Եփվե՛ք, ձեզ նկարում են․ ֆուդ արվեստը՝ Գուրգեն Ջանիբեկյանի աչքերով

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ֆուդ-ֆոտոն կարող է ստիպել ալարկոտ մարդկանց, մասնավորապես՝ ինձ, համային վեհ հույսեր կապել ֆոտոյում պատկերված ուտեստի հետ, վեր կենալ ու գնալ այն փորձելու: Եվ ի ուրախություն բոլորիս՝ ես միակը չեմ։

Հայաստանում վերջին տարիներին ռեստորանների ու սրճարանների վերաբերմունքը սննդի վիզուալ մատուցման՝ ֆուդ-արթի նկատմամբ բավական փոխվել է դեպի դրականը: Բացի այդ, օր օրի ավելանում են սոցցանցերում գերակտիվ ֆուդ-բլոգերները, ովքեր ժամանակ առ ժամանակ զարմացնում են իրենց բրաունիներով ու սթեյքերով: Եվ եթե ժամանակին շատ «մոդայիկ էր» մարդկանց նկարելը՝ «ժպտացեք, ձեզ նկարում են» ասելով, ապա այսօր գեղեցիկ ու համեղ ուտեստները ոչնչով չեն զիջում մարդկանց, մնում է «լոզունգը» փոխել՝ եփվե՛ք՝ ձեզ նկարում են։
Այս ամենին զուգահեռ դանդաղորեն աճում է նաև ֆուդ-լուսանկարչությամբ զբաղվող պրոֆեսիոնալների քանակը: Ու պետք է նշել, որ մեր այսօրվա հյուր Գուրգեն Ջանիբեկյանը գտնվում է հայկական ֆուդ-արթի ակունքներում:

Գուրգենը պատմեց որ փոքր տարիքում ծայրահեղ չուտող երեխա է եղել, բայց ինչպես բոլորը, այնպես էլ նա ունի գոնե մի սիրելի ուտելիք՝ կանաչ ոլոռով ձվածեղը, կարևորը՝ եփված միայն մի կողմից:

Դպրոցն ավարտելուց հետո Գուրգեն Ջանիբեկյանը ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կինոյի և ֆոտոյի բաժին: Մշտական աշխատանքը կապված է եղել նկարահանման հետ, նկարել է դոկումենտալ ֆիլմեր, աշխատել է հեռուստատեսությունում: Պատմում է , որ ֆուդ-լուսանկարչությամբ զբաղվել սկսելուց առաջ՝ շուրջ 1 ամիս ուսումնասիրել է ոլորտի «ծուկուծուկերը», յուրահատկություններն ու հնարավոր բոլոր վարպետաց դասերը, որ կարելի է գտնել համացանցում:

Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

Եթե արևմուտքում այս ոլորտում կա աշխատանքի բաժանում, ապա այստեղ գործը փոքր-ինչ բարդ է: Գուրգենը համագործակցում է շեֆ-խոհարարի հետ: Վերջինն էլ հաճախ ոգևորվում է, սկսում ստեղծագործել, փոխել ուտեստի տեսքի մեջ ինչ-որ բան: Սովորաբար նկարահանումները ռեստորանում են իրականանում:

Գուրգենը պատմեց, որ չի սիրում խորը ափսեի մեջ ընկղմված սալաթներ լուսանկարել․ շատ դժվար է ռակուրսի առումով: Սիրում է նկարել միս, որովհետև հետո նաև ուտելու է այդ միսը, բայց այ մսի պատրաստման հետ կապված դժվարություններ են եղել. խոհարարական անհաջող փորձ՝ «գառան այրված կողոսկրեր» անունով: Հարցին, թե ինչ ուտեստ չի լուսանկարի, Գուրգենը պատասխանեց, որ քյաբաբ ու խորոված չի նկարի, որովհետև այսպես թե այնպես բոլորը սիրում ու ուտում են: «Այ, տապակած խավարասեր նկարելու առաջարկին հնարավոր է համաձայնեմ»,- կատակեց նա:

Լուսանկարներից ամենահիշարժանը Գուրգենը ստացել է ռեստորաններից մեկի համար: Ներքոնշյալ լուսանկարն իրականում 30-40 տարբեր լուսանկարների վերադրման արդյունքում է ստացվել: «Հատ-հատ լուսանկարել եմ, սոխն առանձին, աղն՝ առանձին, միսն՝ առանձին, ճիշտ է՝ ստուդիաս անասելի կեղտոտվել էր, բայց պրոցեսն ու արդյունքը անգամ ինձ համար էին նորություն»,- պատմում է Գուրգենը:

Ֆուդ-արթով զբաղվելն ահագին բան է փոխել Գուրգենի կյանքում: Զրույցի ընթացքում հասկացա, որ նա անչափ սիրում է իր աշխատանքը ու լրջորեն վերաբերվում ստեղծագործական պրոցեսին: Պատմեց, որ ֆուդ-արթի շնորհիվ բազմաթիվ հնարքների սկսել տիրապետել՝ սկսած սպասքի դասավորությունից, ավարտած մասնագիտական խորամանկ հնարքներով: Պարզեցի, որ մեքենայի յուղի, պենոպլաստի ու սոսնձի՝ ֆուդ-լուսանկարչությունում օգտագործելու մասին խոսակցություններն իրական են: Բայց մեր հյուրը կողմ է ուտեստի ուտելիությունը պահպանելուն, հետևաբար աշխատում է խուսափել այդ հնարքներից:

Ոգեշնչման աղբյուրների մասին պատմելիս լուսանկարիչը նշեց Հանեքեին, Բելա Տառին ու Փելեշյանին: Ապագայի մասին խոսելիս Գուրգենը պատմեց, որ ցանկանում է սեփական գեղարվեստական ֆիլմը ստեղծել:

Իսկ վերջում Գուրգենը նշեց ամենակարևորի մասին. լուսանկարիչը ուտելիք նկարելուց չպիտի էգոիստաբար իրեն ցույց տա: Կարող ես «փախած» նկար նկարել, որտեղ կդրսևորես ինքդ քեզ, իսկ ուտելիքը կմղվի երկրորդ պլան: Կարևոր է, որ լուսանկարիչը չմոռանա, թե ինչ է նկարում ու ինչ նպատակով է նկարում:


Հետևեք նաև մեր Instagram-ին՝ WWWMENUAM

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով