Թայլանդից Երևան ու մենք հլը շարունակում ենք

Թայլանդական խոհանոցը վերջին տարիներին բավական պոպուլյար է դարձել շնորհիվ տուրիստների` դեպի Թայլանդ մեծ հոսքի:  Թայլանդական խոհանոցի ավանդույթները ձևավորվել են չինական, հնդկական և անգամ ճապոնական խոհանոցի ազդեցությամբ:

Եթե հայերիս շրջանում սեղանի փառավոր անդամը հացն է, ապա թայլանդացիների մոտ սեղանի մշտական հյուրը բրինձն է իր հարյուրավոր տարատեսակներով: Տեղական խոհանոցի առանձնահատկությունը գլխապտույտ քանակի մածուկների առկայությունն է, որոնք ստացվում են տարբեր համեմունքներ ու բույսեր տրորելու ու համասեռ կամ ոչ այնքան համասեռ զանգվածի վերածելու ճանապարհով: Մածուկը լցվում է մինչև 250 աստիճան տաքացված բուսական յուղով վոկի` ցցված իջվածքով խորը թավայի մեջ: Այնուհետև հերթով ավելացվում են մնացած բաղադրիչները:

Այս անգամ մենք մի քանի րոպեով կուղևորվենք Բանգկոկ.. էէ Wok and Roll, որը հանդիսանում է Հայաստանում թայլանդական խոհանոցի պիոներներից մեկը: Առհասարակ` վոկընդռոլյան մենյուն չափազանց բազմազան է. չինական ուտեստներ, ճապոնական ուրախություններ ու թայլանդական խոհանոց: Եթե չինական ու ճապոնական խոհանոցը հայերիս շրջանում արդեն հասցրել է սիրվել, թայլանդականը դեռ շարունակում է մնալ փոքր-ինչ առեղծվածային ու չբացահայտված:

Թոմ-Յամը թերևս թայլանդական ամենահայտնի ապուրն է: Եթե մեր լեզվամտածողոթյան մեջ Թոմը մկների հետևից վազվզացող հաճելի երկարականջ կատու է, ապա Թայլանդում ”Թոմ” նշանակում է եռացնել, իսկ Յամ` կծու-թթու աղցան: Թոմ-Յամն այնքան է սիրվել ու կարևոր դարձել տեղի բնակիչների (և ոչ միայն) համար, որ 1997 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամը հենց այս ապուրի անունով է կոչվել: Տուրիստների շրջանում նույնպես այն ամենասիրելին է, հետևաբար` նաև ամենավաճառվողը: Հավիկների մսաջրի վրա հիմնված ապուրի մեջ զանազան պարզ բաղադրիչներ կան` մի քիչ լայմ, փոքրիկ չերրիներ, սունկ, չիլի պաստա, լեմոնգրաս (այս առեղծվածային բույսի մասին դուք դեռ պատիվ կունենաք կարդալ), չիլի պղպեղ և օրինակ` ծովախեցգետին կամ այլ ծովամթերք: Չիլի պաստան վառ նարնջագույն տեսք է հաղորդում ապուրին: Սա այնքան աուտենտիկ ապուր է, որ դրա մեջ երբեմն անգամ բանանի կամ ակացիայի ծաղիկ են ավելացնում: Ամեն թայլանդացի խոհարար Թոմ-Յամ պատրաստելու իր գաղտնիքներն ու նրբություններն ունի: Վոկընդռոլյան Թոմ-Յամը նույնպես առանձնանում է իր հատուկ համափնջով ու ֆանտաստիկ բույրով: Վոկ ընդ Ռոլում կարող եք գտնել սաղմոնով, ծովախեցգետնով կամ այլ ծովամթերքով Թոմ-Յամ:

Իմ պարտքն եմ համարում պատմել ձեզ թայլանդական ամենակարևոր համեմունքներից մեկի` լեմոնգրասի մասին: Լեմոնգրասը հացահատիկների շարքին պատկանող բույս է, թուփ, որն իր կեցության ընթացքում կարող է հասնել 1.5 մետր բարձրության: Մի բան ասեմ, բայց ոչ մեկին չասեք. այն այժմ աճեցվում է նաև Հայաստանում: Չափազանց ուղիղ ցողուն ունեցող այս բույսը իր կիտրոնային բույրի շնորհիվ կիրառվում է թեյի, սոուսների ու ապուրների մեջ, օրինակ` Թոմ-Յամի: Հնում համարվում էր, որ լեմոնգրասը պաշտպանում է չար աչքից, ներկայումս դուք կարող եք լեմոնգրասով ծեծել ձեզ չար աչքերով նայողներին ու պաշպանվել այդ եղանակով:

Գարնանային փաթաթիկները կամ ինչպես ասում են նորմալ մարդիկ` spring rolls-ը ինձ համար մեր տոլմայի ասիական համարժեքն են: Ինչու՞ գարնանային, որովհետև բրնձային թղթի  լցոնումը կատարվում էր նոր, գարնանային սեզոնին բնորոշ մթերքներով, որոնց շարքում կարող են լինել բանջարեղեն և ծովախեցգետին:

Իմ համար ամենայուրահատուկ թայլանդական ուտեստներից մեկը Փադ-Թայն է: Տապակված լապշա, ձու, սոյայի ծլեր, ձկնային սոուս, գետնանուշ ու փայտիկներ: Գուշակեք, թե թվարկվածներից ո՞ր բաղադրիչն է ամենաշատը գրավում ինձ այս համադրության մեջ:

Կանաչ, կարմիր և դեղին քարրիով հավի հիմքում ընկած է քարրի մածուկը, որը պատրաստվում է չիլիից, լեմոնգրասից, լայմի տերևներից, կոկոսի կաթից և այլ գաղտնի բաղադրիչներից: Կանաչ, դեղին ու կարմիր քարրիներն իրարից տարբերվում են միայն համեմունքներով ու հետևաբար` կծվության աստիճանով: Քարրիով հավը հաճախ ուտում են բրնձի հետ, չնայած` թայլանդցիները ամեն ինչն էլ միշտ բրնձի հետ են ուտում:

Թոմ-Կխան իմ աչքի համար ամենագեղեցիկ ապուրներից մեկն է: Ախորժաճաշակ այս ապուրի հիմքում ընկած է կոկոսի կաթը, որն էլ պայմանավորում է ապուրի վերերկրային ճերմակ ֆոնը: Կոկոսի կաթը տարբերվում է կոկոսաջրից: Կոկոսաջուրը կոկոսը կոտրելուց հետո դրա միջից հոսող հեղուկն է, իսկ կոկոսի կաթը ստացվում է պտղամսի մշակման հետևանքով: Այն խիտ է, հարուստ է ճարպով:

Մենք ձեզ ներկայացրինք թայլանդական խոհանոցի ամենակարկառուն ներկայացուցիչներին, որոնք դուք ուղղակի պարտավոր եք կյանքում գոնե մեկ անգամ փորձել: Իսկ այ հետագա գաստրոբացահայտումները թողնում ենք ձեր փխրուն ուսերին:

Վերջում նշենք, որ Wok and Roll-ում ոչ ոք ձեզ չի քննադատի պատառաքաղով ուտելու համար, իսկ եթե Թայլանդում փորձեք պատառաքաղը մոտեցնել բերանին, դա կգնահատվի որպես անհարիր վարքի նշան: Դե ինչ, ասիական կծու-թթու-քաղցր համերն բարեկամաբար ու անհամբեր կերպով ձեզ են սպասում Wok and Roll-ում, իսկ menu.am-ը պատրաստ է անհապաղ առաքել դրանք անմիջապես ձեր տուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով