Խոսք ուտողաց․Սիոն

Օրեր առաջ կյանքումս առաջին անգամ նորաբաց ռեստորան Սիոնում հրեական խոհանոցից օգտվելու փորձառություն ունեցա, սակայն նախքան հետաքրքիր զգացողություններով կիսվելը մի քիչ փորփրենք տեսական մասը:

Հրեական խոհանոցի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունի կրոնը, դրանով պայմանավորված արգելքներն ու հրեական դիասպորայի բազմաշերտ տեղակայումը: Եվրոպայի հրեաների խոհանոցը բավականաչափ տարբերվում է արևելքում բնակվողների խոհանոցից: Առաջինները բազմաթիվ զրկանքների են ենթարկվել, ինչը չէր կարող չանդրադառնալ կերակուրների բնույթի վրա. դրանք հաճախ համեստ են, թանկարժեք մթերքներ չեն պարունակում, ի տարբերություն Միջերկրական ծովի ափին բնակվողների խոհանոցի:

Կաշրութը կամ կոշերը եզրույթ է, որ նշանակում է Հալախայի տեսակետից որևէ բանի թույլատրելի՝ կաշերային լինելը: Սա մի ամբողջ ծխական կանոնների համակարգ է, որն անդրադառնում է նաև սննդի վրա:

Ցամաքային կենդանիներից կաշերային են համարվում որոճող զույգ կոճղակավորները: Հետևաբար, գլխի եք ընկնում, որ խոզուկներն ու նապաստակները չեն կիրառվում այս խոհանոցում: Թռչուններից չի կարելի ուտել օրինակ՝ արծիվ: Արգելքի հիմնական պատճառը արծվի գիշատիչ լինելն է: Անկախ ձեր կրոնական հավատալիքներից՝ մենք էլ ենք խորհուրդ տալիս խուսափել արծիվ ուտելուց:

Լցոնված ձուկը հրեական պոպուլյար ուտեստներից է: Բայց հիշեք, որ կոշերային են համարվում միայն այն ձկներն ու նրանց ձկնկիթը, որոնք թեփուկներ ու լողակներ ունեն: Շատ հետաքրքիր ու մի քիչ տխուր է, որ սաղմոնն ու նրանից ստացվող կարմիր ձկնկիթը թույլատրելի են, իսկ թառափն ու սև խավիարը՝ ոչ: Ութոտնուկների ու ոստրեների մասին առհասարակ կարելի է մոռանալ:

Մսամթերքի ու կաթնամթերքի պատրաստման համար կան հստակ պայմաններ

  • Միսն ու կաթնամթերքը չի կարելի միասին պատրաստել, մատուցել, ուտել: Անգամ սպասքը, որով մատուցվել են դրանք պետք է լվացվեն առանձին լվացարանների կամ սպասք մաքրող մեքենաների մեջ: Միսը պետք է ստացվի առողջ կենդանուց: Տավարի միսը պետք է մորթված լինի սինագոգում: Մեր հարցին, թե ինչպես է այս ամենը կազմակերպվում Հայաստանում, մատուցողը պատմեց, որ տավարի միսը ստանում են արտասահմանից
  • Դեռևս ողջ կենդանու ձագի միսն ուտել չի կարելի
  • Սննդի մեջ միջատ, երկկենցաղ ու սողուններ չի կարելի կիրառել

Ես հավատացած եմ, որ այս ամենի մասին տեղեկանալը ավելի հետաքրքիր կդարձնի ձեր այցը Սիոն, որտեղ կարելի է ռիսկի դիմել ու փորձել այնպիսի կերակուրներ, որոնք մոտակա 100 կմ շառավղով չեք գտնի:

Նախքան հիմնական կերակրատեսակներին անցնելը որոշեցինք սուրճ պատվիրել: Պարզվեց՝ Սիոնում սրճըմպումը մի ամբողջ ծիսակարգ է: Ուղեկիցս հետաքրքրությամբ հոտոտեց 6-7 տեսակի սուրճ, ընտրեց մեկը, ու քիչ անց սուրճը պատրաստ էր: Իրականում, Սիոնում առկա էր շուրջ 20 տեսակի սուրճ, բայց մատուցողը երևի խնայեց մեզ:

Հրեական խոհանոցի պոպուլյար նախուտեստներից է ֆորշմակը: Ի սկզբանե ֆորշմակ պատրաստել են ու կերել ամենաաղքատ հրեաները: Պատվիրելու վերջին պահին թարմ նարնջով ու քունջութով աղցանը փոխեցի այս տիպիկ հրեական կերակուրի հետ: Ծովատառեխի ու խնձորի պաշտետով պատված հացակտորներն առաջին պահին մոտս շփոթմունք առաջացրեցին. Անկեղծ ասած՝ չէի պատկերացնում, որ երբևէ ձուկ ու խնձոր կհամադրեմ: Հետաքրքիր էր: Բայց մյուս անգամ, այնուամենայնիվ, նարնջով աղցանը կփորձեմ:

Սմբուկի սիրահարները կարող են պատվիրել Բաբագանուշ, որի հիմնական բաղադրիչը խորոված սմբուկի պաշտետն է: Ոնց հասկացաք, հրեաները մի տեսակ շատ պաշտետասեր են: Մենյուում կգտնեք նաև հանրահայտ շակշուկան, որը մեր հայկական պոմիդորով ձվածեղի հրեական անալոգն է: Պղպեղների առկայությունն ու ընթրիքի ժամը ստիպեցին ինձ հրաժարվել շակշուկա համտեսելու մտքից: Իսկ ցիմեսը Նոր տարվան մատուցվող ամենապոպուլյար ուտեստներից մեկն է: Հիմնական բաղադրիչը կտրատված, մեծ քանակությամբ յուղով շոգեխաշված գազարն է, որին կարող են ընկերակցել չրերն ու միսը:

Image result for shakshuka

Մենք համտեսեցինք «Օֆ բիխուշալայմ իմ ուգատ խեվակորտ», իսկ ավելի հասկանալի լեզվով՝ հատուկ սոուսով պատված հավի բդիկ բանջարեղենային կոտլետների ուղեկցությամբ ու կծու Էսկոբար շոկոլադով համեմված: Հավատացեք, չնայած տարօրինակ անվանմանը՝ ֆորշմակից հետո սա շատ ավելի հեշտ ընկալվեց քիմքիս կողմից:

Ես դեռ կվերադառնամ Սիոն՝ հույսով, որ մյուս անգամ այնտեղ կհնչեն Ավիշայ Քոհենի կամ իմ շատ սիրելի մյուս հրեա արտիստների գործերը, իսկ այ անգամ ամենապահպանողական գուրմաններին խորհուրդ կտամ գոնե մեկ անգամ օգտվել հրեական խոհանոցից: Միգուցե ձեր ստամոքսն է՞լ է մեկ-մեկ հոգնում պիցցաներից ու կեսարներից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով