Բուռո՞ւմ, թե՞ սենդվիչ․ այս է խնդիրը

Գաստրոնոմիկ աշխարհում Շեքսպիրն, այո, այլ կերպ է հնչում։ «Սենդվիչը» տակավին նորաթուխ տերմին է մեր գաստրոբառապաշարում: Այս ուտելիքը համարյա մեր ավանդական բուռումն է, կամ ինձ համար ոչ այնքան ականջահաճո` դուռումը: Անգամ ամենաալարկոտը կարող է պատրաստել սենդվիչ, բայց այ համեղ սենդվիչ պատրաստելը հեշտ չէ:


Վիքիպեդիան հուշում է, որ սենդվիչ բառը ծագում է Սենդվիչյան 4-րդ գրաֆ Ջոն Մոտեգյուի խաղամոլության հետևանքով: Չար լեզուներն ասում են, որ նա այնքան էր տարվում խաղաթղթերով, որ խաղի ընթացքում խնդրում էր իրեն մատուցել տապակա հացով բուռումված մսի կտորներ: Այս հնարքի շնորհիվ գրաֆը չէր շեղվում խաղից ու չէր կեղտոտում ձեռքերը: Կարդացեք մեր հաջորդ նյութում` ինչպես դառնալ գրաֆ: Վայ, չէ, մենք ֆուդբլոգ ենք․․․Դե լավ, թող գրաֆ դառնալու հարցում ձեզ օգնեն այլ կայքեր, իսկ մենք կհուշենք՝ ինչ ուտել «պետական պաշտոններին» ՝ բյուջեի ու հողերի փոխարեն։ Տիպիկ դեպքերում սենդվիչը բաղկացած է հացի երկու կամ ավելի շերտերի արանքում խծցկված բանջարեղենի, պանրի կամ մսամթերքային որևէ ներկայացուցչի շերտերից: Պիկնիկների ու դասամիջոցների մշտական ուղեկցին դասակարգելը իսկական գլխացավանք է: Բեկոն, հազար ու լոլիկ: Հարց չկա, սենդվիչ է: Իսկ հոթդոգը: Հմմ, բարդ է ասել: Բուրիտոների հարցը առավել բարդ է: 2006 թվականին Մասաչուսեթսում որոշվեց, որ սենդվիչը պետք է պարունակի ամենաքիչը հացի երկու շերտ, հետևաբար բուրիտոն, տակոն ու քեսադիլիան, որոնք պատրաստվում են մեկ տորտիլայով, սենդվիչ չեն: Բուտերբրոդը կազմված է հացի մեկ շերտից, որի վրա դասավորվում են մյուս ինգրեդիենտները: Սենդվիչի ֆրանսիական տարբերակը քրոք-մըսյեն է, իտալականը` պանինին:

Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM


Վերջին 1-2 տարում մեծ պոպուլյարություն ստացած «Օրեոն» անգամ համարվում է բիսկվիտային սենդվիչ: Իսկ ես այդպես էլ չընկալեցի «Օրեոյի» հաջողության գաղտնիքը, գուցե հետագայում միասին փորձենք բացահայտել այն: Սենդվիչները ամենակոլորիտային ներկայացուցիչներից մեկը ակումբային՝ քլաբ սենդվիչն է: Կլուբի սենդվիչի դասական տարբերակը պատրաստվում է հավով: Հավի ոսկեզօծ տապակա, հազարի թերթիկներ, վետչինա, պանիր ու լոլիկ: Վերջ: Խոհարարական ստանդարտը պատրաստ է: Սովորաբար այս սենդվիչի հետ կարտոֆիլի ֆրի են մատուցում՝ լիակատար երջանկության համար։ Ջրահարսերին խորհուրդ կտանք հավը փոխարինել ավելի հեշտ ճարվող թյունոսով: Իսկ մեր սիրելի ընթերցողին կառաջարկենք մեր զինանոցում գտնվող հարյուրավոր սենդվիչներից ամենալավերը:

Թաուկ
Թաուկում կարելի է գտնել ոչ միայն հսկա բուրգերներ, այլև սենդվիչների հսկա տեսականի: Առաջարկում ենք պատվիրել Ֆիլադելֆիա սենդվիչ, որը առկա է և' հավի մսով, և' տավարի մսով: Միսիկներին ընկերակցում են բուլղարական պղպեղը, պանիրն ու կարմիր սոուսը: Ավելացնում ենք մեքսիկական համեմունքներ, ու վուալյա` ստանում ենք մեքսիկական սենդվիչ:

Սըբթայթլ
Սըբթայթլում առկա է սենդվիչների ամենամեծ տեսականին, որ հնարավոր է գտնել Երևանում: Այստեղ սենդվիչները համեղ են, մատչելի, մատուցվում են մեծ` 30 սմ և փոքր`15սմ տարբերակներով: Օրինակ` իտալական սենդվիչը պարունակում է խոզապուխտի ու սալյամիի անսահման քանակություն, պեպպերոնի, պանիր, լոլիկ, վարունգ, ձիթապտուղ, հալապենյո, հազար ու սոուս: Մեծ տարբերակը արժե 1650 դրամ, իսկ փոքրը` 1150 դրամ:

Աբու-Հակոբ
Վերջերս ինստագրամյան ծանոթություններիցս մեկի շնորհիվ պարզեցի, որ Աբու-Հակոբում կարելի է ճաշակել ընտիր բուրգեր՝ ընտիր գնով: Բուրգերի ընտիրության մասին մեկ այլ օր ավելի մանրամանս կպատմեմ, իսկ այժմ անդրադառնամ սենդվիչներին: Հավի մսի սիրահարներին առաջարկում եմ փորձել չիքըն-միքըն, համ էլ թթու վարունգը սպասեցնել չի տա: Իսկ եթե արևելյան խոհանոցի սիրահար եք, ապա հումուսով մինիմալիստական սենդվիչը իսկը ձեզ համար է:

Բեյգլ
Մեր սենդվիչների ամենայուրահատուկ մասնաբաժինը կազմում են բեյգըլ-սենդվիչները: Ձկնասեր նրբաճաշակներին կառաջարկենք սաղմոնով ու լոլիկով, սերուցքային պանրով ու գերթթու կապարիկներով բեյգըլ սենդվիչ, իսկ ջիգյարով նախաճաշին կարոտ մնացածներին` բեկոնով ու ձվածեղով բեյգըլ:

Սքուեր Ուան
Սքուեր Ուանում կգտնեք գժական սենդվիչներ: Հենց սքուերուանցիները պնդում են, որ այստեղի քլաբ սենդվիչը լավագույնն է քաղաքում: Սա հրաշալի առիթ է այդ պնդման ճշմարտացիության մեջ համոզվելու համար: Մենք առաջարկում ենք չալարել ու փորձել նաև Կեսար սենդվիչը:

Դե ինչ, սենդվիչների մասին ես կարող եմ ժամերով պատմել: Դուք էլ փորձեք պատրաստել ձեր հեղինակային սենդվիչը: Գուցե մի օր հենց ձեր սենդվիչը դառնա մեր նյութի հերոսը: Մանանեխն ու մայոնեզը ձեզ օգնական:

Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով