Խոսք ուտողաց․ Դառգետ

Ջրից ու թեյից հետո ամենապոպուլյար խմիչքի՝ գարեջրի արտադրությամբ հայերը զբաղվել են դեռևս Ք.ա 5րդ դարում: Գարու գինի կոչվող ըմպելիքը մինչ այժմ մեծ սեր է վայելում տեղացիների շրջանում, բայց չգիտես ինչու արտասահմանցիները մեզ ճանաչում են հայկական կոնյակի շնորհիվ. դե գիտեք, հայկական կոնյակը բազմաթիվ դռներ է բացում:

Մերօրյա իրականության մեջ առաջին քրաֆթ գարեջուրը ստեղծվել է Դառգետում: Ես գարեջրից գլուխ չեմ հանում, բայց դա չի խանգարում, որ Դառգետն ինձ համար յուրահատուկ դիրք գրավի երևանյան մյուս վայրերի կողքին:

Դառգետը ես կներառեի Երևանի տեսարժան վայրերի ցանկի մեջ: Հա-հա, Մատենադարանի ու Վերնիսաժի կողքին: Մի անգամ կարդացի կարծիք այն մասին, որ Դառգետը չի զիջում ամերիկյան լավագույն գարեջրատներին: Դե գիտեք, թե այնտեղ ինչեր են կատարվում. լիտրերով գարեջուր, կովբոյական գլխարկներ ու կեղտոտ ջեքեր, որոնք պատրաստ են կրակել ձեր որովայնին՝ հանուն վերոնշյալ գարեջրի: Սակայն Դառգետում դուք ապահով ձեռքերում եք, բռնությունը իսպառ բացակայում է, կովբոյական գլխարկները՝ նույնպես:

Երբ մտնում ես Դառգետ, առաջին հերթին աչքի ես անցկացնում ինտերիերը: Այն ինդուստրիալ ոճի մեջ է. բարձր առաստաղներ, մետաղյա ու փայտյա զուսպ էլեմենտներ ու ընդարձակ, գեղեցիկ բարային հատված: Դառգետում յուրաքանչյուր դետալ ունի իր նշանակությունը՝ սկսած շշերի պիտակներից, ավարտած՝ լոգոյով: Օրինակ, վերջինի գաղափարն առաջացել է աշխարհի բաբելոնյան քարտեզից, որտեղ մինուճար օվկիանոսը հատկանշվում էր «դառը ջրերի գետ» անվանումով: Քարտեզում օվկիանոսը շրջապատված է կղզիներով ու երկրներով: Երկրներից մեկը և մինչև այժմ գոյություն ունեցողը Հայաստանն է:

Իսկ հիմա ամենակարևորի մասին՝ Դառգետում կարելի է գտնել ծիրանի համով գարեջուր՝ apricot ale, գլխապտույտ Indian pale ale, ու բարդ անուններով բելգիական բազմաթիվ գարեջրեր: Չկողմնորոշվողների համար առկա են  գարեջրային սեթեր: Իսկական տուն տանելու ֆիրմային գարեջրերը կարելի է գտնել բարի հատվածում: Դրանք անչափ ֆոտոգենիկ են:

Դառգետն ունի նաև հրաշալի մենյու՝ բկլիկների համար: Ընկերական հավաքները կզարդարեն նրբերշիկների տեսականին, կողոսկրերը, ծխեցված ձկան ափսեն, կաղամարի օղակները, գարեջրի ընկեր դասական բոված ընդեղենը կամ սաղմոնի ռոլերը (վերջինը կարդա դեմքի «օ-լա-լա» արտահայտությամբ):

Երևի լսած կլինեք հանրահայտ հավի թևիկների մասին, որոնք պատրաստված են բաֆըլո, միջերկրածովյան կամ ասիական ձևով: Պաստաներից խորհուրդ կտամ վայրի սնկերով կամ էն վախենալու անունով պանրով պաստաները: Հա, հիշեցի՝ գորգոնզոլա պանրով: Դե ինչպես բոլորը, ես էլ սիրում եմ «Կեսար» աղցանը ու այցելածս համարյա բոլոր վայրերում փորձել եմ այն: Դառգետյան «Կեսարը» մեծ քանակությամբ պարմեզան է պարունակում, ինչն ուղղակի երջանկացուցիչ փաստ է պանրասեր անձանց համար: Ցավոք, ես դեռ չեմ հասցրել բուրգեր փորձել այս հաստատությունում, բայց հասցրել եմ հետաքրքրվել ֆիրմային բուրգերի մասին, որտեղ սոուսը ֆիրմային գարեջուր է պարունակում: Ու տավարի միս: Հետո մի քիչ բեկոն: Նաև գաուդա ու էլի մի քանի ինգրեդիենտ:

Պիցցաներից պեստոյով պիցցան իմ ֆավորիտն է: Մինիմալիստիկ, բարի պիցցա՝ հավի կրծքամսի շերտերով ու պեստո սոուսով: Մի քիչ շատ լցրեք, էլի, պեստոն: Շնորհակալություն:

Փաստորեն Դառգետը իրավիճակ է փոխել երկրում. վաղը մյուս օր Ամերիկայի մեր բարեկամների համար հետներս հայկական գարեջուր ենք տանելու: Մայլզն ու Սելինջերը հաստատ կհպարտանային ձեզանով:

Image result for proud of you gif

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով