Ձոն կոմպոտաց

Բրիտանացի գիտնականներն ապացուցել են․ Նոր տարվա տրամադրությունը սկսվում է այն պահից, երբ տնեցիներից մեկը «խոսքի մեջ» ցանկություն է արտահայտում «Մի հատ կոմպոտ չբացե՞նք»։

Վերջ, կախարդական բառերն ասված են, ու եթե դրանք ասվում են նույնիսկ ամռանը՝ ընթացքն այլևս հնարավոր չի լինի դադարեցնել, Ամանորը հաստատ գալու է։ Փաստորեն, այո, եթե մի օր, աշխարհի որևէ ծայրում գոնե մեկ հոգի կոմպոտ չցանկանա, մենք այլևս Նոր տարի չենք ունենա։
Բայց հանգիստ եղեք, սա անհնար է, որովհետև․․․դե ախր էլ ի՞նչ բացատրենք, ո՞նց կարելի է կոմպոտ չուզել՝ այն էլ՝ սառնոտ եղանակին։

Կոմպոտը ավելի հին է,  քան Ադրբեջանը  քան մի շարք այլ քաղցրահյութեր։ Պատմությունը վկայում է, որ դեռ 18-րդ դարում ռուսներն ունեին մրգային հյութեր, որոնց կոչում էին «եփուկ»։ Այն այդքան էլ տարածված չէր բոլոր խավերում, ու համարվում էր խիստ տոնական  ըմպելիք, մատուցում էին միայն ճրագալույցի տոնակատարման ժամանակ։ Պատրաստում էին չամիչի, տանձի, սալորի, խնձորի, սև սալորի չրերից։

Image result for kompot gif

Մեզ կոմպոտը հավանաբար հենց Ռուսաստանից էլ հասել է, և առհասարակ, շատ հայեր կոմպոտն ասոցացնում են հենց ռուսների հետ, բայց առհասարակ, compote-ը ֆրանսիական ծագում ունի, և նրանք են այս  ըմպելիքի «հիմնադիրները»։

Related image

Մինչ այսօր էլ ֆրանսիական խանութներում կարելի է տարատեսակ, զանազան ու զարմանազան կոմպոտների տարբերակներ գտնել ու վայելել, դրանք գնալով շատանում են։ Իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է կոմպոտը պատկերացնել, օրինակ, կրուասանի հետ, բայց արժե փորձել, գուցե միասին շատ համատեղելի են։

Related image

Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի երկների համար կոմպոտն ավանդական ըմպելիք է, կամ հատապտղային պահածո՝ անվանեք ոնց ավելի ճիշտ կհամարեք, դրանից նրա համն ու սեղանները զարդարելու կարևորությունը բացարձակ չի տուժում։

Այն սիրելի է քաղցր համով՝ շնորհիվ շաքարավազի, չնայած շաքարավազ ավելացնելը կարևոր նախապայման չէ, առանց հավելյալ քաղցրացնելու էլ մրգահյութերը շատ համեղ են ստացվում, և գուցե շատերին նման տեսքով ու համով էլ ավելի դուր գան։

Մի բան հաստատ է՝ առանց շաքարավազի հաստատ ավելի օգտակար են, այնպես որ հորդորում ենք «առօրյա» կոմպոտները եփել առանց շաքարավազի, թույլ տալով, որ մրգերի ու հատապտղուների համը բնական մնա։

Image result for kompot bez saxara

Ի դեպ, գուցե չհավատաք, բայց Ռուսաստանում, կոմպոտի հայտնման ու «ֆետիշացման» 18-րդ դարում այն եփում էին ոչ միայն հատապտուղներով։ Կոմպոտի մեջ ավելացնում էին․․․ ձավարեղեն՝  սննդարար հատկանիշների բարձրացնման համար։

Այսօր կոմպոտը պատրաստում են տնային պայմաններում՝ թարմ մրգերից և հատապտուղներից, չրերից, սառեցրած մրգերից ու հատապտուղներից, չորացրած մրգաջրային խառնուրդներից կամ սառեցրած մրգաջրային տեսակակազմից։  Եվ եթե նախկինում այն օգտագործում էին միայն  տոնական օրերին, և միայն բարձր դասի մարդիկ, ապա այսօր  կոմպոտները գաստրոնոմիկ առօրյայի բաղկացուցիչ մասն են, մատուցվում են սրճարաններում ու ռեստորաններում ու վայելում ամբողջ աշխարհի սերը։

Image result for kompot

Կոմպոտ վայելելու իսկական ժամանակն է, այն համեղացնում է անգամ ամենահասարակ ընթրիքի սեղանը՝ փոխանցելով գույն, քաղցրուցություն ու իհարկե՝ բարձր տրամադրություն։ Բրիտանացի գիտնականները հաստատ սիրում են այս համեղ մրգահյութերը, և շնորհիվ այդ սիրո էլ բացահայտել են այն պատճառն ու առիթը, որի շնորհիվ մենք ամեն տարի Ամանոր ենք ունենում։ Այ միայն մի հարցի պատասխան չեն գտել՝ ո՞վ պետք է իջնի նկուղ՝ կոմպոտը բերելու։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով