանը զարդարում են թարմ ու համեղ սուշիով։ Սա և՛ գունավորում է սեղանը, և այն դարձնում ավելի հետաքրքիր։
Որոշ մարդիկ սկսել են թայլանդական ուտեստներով համեմել սեղանը, ուրիշները փոխառում են վրացական ուտեստներ։ Ես անգամ ունեմ ծանոթներ, որոնք տոնական մինի բուրգերներ են պատրաստում, այ էդպես սիրում են ֆասթ ֆուդը։

Բայց այս և մյուս փոփոխությունները չեն նշանակում, թե պետք է հրաժարվենք դասական սեղաններից։ Բացարձակ։ Հակառակը, երբ հինը համադրում ենք նորի հետ, ստանում ենք շատ հետաքրքիր համադրություններ։

Մեր գաստրոնոմիկ կյանքը ևս փոխվում է դեպի լավը, այստեղ ևս ոչ բռնի, թավշյա ու համեղ հեղափոխություն է եղել։ Մենք սովորում ենք փորձել նորը, հետաքրքրվել այն երկրների խոհանոցներով, որոնց մասին, գուցե, այսքան տարիների ընթացքում ոչինչ չենք իմացել։ Եվ չենք վախենում դրանք  «կիրառել» մեր դասական սեղաններում։

Ամանորին հաշված օրեր մնացին։ Մենք ուզում ենք մաղթել, որ ձեր կյանքում ևս հինն ու նորը համատեղվեն՝ թե խոհանոցում, թե կյանքում։ Որ չվախենաք փորձարկումներից ու փոփոխություններից՝ թե գաստրոնոմիկ, թե «կենսաբանական» կյանքում։

Մեզ մնում  է մաղթել ձեզ ուրախ տոնական օրեր, համեղ ուտեստներ ու աննման բլինչիկներ։ Թող անանասը հնարավորինս շուտ կտրվի, թե չէ պահում ենք մինչև վերջին օրն ու դեն նետում։ Բարի Ամանոր ու բարի ախորժակ։ Կհանդիպենք մյուս տարի։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով