Աշխարհի ամենատարօրինակ ռեստորանները

Ռեստորաններ հաճախելը սովորաբար կանխատեսելի զբաղմունք է. համեղ սնունդ, սփռոցածածկ սեղաններ, գեղեցիկ ինտերիեր: Որոշ ռեստորատորներ եկել են եզրակացության, որ ժամանակի ընթացքում սա կարող է ձանձրացնել այցելուներին ու սննդի մատուցման հարցում ոչ օրդինար մարքեթինգային որոշումներ են կայացրել:

Մալդիվներում գտնվող «Իթա» կոչվող ռեստորանը աշխարհի ամենաունիկալ ռեստորաններից մեկն է: Ստորջրյա այս ռեստորանը գտնվում է ծովի մեջ 5 մետր խորության վրա: Միաժամանակ կարող է տեղավորել 14-15 այցելու: Այցելուները վալելում են եվրոպական ու ասիական խոհանոցի համադամ ուտեստները՝ ծովային բնակիչների հետաքրքրասեր հայացքների ներքո: Եթե ցանկություն առաջացավ ընթրել ապակյա պատերով ու առաստաղով այս ռեստորանում՝ ապա խորհուրդ ենք տալիս շտապել, քանի որ ռեստորանի պատերի ապրելիությանը մոտ 5 տարի է մնացել: Չնայած ձեռնարկված հակակոռոզիոն գործողություններին՝ մեկ է, ծովի ջուրը դանդաղ ու աննկատ իր քայքայիչ գործունեությունն է իրականացնում:

Մոնրեալյան O.NOIR ռեստորանն առանձնանում է նրանով, որ այստեղ պատվեր կատարելու պահից հետո այցելուներն ընթրելու համար անցնում են կատարյալ մութ սրահ: Երկու ժամանոց ընթրիքը սկսվում է նրանից, որ մատուցողները բացատրում են, թե սեղանին ինչը որտեղ է դրված: Պատկերացնում եմ, թե որքան պետք է վստահել շեֆ խոհարարին նման ռիսկային գաստրոնոմիկ քայլի դիմելու համար:

Հնդկական New Lucky ռեստորանի տերը հավատացած է, որ գերեզմանատունը, որի տարածքում կառուցել է ռեստորանը իրեն հաջողություն է բերում: Թերևս նա չի սխալվում: Ռեստորանն ունի մեծ քանակի այցելուներ, որոնք այստեղ են գալիս կաթով թեյի, ապուրների ու սեղանների արանքում տեղադրված գերեզմանաքարերի համար:

Ռիգայի Hospitalis ռեստորանում պատառաքաղի ու դանակի փոխարեն վիրաբուժական բռնիչ ու լանցետ են տալիս, տորթերը զարդարված են ռեալիստիկ ականջներով ու մարմնի այլ օրգաններով: Ցանկության դեպքում այցելուին հագցնում են զսպաշապիկ, իսկ կերակուրը մատուցվում է ոչ այնքան սովորական արտաքինով բուժքույրերի կողմից:

Բրուքլինյան Eat ռեստորանում այցելուներից պահանջվում է սնվել բացարձակ լռության մեջ: Ռեստորանի հիմնադիրը այս որոշմանն է եկել բուդդիստական մենաստանում մի քանի տարի անցկացնելուց հետո: Լուռ ընթրիքներն իրականանում են ամիսը մեկ, և որքան էլ տարօրինակ է՝ տասնյակ այցելուներ շաբաթներ առաջ սեղան են ամրագրում, որպեսզի հնարավորություն ունենան ընթրել կատարյալ լռության մեջ:

Մանհեթենի ռեստորաններից մեկում (չենք ասի՝ որ մեկում) ամիսը մեկ անգամ  նուդիստական ոճի ընթրիք-երեկույթ է կազմակերպվում: Բայց մի անհանգստացեք՝ պատուհանները ծածկված են, տաք ապուրներ չեն մատուցվում, և որքան էլ տարօրինակ է՝ սպասարկող անձնակազմն իր գործը հագնված է անում: Այ քեզ անարդարացի պայմաններ:

Աշխարհի տարբեր ծայրերում գտնվող ոչ օրդինար ռեստորանների մասին մենք դեռ էլի կպատմենք, դուք էլ պատմեք Հայաստանում հանդիպած տարօրինակ ռեստորանների մասին

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով