Դինոզավրերն ու 2000 դոլար արժողությամբ սնկերը

Սկսնակ սունկ հավաքողներին ուղղված խորհուրդ՝ երբեք մի կերեք ձեր հավաքած սունկը, որովհետև կասկածելի սնկի անգամ մի փոքրիկ կտորը կարող է մահացու վտանգավոր լինել:

Ես դետալ առ դետալ հիշում եմ սունկ հավաքելու իմ առաջին փորձերը: Դասերի ընթացքում սովորում էի, թե ինչպես տարբերել ուտելի սնկերը թունավորներից, իսկ արձակուրդներին, ընտանեկան «քաղաքիցդուրս»-երի ժամանակ ծլկում էի անտառ ու սկսում յուղասունկ հավաքել, բազմաթիվ բլոճներով բնակեցված կպչուն յուղասնկեր: Երազանք էր գոնե մի ճանճասպանի հանդիպելը: Սնկերն իհարկե հավաքվելուց անմիջապես հետո լիկվիդացվում էին ծնողներիս կողմից ու ոչ մի «լավ էլի, իմ հավաքածը խորովենք» գլուխ չէր բերվում:

Սնկերի շարքում այժմյա իմ սիրելին շամպինյոնն է: Այնքան սիրելի, որ մի պահ որոշել էի նկուղում բոլորից թաքուն շամպինյոն բազմացնել: Լավ էր, ժամանակին կանգ առա ու ընդունվեցի Բժշկական:

Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

Քիչ առաջ թերթում էի համացանցը ու պարզեցի, որ սնկերը դինոզավրերի ժամանակակիցներն են: Կան սնկեր, որոնք լույս են տալիս մութ ժամանակ, կան այնպիսիները, որոնք շարժվում են՝ աչքդ թեքեցիր, էլ ափսեումդ չի չարաճճին: Բացի «վետերան» լինելուց, դրանք հարուստ են սպիտակուցներով, վիտամիններով ու միկրոէլեմենտներով: Սունկը կարելի է տապակել, չորացնել, մարինացնել, թթու դնել: Դրանք հրաշալի համադրվում են բանջարեղենի ու մսի հետ: Սնկով ապուրներ, սնկով պիցցաներ, սնկի խորոված, ու դա դեռ ամենը չէ: Բայց անգամ ուտելի սնկերի հետ արժե զգույշ վարվել: Վերջերս անգամ Առողջապահության Նախարարությունը հայտարարեց, որ փոքրիկ երեխաներին, հղիներին ու ստամոքս-աղիքային խնդիրներով մարդկանց խորհուրդ չեն տրվում սնկերն օգտագործել կերակուրների մեջ:

Ես ինձ չէի ների, եթե սնկերի թագավորության ամենավառ ու ամենաթանկ ներկայացուցիչների մասին չգրեի: Օ այո՜, ֆրանսիական խոհանոցի այցեքարտ դարձած տրյուֆելի մասին: Ուժեղ համային հատկությունների շնորհիվ տրյուֆելները դարձել են գուրմանների սիրելի սնկատեսակը: Տրյուֆելը մատուցվում է մսի հետ, այն ավելացվում է նաև որոշ պանիրների բաղադրության մեջ: Ու ես իմ պարտքն եմ համարում նշել, որ 1 կգ տրյուֆելը միջինում արժե երկու հազար դոլար: Երկու: Հազար:

Ցավոք սրտի, տրյուֆելային միակ փորձառությունս եղել է տրյուֆելային ձեթով պատրաստված ֆրիի տեսքով: Թե չէ ես հո էգոիստ չեմ, կպատմեի զգացողություններն առաջին ձեռքից: Ի դեպ, ողջունվում են բոլոր հուշումներն այն մասին, թե Երևանում որտեղ կարելի է գտնել այս սնկով պատրաստված ուտեստներ:

Տրյուֆելի աստղաբաշխական գինը պայմանավորված է ոչ միայն դրանց անկրկնելի համով ու բույրով, այլև աճի, հավաքելու և պահպանման  յուրահատկություններով: Ուրեմն, եթե ուզում եք տրյուֆել գտնել ու արագ հարստանալ՝ վերցրեք Ձեզ հետ վարժեցված խոզուկ ու դուրս եկեք փողոց, քայլեք՝ ոտքերի տակն ուշադիր զննելով: Երկար քայլեք, առողջարար է: Եթե ոտքերի տակ նկատեք փոքրիկ կաղիններ, նշանակում է՝ մոտակայքում (տես՝ գլխավերև) կա կաղնի: Պտտվեք կաղնու շուրջ. ինչ-որ տեղ, հողի մեջ թաքնված է միայնակ տրյուֆելը: Ազատվեք խոզուկից (փոխաբերական իմաստով), որովհետև տրյուֆելի հարցում վերջինը կարող է լուրջ մրցակից լինել Ձեզ համար: Մոտեցեք տրյուֆելին, գրկեք, սիրեք, բարուրեք մաքուր սավանի մեջ ու հասցրեք տուն: Այսքանը:

 

Հ.գ չմոռանաք կիսվել ինձ հետ գոնե 1-2 տրյուֆելով: Ցանկալի է 2: Լավության տակից հաստատ դուրս կգամ: Շնորհակալություն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով