Գուցե փոխե՞նք մշտական մենյուն

Մենք՝ հայերս, սիրում ենք համեղ ուտել: Եվ հաճույքով, որ «տնավարի-հավեսով» ենք  կոչում: Բոլոր տոները մեր տներում սկսվում են առատ սեղաններով, տաք ու սառը համադամ  խորտիկների առատությամբ: Սիրում ենք առատ սեղանների շուրջ լավ առիթներով հավաքվել և հյուրասիրել միմյանց, ուրախանալ ու լավ ժամանակ անցկացնել: Եվ ինչքան էլ  քսանմեկերորդ դարը մեզ մոտեցրել է Եվրոպային ու մնացած աշխարհին,  մենք էլի մեր պառավ յարն ենք  սիրում: Մեր սեղանների զարդն են մնում ավանդական կերակրատեսակները՝ խաշ, խաշլամա, խորոված, քյաբաբ, տոլմա, հարիսա, և այդպես շարունակ: Այսքանով հանդերձ, ամեն  ընտանիքում սիրված կերակուրն իր առանձնահատուկ համուհոտն ունի: Յուրաքանչյուր տան տիկին  իր հեղինակային  բաղադրատոմսն ունի, որով պատրաստածը միշտ անգերազանցելի է:

Image result for Õ­Õ¡Õ·Õ¬Õ¡Õ´Õ¡

Այդպես է նաև մեր քաղաքի ռեստորաններում.  ամեն մեկն  իր ձեռագիրն ունի, և մարդիկ գիտեն արդեն, թե խորովածի կամ խաշի համար հատկապես ուր գնան: Մայրաքաղաքում  մի լավ միտում է զարգանում, որ դժվարությամբ,  բայց նաև մեր տներ է մտնում. խոսքն այլ  ժողովուրդների խոհանոցների մասին է: Մենք սիրում ենք քաղաքի լավագույն ռեստորաններում փորձել նաև հարևան՝ վրացական, արևելյանեվրոպական, և այլևայլ  ուտեստներ, արդեն անգամ  կայուն  ընտրություններ ունենք: Սա հրաշալի է, որովհետև  խոհանոցն էլ մշակույթի մաս է և հաղորդակից է դարձնում տվյալ  ժողովրդի «էթնիկ» առօրյային:

Լավ է, որ դրսում  ճաշակելով հանդերձ, փորձում ենք  նաև տուն բերել օտար բաղադրատոմսերն ու մերը դարձնել: Հեռու չգնանք,  հենց իտալական պիցցաները արդեն հայավարի նաև տանն ենք  սարքում և մեր իմպրովիզներով անգամ բաստուրմայով համեմում: Դե, թող իտալացիները գլուխ գովեն, թե պիցցան իրենցն է, բաստուրա-սուջուխով համեմելուց հետո՝ էլ ինչ Իտալիա: Կամ պաստաները, որոնք մեր ավանդական  մակարոնեղենին զուգահեռ, հայկական խոհանոցում էլ են  հարմար տեղավորվել:

Image result for Pizza with pastrami

Կամ մեքսիկական կծու սոուսներն ու մյուս ուտելիքներն ուղղակի չեն  կարող մեզ անտարբեր թողնել: Այսօր մեր սուպերմարկետներում կարելի է գտնել աշխարհի ամեն անկյունից բերված մթերքներ ու համեմունքներ, և սեփական  հարկի տակ ինտերնացիոնալ  խոհանոց կազմակերպել: Մանավանդ, որ ամենածույլ մարդկանց անգամ համացանցը մի քանի րոպեում  հասու կդարձնի ամենահամեղ բաղադրատոմսերին ու դրանց պատրաստման  հմտություններին:

Image result for searching in the internet gif

Գուցե ժամանակն է փոխե՞լ սեղանների մշտական մենյուն, իհարկե՝ ոչ մշտապես, դա հնարավոր էլ չէ, բայց գոնե՝ ժամանակ առ ժամանակ։ Սրա միտումը ևս կա, բայց դեռ շատ դանդաղ է տարածվում։ Հրաշալի կլիներ, որ, օրինակ, եկող Ամանորի սեղանն ամբողջովին իտալական մոտիվներով լիներ, կամ մոտալուտ ծննդյան օրն ունենար Արևելքի ուտեստների բույր։ Սա հետաքրքիր փորձ կլիներ, և օրը հիշվող կդառնար։ Բայց մենք շատ ենք սիրում կառչել եղածից ու դժվար ենք համակերպվում փոփոխություններին՝ անգամ եթե խոսքը խոհանոցի մասին է։

Վստահ եմ, մեր ազգային  խոհանոցը բնավ չի խեղճանա օտարի ներխուժումից,  այլ միայն  բարի համակեցությամբ կշարունակի իշխել մեր տոներին, սեղաններին ու սրտերին: Ուտողաց՝ անուշ, բարի վայելում, զարմանազան սնվեք։

Related image

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով