Զաթար

Ոչ մեկը չի կարող չհամաձայնել, որ Մերձավոր Արևելքի խոհանոցը առանձնանում է յուրօրինակ ու համեղագույն ուտեստներով: Տիպիկ մերձավորարևելյան ուտեստների շարքին պատկանում է զաթարը: Ինչպես արաբական խոհանոցի մյուս հրաշքները, զաթարը նույնպես աշխարհով մեկ տարածվել է էմիգրանտների շնորհիվ:

Իրականում զաթարը օրեգանոյի բարեկամ մի քանի համեմունքների խառնուրդ է: Զաթարի մասին անգամ Աստվածաշնչում է հիշատակվում, դե պատկերացրեք թե որքան հին է այս համեմունքը: Ասում են, որ Դավիթը նույնպես օգտագործում էր  զաթար՝ օրգանիզմը մաքրելու նպատակով: Զաթար հայտնաբերել են անգամ Թութանհամոնի դամբարանից: Երևի նա նույնպես տեղյակ էր զաթարի հրաշալիության մասին: Այս փաստն ինձ հուշում է այն մասին, որ ես ու Թութանհամոնը ընկերներ դառնալու մեծ շանսեր կունենայինք, եթե նույն ժամանակում ապրեինք:

Զաթարի բաղադրությունը կարող է փոխել կախված ոչ միայն տարածաշրջանից, այլև՝ ընտանիքից, որտեղ այն պատրաստվում է: Հին ժամանակներում կար ավադույթ, ըստ որի ընտանիքում զաթարի պատրաստման եղանակը խիստ գաղտնի էր պահվում և փոխանցվում էր մորից աղջկան: Կարծում եմ, մայրս չի ների ինձ, որ անամոթաբար փորձում եմ խախտել այդ գաղտնիության շղարշը ու պատմել պատրաստման եղանակի մասին (կատակ): Սովորաբար զաթարը չորացնում են արևի տակ, խառնում աղի ու տապակված  քունջութի հետ: Այնուհետև այս խառնուրդը լցվում է պիտա հացի վրա: Զաթարը կարելի է կիրառել որպես առանձին համեմունք՝ մսային ու ձկնային կերակուրների համար: Երբեմն այն մատուցում են նաև հումուսի վրա լցված:

Արևելյան ժողովուրդները համոզված էին, որ զաթարը սիրտը լցնում է կենսախնդությամբ: Ես վստահեցնում եմ՝ արևելացիք չէին սխալվում: Չկա ավելի հրաշալի ուտելիք, քան հատուկ զաթարը: Իմ նախընտրելին  Զաթար Պիցցայի «Հատուկ զաթարն» է. բարակ լոշիկ, համեմունք, քամած մածուն, լոլիկի կտորներ ու սև ձիթապտուղ: Ծայրահեղ շտապողական օրերին ես ուղղակի ինձ արագ նետում եմ քաղաքի Ֆիրդուսի կոչվող հատվածը, վերցնում եռման զաթարն ու կծմծելով շարժվում դեպի նպատակակետ: Ինչ խոսք, սա լեդիին բնորոշ պահվածք չէ, բայց ինչ արած:

Մենք փորձել ենք գտնել զաթարային լավագույն առաջարկները, որոնք կտեսնեք ստորև:

Էլիի լահմաջոյանոցը բացի լահմաջոյից առաջարկում է նաև դասական զաթար, որն արժե 250 դրամ և էքստրա զաթար, որն արժե 400 դրամ: Վերջինը բացի համեմունքից պարունակում է նաև լոլիկի շերտեր, անանուխ ու ձիթապտուղ: Անանուխի հետ այդպես էլ չհամակերպվեցի, մի տեսակ բարդ են մեր փոխհարաբերությունները:

Լիբանանյան Շաուրմայում ներկայացված է մեկ տեսակի զաթար, արժեքը՝ 600 դրամ: Պետք է հիշատակել, որ սա իմ կյանքում առաջին անգամ փորձած զաթարն է եղել: Կարծում եմ, որ մարդիկ, ովքեր առանձնահատուկ համեմունքասեր են, կհավանեն այն:

Լոշիկն առաջարկում է զաթարի մեծ տեսականի: Բացի սովորական ու հատուկ զաթարից, այստեղ կարելի է պատվիրել պղպեղով զաթար, ինչպես նաև պղպեղով ու պանրով զաթար, որոնք համապատասխանաբար արժեն 300 և 400 դրամ:

Դե, ինչպես հասկացաք՝ ես գտել եմ իմ կյանքի ամենասիրելի ուտեստներից մեկին: Հուսամ, որ նույնը կկատարվի նաև ձեզ հետ: Բարի ախորժակ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով