Ոչ տարտամ տարտերը

Տարտային առաջին փորձառությունս տարիներ առաջ եմ ապրել: Մինչ այդ ես անգամ չէի լսել, թե ինչ է տարտը: Ընկերներիցս մեկն աշխատանքի էր անցել «Քրամբսում», ու առաջին այցելությանս ժամանակ խորհուրդ տվեց փորձել կարամելային տարտը: Ու սկսվեց սերն առաջին պատառից. ընտիրագույն կարամել ու նուշի փաթիլներ, էլ ի՞նչ է պետք միջին վիճակագրական բկլիկին՝ երջանկության համար:

Դուք չեք հավատա, բայց փակ կարկանդակը տարտի վերածելու համար պահանջվել է մոտ 200 տարի: Մոդեռն տարտերը բաղկացած են խմորային զամբյուղից, որը ձև է հաղորդում թխվածքին, միջուկից, որն իրենից կարող է ներկայացնել շոկոլադ, կարամել, սերուցք, եփովի կրեմ կամ ինչպես ասում են՝ «քասթարդ»: Տարտը կարող եք զարդարել տարատեսակ հատապտուղներով կամ մրգերով:

Տարտի առաջին ներկայացուցիչը իտալական կրոստատան է, որն առաջին անգամ թխվել է 16-րդ դարում: Կրոստատայի ծագումը կապված է մի գեղեցիկ լեգենդի հետ: Ասում են, որ նեապոլիտանցիները ջրահարսներին որպես շնորհակալություն ալյուր, հավկիթ, կաթնաշոռ ու ծաղկային ջուր էին թողնում ծովի ափին, ջրահարսերը դրանք փոխանցում էին աստվածներին, վերջիններս էլ դրանք վերադարձնում էին քաղցրիկ պիրոգի տեսքով: Ցավոք սրտի, այժմ աստվածներին փոխարինելու են եկել հացթուխները, բայց խմորեղենները մեկ է, հաճախ աստվածային են ստացվում:

Վաղ միջնադարյան տարտերը հիմնականում լցոնում էին մսով, իսկ ավելի ուշ շրջանում՝ արդեն հատապտուղներով ու մրգերով: Տարտի յուրօրինակ ներկայացուցիչներից մեկը գերմանական ցվիբելկուխենը կամ նույն ինքը լիքը սոխով տարտը: Լիքը սոխով տարտը թողենք հաջորդ անգամվան ու սահուն կերպով անցնենք իմ սիրելի «Քրամբսին» ՝ նաև ներկայացնելով, թե էլ որտեղ կարելի է համեղ տարտեր փորձել:

Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

Քրամբսում կարող եք գտնել լեգենդար կարամելային ֆլան, շոկոլադե մեծ ու ճստլիկ տարտեր, ինչպես նաև ծիրանով ու պիստակով յուրօրինակ տարտ:

Մալօկկոյում կարելի է համտեսել բանանով ու շոկոլադով տարտ, ինչպես նաև արդեն դասական դարձած «արևահարված» բեզեով (մարդավարի ասած՝ մերենգա) ու լիմոնով տարտը:

Պանացեայի կատարյալ նախաճաշերի մասին շատերդ լսած կլինեք: Լսած կլինեք նաև հարգանք վայելող «Նարինե» մածունների ու Պանացեայի կաթնամթերքի ողջ տեսականու շուրջ պտտվող գերդրական կարծիքները: Այ հենց այդ կաթնամթերքով պատրաստվող ու նախաճաշերը զարդարող տարտերը կարող եք պատվիրել այստեղ: Առկա են ելակով ու նարնջով տարբերակներ:

Բագետ ընդ Կո-ում տարտերի տեսականին բավական մեծ է: Կգտնեք խնձորով, ելակով, ինչպես նաև անուշիկ ազնվամորիով տարբերակներ, սակայն յուրահատուկ համերի սիրահարներին խորհուրդ կտամ փորձել սալորով տարտը:

Իսկ ամենավերջում իմ սիրելի Քոֆիփոյնթական տարտերի մասին: Էստեղ ալյուրի հետ կապված ցանկացած բան պատրաստվում է գերազանց: Առկա են սերուցքով հատապտղային ու մրգային տարտեր, ինչպես նաև շոկոլադե գանաշով տարտ ու ընդեղենի պրալինեով: Վերջինը հատկապես խորհուրդ ենք տալիս:

Դե ինչ, սահմանափակվեմ այսքանով ու հիշեմ, որ վաղը հրաշալի օր է լեգենդար կարամելային տարտ փորձելու համար: Նույնն էլ ձեզ եմ խորհուրդ տալիս: Բարի ախորժակ:

Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով