Ուտել, սեքս անել, թե՞ երկուսը միասին

Օհայոյի համալսարանի հոգեբանները հետազոտությամբ պարզել են, որ
18-25տ. տղամարդիկ սեքսի մասին մտածում են օրական միջինում 34,2 անգամ (28 րոպեն մեկ), իսկ կանայք՝ 18,6 անգամ (51 րոպեն մեկ):

Միևնույն հետազոտությունը ցույց է տալիս, որ նույն այդ տղամարդիկ 38, իսկ կանայք` 62 րոպեն մեկ անգամ օրվա մեջ մտածում են ուտելիքի, և 33 ու 71 անգամ էլ՝ քնելու մասին: Մեր ուղեղը զբաղեցնելու ցուցանիշներով որքան մոտ են այս 3 հիմնարար բնազդները, փաստորեն: Վախենում եմ հարցնել՝ կներեք, իսկ ուրիշ ինչի՞ մասին ենք մտածում օրվա մեջ: Կարելի է ասել՝ կերա՜նք, այ հիմա կարելի է սեքսով զբաղվել, զբաղվեցի՜նք, այ հիմա ժամանակն է քնելու:

Related image

Սեքս և ուտելիք. այսքան պարզ ու միաժամանակ անփոխարինելի բաղադրիչներն առաջին հայացքից պրիմիտիվ ու նույնիսկ կենդանական են թվում՝ որպես պահանջմունք: Բայց միևնույնն է՝ նրանք են կյանքի հիմնարար հաճույքներն ապահովում, քանզի սեքսն ու ուտելիքն ամենակարևորը չեն կյանքում, քանի դրանք կան:

Իսկ եթե լուրջ, դրանք նույնիսկ մեկը մյուսով հնարավոր չէ փոխարինել, այնքան նման են միմյանց:

  • Երկուսն էլ գլխուղեղի կողմից որպես հաճույք են ընկալվում:
  • Ինչպես սնվելուց, այնպես էլ օրգազմից հետո օրգանիզմում սերոտոնին ուրախության հորմոնն է արտադրվում. վերջինս լարվածությունն է հանում ու քնելու ցանկություն առաջացնում:
  • Երկուսն էլ լինում են նորմալ ու էկզոտիկ, կարող են իրենց նրբություններն ունենալ, բաղկացած են ամենատարբեր համադրություններից:
  • Սեքսի էլ, ուտելիքի էլ կատարման վիրտուոզությունը սահմաններ չունի, ինչպես և դրանցից ստացված էյֆորիան:
  • Երկուսի երկար բացակայությունից ու չափազանց ավելցուկից էլ տառապանքն անխուսափելի է:

Image result for sex vs food

Ախ ահա, թե ինչու են ռեժիսորները շատ հաճախ էրոտիկ տեսարաններում ուտելու, ուտեստներով ու մթերքներով սեքսուալ խաղեր խաղալու, սառնարանի, սեղանի, խոհանոցային պահարանների մասնակցությամբ գործողություններ մտցնում: Նայում ես ու երկու հիմնարար ախորժակ միանգամից գրգռվում է կրկնակի էֆեկտով: Իսկ ի՞նչ ես նայում. հիմա ասեմ: Նայում ես 2 գեղեցկագույն, էրոտիկայի դասական նմուշ դարձած ֆիլմ՝ ամենատպավորիչ մթերասեքսուալ տեսարաններով: Եվ չե՛ս նայում մի ֆիլմ, որովհետև այն ամենավատն է այս ժանրում: Սկսենք գեղեցիկներից:

«Ինն ու կես շաբաթ» (9 с половиной недель)

Ֆիլմը հանկարծահաս կրքի, սեքսուալ ամենատարբեր փորձարկումների մասին է: Հերոսները որոշում են մտնել էրոտիկ հորձանուտի մեջ, հասկանալ մինչև ուր կարող են հասնել: Արվեստաբան Էլիզաբեթն ու ֆինանսիստ Ջոնն ակնհայտորեն ձանձրանում են մեծ ու զբաղված քաղաքում (իհարկե, մեզ համար բարդ է ձանձրույթ պատկերացնել 80-ականների Նյու-Յորքում), պատահաբար հանդիպում ու փորձում են սիրաբանությամբ հետաքրքրացնել կենցաղը: Միանգամից ասեմ, որ այս ֆիլմից հիասքանչ դերասանական խաղ ու սցենար ակնկալել պետք չէ: Իրականում, բան էլ չկա խաղալու. Միքի Ռուրկն իր սպանիչ ժպիտով, Քիմն իր հախճապակյա մաշկով ու կատարյալ մարմնով հերիք են՝ 80-ականների էսթետիկան վայելելու համար:

Սա այն պատմություններից է, որը շփոթեցնում ու իրար է խառնում ինտելիգենտ, մի քիչ «դախո», բայց սեռաքաղցոտ գեղեցկուհիներին, ստիպում կարմրել նրանց մինչև մազարմատները: Չնայած, որ այսպիսի աղջնակներից ամեն երկրորդը մտքի խորխորատներում երազում է ընկնել նման հանդուգն սրիկայի ձեռքը:

Ֆիլմում կարմիր գծով երևում է տղամարդու՝ սեփական ձեռքերով ու բերանով՝ կնոջն անընդհատ կերակրելու, խմեցնելու նկրտումը: Ջո Քոքերի ներքո սթրիփի տեսարանից հետո երևի թե ամենատպավորիչը սառնարանի մոտ էրոտիկ կերակրումները, հոտոտումներն ու քսմսումներն են: Սրանք առ այսօր ժանրի դասական կադրեր են մնում:

Սա այն հազվագյուտ ֆիլմերից է, որ թույլիկ խաղով, պարզունակ սցենարով ու «Ոսկե ազնվամորու» 3 նոմինացիայով հանդերձ՝ դարձել է կուլտային: Նայե՛լ պարտադիր:

Կադր «Ինն ու կես շաբաթ» ֆիլմից
Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

«Դառը լուսին» (Горькая луна)

Ֆիլմը կարելի է թարգմանել նաև որպես «Դառը ամիս», ֆիլմի ենթատեքստով՝ մեղրամիս: Սա 1992թ. ֆիլմ է, որի գլխավոր անմոռանալի դերերը կատարել են Պիտըր Կոյոտին ու ռեժիսորի՝ Ռոման Պոլանսկու կինը՝ Էմանուել Սենյեն: Ֆիլմի երաժշտությունը շատ հայտնի հույն կոմպոզիտոր Վանգելիսինն է, որով անձամբ ես հիացած չեմ: 90-ականների համար նման արտառոց ֆիլմը կարող էր և շատ ավելի տպավորիչ երաժշտություն ունենալ: Ֆիլմը լուրջ քննադատության է արժանացել սադոմազոխիստական տեսարանների համար: Եվ, ի դեպ, ֆինանսապես չի արդարացրել իրեն վարձույթներում:

Կադր «Դառը լուսին» ֆիլմից

Այս ֆիլմը համբերություն է խնդրում առաջին կես ժամը, հետո արդեն անհնար է կտրվել: Այն կարող է ժանգի համ, հարաբերություններից հիասթափվելու հոտ կամ խոր տխրության գույն թողնել նայելուց հետո, բայց անտարբեր հնարավոր չի մնալ: Պոլանսկու ֆիլմերի կնիքը հենց դա է:

Հիշում եմ, որ դպրոցական տարիքում փորձեցի նայել ու ոչինչ չհասկացա, անջատեցի: Եվ իրոք, դեռահասին չի կարելի նման ֆիլմ նայել, որովհետև բացի մերկ մարմիններից, այլ բան դժվար թե տեսնի, այն, ինչ ռեժիսորն ուզում է ասել, տեղ չի հասնի: Մոլագարություն, կիրք, նվիրվածություն ու ատելություն՝ այս ամենը մեծ լարվածություն է առաջացնում՝ չնայած «էքշնի» բացակայությանը:

Այս ֆիլմում, ինչ խոսք, տեղ ունի գռեհկությունը: Շատերը մեղադրում են նույնիսկ անճաշակության մեջ: Ըստ իս, ռեժիսորը հատուկ է հենց այսպես մատուցել: Քանզի չի կարելի տարրալուծվել զուգընկերոջ մեջ, դառնալ նրա արտացոլանքը, ուտել-քնել-շնչել-արտաշնչել նրա հետ, դրանից շատ փնթի ու տգեղ բաներ են ստացվում:

«Դառը լուսնում» ևս կա շատ էրոտիկ մի տեսարան՝ խոհանոցում սեղանի շուրջ նախաճաշելիս: Երբ ռեժիսորի կինը բերանից ծորացնում է կեֆիրը կրծքերի վրա: Բացում կրծքավանդակը, մոտենում տղամարդուն ու «կերակրում» նրան՝ հենց մաշկի վրայից: Տեսարանը երկակի զգացումներ է առաջացնում, հատկապես Ջորջ Մայլքի «Faith» երգի ներքո: Այն և՛ գրգռիչ է, և՛ համեղ, և՛ կարիկատուրային ու գռեհիկ:
Այդուհանդերձ՝ նայե՛լ անպայման, եթե 18+ եք:

Image result for bitter moon poster

«Ազատության 50 երանգները» (50 оттенков свободы)

Դե սա հանրահայտ «Մոխրագույնի 50 երանգներ»-ի՝ հուսանք վերջին թյուրիմացությունն է: Այս ֆիլմի խոհանոցային էրոտիկ տեսարանին «Ոսկե ազնվամորու» փոխարեն էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող բանան եմ շնորհում: Այստեղ ականատես ենք դառնում, թե ինչպես են երկու գծանկարչած մարմիններով, տիկնիկի դեմքերով, շատ սեքսուալ մարմիններով սեռահասուն մեծ մարդիկ ժպտրտում, քսմրտվում, միմյանց պաղպաղակում ու սեքսով զբաղվում ինչպես 15-ամյա ամաչկոտ դեռահաս պարմանիներ: Կոգնիտիվ դիսոնանս՝ էսթետիկ դիսոնանսի հետևից:

Կադր «Ազատության 50 երանգները» ֆիլմից

Կասեի՝ մի դիտեք ֆիլմը ոչ մի դեպքում, բայց..․ ասում եմ՝ նայել անպայման, որ տեսնեք՝ ինչ ու ինչպես չի կարելի անել խոհանոցում, ինչպես չի կարելի վարվել պաղպաղակի հետ:  😊

Այս անգամ այսքանը, ուրախ կլինենք լսել նաև ձեր կարծիքները՝ այս ֆիլմերի վերաբերյալ։

Գեղեցիկ կադր

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով