Խոհանոցային բանասիրություն, կամ ի՞նչ է նշանակում «պելմենի»

Խոստովանեք, որ հազվադեպ եք մտածում մեզ ծանոթ ու առօրյայում հաճախակի գործածվող բառերի, առավել ևս՝ խոհանոցասննդային տերմինների նշանակության և ծագման մասին: Օրինակ, եռման պելմենիները կուլ տալու ու  «հո» անելու ընթացքում երբևէ մտածե՞լ եք, թե ինչ է նշանակում «պելմենի»: Իհարկե՝ ոչ, նման պատասխանատու պահին ո՞վ կմտածի բառի նշանակության մասին: Իսկ եթե ավելի լուրջ՝ «պելմենի» բառը ծագում է ֆիններենից և նշանակում է «հացե ականջ» ՝ ինչքան էլ կարծեինք, որ այն, հավանաբար, ռուսական արմատներ ունի: Այսօր որոշել ենք խոհանոցային բանասիրությամբ զբաղվել ու մի շարք ուտեստների անվանումների  ստուգաբանություն ուսումնասիրել, արդյունքը հետաքրքիր ստացվեց։

Image result for пельмени

Օրինակ բեֆստրոգանովը, որը տավարի մսից, սնկից ու թթվասերից պատրաստվող ուտեստ է, էլի հետաքրքիր ծագում ունի: Բառի առաջին մասը գալիս է անգլերեն beef բառից, ոըր նշանակում է «հորթ», իսկ այ երկրորդ մասը այս ուտեստի բաղադրատոմսը հնարած խոհարար, ռուս դիպլոմատ, գրաֆ Ստրոգանովի պատվին են կոչել: Բառացի ստացվում է «Ստրոգանովի հորթը», բայց եկեք այդքան բառացի չընկալենք, ուղղակի՝ միս՝ Ստրոգանովի բաղադրատոմսով, այսպես շատ ավելի լավ է հնչում։

Image result for beef stroganoff

Մսային շքերթը շարունակվում է, ու հերթը բիֆշտեքսինն է: Ինչպես տեսնում եք՝ անգլերեն beefsteak-ի կամ տավարամսակտորի արտասանությունը փոքր-ինչ փոփոխվել է: Հուսով եմ՝ որևէ լեզվաբանի մտքով չի անցնի իմ կատակային՝ «տավարամսակտոր» բառին լուրջ վերաբերվել: Բայց թե ինչու «բիֆշտեքսին» չեն ասում ուղղակի «բիֆսթեյք»՝ մարդկությունն այդպես էլ չի իմանա, երևի ուղղակի հնչյունական փոփոխություն է։

Related image

Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

Ես, օրինակ, երկար ժամանակ հավատացած եմ եղել, որ «Բժշկական երշիկ» շատ ուտողները բժիշկ են դառնում: Երևի հենց այդ պատճառով բժիշկ դարձա: Իսկ իրականում, 20-րդ դարի 30-ականներին մսամթերքի արտադրությամբ զբաղվողները որոշեցին դիետիկ երշիկ արտադրել՝ յուղի ցածր քանակությամբ ու խոզի մսի այլ չափաբաժիններով: Երշիկի դիետիկությունը մղեց այն «բժշկական» անվանել: Չնայած խոսակցություններին, որ դրա մեջ ավելացնում էին մսային մնացորդներ, օսլա, սոյա ու անգամ զուգարանի թուղթ (օ, աստվածներ), այն դարձավ ամենապոպուլյար երշիկներից մեկը:  Երշիկների բարի համբավի հետ հաճախ են փորձում խաղալ, բայց դրանք, մեկ է, մնում են նույնչափ սիրելի ու անփոխարինելի։

Image result for докторская колбаса ссср

Մսային չոր կերակուրներից անցում կատարենք «ջրիկներին»: Գուլյաշ կերած կա՞ք: Հունգարերենից փոխառված «գուլյաշն» առաջացել է մի քանի բառերի կրճատման արդյունքում. միս, որ ուտում են խոշոր եղջրավորներին արածեցնող հովիվները: Որ ասում էի՝ մի քանի բառ, ամենայն լրջությամբ էի ասում։

Image result for гуляш с картошкой

Բոլշևիկների մասին երևի բոլորդ լսել եք, բայց այ բորշևիկի մասին՝ դժվար թե: Բորշևիկը, նույն ինքը քեխն է, երեխա ժամանակ ինձ բախտ է վիճակվել գյուղ արշավանքի ժամանակ տատիկի հետ քեխ հավաքել, վերքեր ստանալ դրա ծակծկող ցողուններից ու հետո համեղ թթուն վայելել: Ժամանակին ձեր սիրելի բոսորագույն բորշչի մեջ հենց այդ բույսից էին օգտագործում: Բորշեվիկն ու բոլշեվիկները գնացին, մնաց բորշչի անունը: Ի դեպ, տիպիկ ռուսական բորշչի դասական մատուցման ժամանակ թթվասերը լցնում են դատարկ ափսեի մեջ, և նոր վրայից ավելացնում բորշչը, ասում են՝ թթվասերն այդպես ավելի հավասարաչափ է տարածում իր համը։ Սա ուղղակի միջանկյալ տեղեկություն։

Image result for borscht

Ես էդպես էլ չկողմնորոշվեցի՝ Հայաստանում ամենապոպուլյար աղցանը «Մայրաքաղաքայի՞նն է, թե՞ «Կեսարը»: Երևի հարցում անցկացնեմ: Իսկ մինչ այդ պատմեմ այն մասին, որ «Կեսար» աղցանի անունը ոչ մի կերպ կապ չունի Հուլիոս Կեսարի հետ: Ամերիկայում իտալական ռեստորան հիմնած Ալեքս ու Կեսար եղբայրներից հենց Ալեքսն է հնարել իմ սիրելի աղցանը, ուղղակի այն ժամանակ աղցանը կոչվում էր «Ավիատորական», որովհետև փոքրիկ անչոուսներ էր պարունակում: Հետագայում անչոուսները հանվեցին աղցանի բաղադրությունից, աղցանի անվանումն էլ փոխվեց: Երևի արդեն գլխի եք ընկնում՝ ում ձեռքի գործն էր:

Image result for caesar salad

Ու ամենավերջում կետչուպի մասին սենսացիոն բացահայտումս գրեմ ու գնամ սնվելու․ ով այսքան գրի ուտեստների մասին ու սով չզգա: Կետչուպն ի սկզբանե լոլիկից չի պատրաստվել: Ոչ մի գրամ լոլիկ: Դե պատկերացրեք: Չինաստանում մեծ տարածում ունեցող սոուսը․․․ձկնային բաղադրություն է ունեցել: Չինարեն «կե» նշանակում է «ձուկ», «տչուպ»՝ սոուս: Ամերիկացիները սիրեցին այս սոուսը, այնքան սիրեցին, որ ձուկը վերացրին բաղադրությունից, ավելացրին լոլիկ ու թողեցին միայն անունը: Հետաքրքիր ժողովուրդ են, ինչ խոսք: Այ այսպես առաջացավ աշխարհում ամենատարածված լոլիկի մածուկը:

Image result for ketchup

Դե ինչ, այս անգամվա համար այսքանը: Հուսով եմ՝ ձեր սերը «Կեսար» աղցանի ու կետչուպի հանդեպ չպակասեց, իսկ այ երշիկեղենի նկատմամբ, համենայն դեպս,  ավելի ուշադիր կլինեք: Բարի ախորժակ:

1 thought on “Խոհանոցային բանասիրություն, կամ ի՞նչ է նշանակում «պելմենի»”

  1. Pingback: Խոհանոցային բանասիրություն, կամ ի՞նչ է նշանակում «պելմենի» (լուսանկարներ)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով