Տնական ուտելիքի անհաղթ ուժը

Տնական ուտելիքի անհաղթ ուժը

Տնական ուտելիքն իր  իրական գնահատանքին արժանանում է միայն ուժեղ քաղցի ժամանակ։ Ի՞նչ կա ավելի համեղ, երբ հոգնած ու սոված հասնում ես տուն ու սեղանին հայտնաբերում ես, օրինակ, հաց, պանիր ու կանաչեղեն․․․անմահական եռամիսնություն։ Նման պահերին ամենահայտնի ռեստորանների նրբահամ ուտեստները չես փոխարինի սեփական ձեռքով պատրաստած բրդուճի հետ։

Տնական ֆասթֆուդը տարբերվում է «դրսի» ֆասթֆուդից։ Եթե սննդի արագ կետերում սովորաբար մեզ առաջարկում են  բուրգերներ, սենդվիչներ ու հոթոդոգներ, ապա տանն ամեն ինչ ավելի պարզ է։ Տնական ֆասթֆուդի մաս են կազմում տարատեսակ բրդուճները՝ պանիրներով, երշիկեղենով, կարագ-մեղրով և այլն՝ մեկը մեկից համեղ ու յուրօրինակ, ու գործում է միայն մի օրենք․ օգտագործել տանը գտած սնունդն ու հույսը դնել երևակայության վրա՝ աղոթելով, որ ստացվածը հնարավոր լինի ուտել, վերջ։

Ավելի քաղցածներին օգնության է հասնում ձվածեղների լայն տեսականին՝ կանաչեղենով, սոխով, բիբարի տեսակներով, սնկով, լոլիկով կամ էլի երշիկեղենով։ Սրան կարելի է գումարել տապակած կամ եփած կարտոֆիլ, վերջինս կամ խոշոր կտրտրած, ձեթով ու սոխով համեմված, կամ պյուրեի տեսքով։ Մի քիչ եփած միս կամ ձուկ ու վերջ, տոնական սեղանը պատրաստ է, ժամանակն էլ՝ շահած, չէ՞ որ այս բոլոր ուտեստները հնարավորինս քիչ ժամանակ են խլում մեզնից։

Չմտածեք, թե տնական խոհանոցը ստեղծվում է միայն ձեռքի տակ եղածով։ Իրականում, այն ունի իր էթնիկ, մշակութային, և անգամ՝ կրոնական առանձնահատկությունները։ Եվ ըստ դրա, ամեն երկիր իր տնական ուտելիքն ունի։ Օրինակ, հարևան Ռուսաստանում սեղանի անպակաս զարդ է համարվում խոզի սալը, «խոլոդեցը», մանանեխի մածուկը։ Իրանում շատ են օգտագործում ընդեղեն, Թուրքիայում՝ մսեղեն և այլն։

Ի տարբերություն բարձր-մասնագիտացած խոհանոցի, որտեղ  ամեն ուտեստի մատուցում ունի հատուկ արարողակարգ ու հերթականություն, պատրաստման տարատեսակ ձևեր, տնական խոհանոցն ավելի պարզ է։

Եթե բարձրակարգ ռեստորաններում ուտեստները մատուցում են հատուկ ափսեներով ու թանկարժեք գինով, ապա տանը մենք պատրաստում ենք գրպանին ավելի հարմար ուտեստներ, որոնք նաև չեն խլում շատ ժամանակ։ Բայց սրանից «համային հաճույքը» չի անհետանում։

Իհարկե, հաճելի է բարձրակարգ ռեստորանում ուտել ժուլյեն,  միջին  եփվածության իդեալական մարմարյա սթեյք ու այս ամենի հետ մի քանի տասնյակ տարիների հնեցվածության լավ գինի խմել։ Բայց կա այս ամենի  հակառակ կողմը ևս, երբ մենք օրվա մեջ թեթև ուտեստներ ենք պատրաստում մեզ համար, «համեստ» գնումներ ենք անում խանութից ու որոշում տարատեսակ փորձարկումներ անել։

Ի դեպ, տնական խոհանոցը միշտ չէ, որ թեթև ու «ֆասթֆուդային» է։ Օտար, ավելի ճիշտ՝ եվրոպական երկրներում շատ ընդունված  է դրսում ուտելը, մարդիկ տանը սովորաբար  մրգեր, հյութեր ու չիփսեղեն են պահում՝ նախաճաշելով, ճաշելով ու ընթրելով տարբեր ռեստորաններում։

Բայց Հայաստանում իրավիճակը լրիվ այլ է։ Ինչի՞ մասին է խոսքը, մենք անգամ  ամենաճոխ քեֆերից տուն վերադառնալիս, որքան էլ կուշտ լինենք, պիտի տանը «մի կտոր» հաց ուտենք, որովհետև տուն մտնելիս միշտ թվում է, թե քաղցած ենք։

Թեթև բրդուճներից, ձվածեղներից ու տապակած միս-բանջարեղենից հետո բեմ են բարձրանում աղցանները, ապուրները, խմորային ուտեստները։ Ի՞նչ կա ավելի համեղ, քան մամայի պատրաստած հավով ապուրը՝ ձմռան ցրտին, կամ եկեք հիշենք, թե որքան ուրախ են անցնում տնական պելմենիի պատրաստությունները։ Ճիշտ է, ընտանիքի անդամներով ավելի շատ խանգարում ենք տան կանանց, քան՝ օգնում, բայց, մեկ է, ուրախ ու հիշվող է ստացվում։

Դե, աղցանների մասին էլ խոսք չկա։ Մայրիկները կարողանում են ոչնչից աղցան պատրաստել ու անպայման ստիպել մեզ ուտել այն՝ պնդելով, որ այն շատ օգտակար է ու վիտամնիաշատ, ու կապ չունի, որ դրա բաղադրատոմսը հորինել են տասնհինգ րոպե առաջ։

Տնական ուտեստները բազմազան են, բայց դրանք բոլորն էլ համեղ են։ Անգամ եթե սովորական խաշած կարտոֆիլ ենք ուտում։ Որովհետև այն ուտում ենք տանը, սիրելի մարդկանց միջավայրում, իսկ սիրելիների հետ ամենահասարակ ուտեստի շուրջ էլ կարելի է տոնական տրամադրություն ունենալ։

Image result for boiled potatoes

Շուտով Ամանոր է, ու սեղանները կզարդարվեն տարատեսակ համեղ կերակրատեսակներով՝ տնական և ոչ այնքան։ Բայց մեկ է, որքան էլ  բարդ ու խառը բաղադրատոմսերով ուտեստներ պատրաստենք, հունվարի չորսին կամ հինգին նորին մեծություն սպասը հայտնվելու է մեր սեղաններին ու հիշեցնելու է՝ ով է իրականում խոհանոցի տիրուհին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով