Տապակած սառույցի, ու մոլեկուլյար խոհանոցի մյուս հրաշքների մասին

Մոլեկուլյար խոհանոց ներկայացնող ռեստորաններում կարելի է գտնել հեղուկ հաց, կրեմ-խոզապուխտ և անգամ տապակած սառույց: Մոլեկուլյար խոհանոցի այլ հետաքրքիր կողմերը՝ մեր նոր գրառման մեջ։

Ի՞նչ կանեիք դուք, եթե ճաշին ավանդական խորովածի կամ բորշչի փոխարեն մատուցեին շոկոլադի համով սթեյք կամ «բյուրեղապակյա» պելմեններ: Օրինակ, ես կարթնանայի վատ երազից, պիժաման հագիս կվազեի խոհանոց՝ ուղիղ սառնարանի մոտ: Սակայն սա ո՛չ վատ երազ է, ո՛չ էլ մտորում՝ ֆանտաստիկայի ժանրից: Սա կարծրատիպերը կոտրող մոլեկուլյար խոհանոցի մասին է, որն ի հայտ է եկել 80-ականների վերջում: Մոլեկուլյար խոհանոցը սնունդը դիտարկում է նրա քիմիական և ֆիզիկական առանձնահատկությունների տեսանկյունից: Մոլեկուլյար խոհարարության հիմնադիրներից մեկը մի առիթով զարմացել է՝ մարդիկ սովորել են չափել Վեներայի մթնոլորտի ջերմաստիճանը, իսկ սեղանին դրված սուֆլեն չգիտեն, թե ինչից է բաղկացած: Խոստովանեք, որ թմբլիկ շաուրմա խժռելու ընթացքում միշտ չէ, որ մտածում եք դրա բաղադրության մեջ մտնող մայոնեզի քիմիական կառուցվածքի, կամ մսի առանձնահատկությունների մասին:

menu am
Մոլեկուլյար խոհանոցը սահմաններ է խախտում, ճիշտ այնպես, ինչպես մեքսիկացի էմիգրանտները խախտում են մեքսիկաամերիկյան սահմանը (կատակ): Մոլեկուլար ռեստորանի խոհանոցում չկան թավաներ ու կաթսաներ, անգամ գազօջախն է տարբերվում սովորականից: Նման խոհանոցը կարծես լաբորատորիա լինի. սնունդը պատրաստվում է կոլբաներում ու կոնվեկցիոն վառարաններում:

araqum
Մոլեկուլյար խոհարարության սկզբունքները մի քանիսն են: Ցանկացած մթերք հնարավոր է վերածել փրփուրի՝ սկսած մսից, ավարտած եգիպտացորենով: Օրինակ, եթե իմ նման պահպանողական բկլիկին ստիպեք մսային փրփուր խմել, հաջողության չեք հասնի: Միայն մսաթելեր, միայն հարդքոր: Մոլեկուլյար խոհանոց ներկայացնող ռեստորաններում կարելի է գտնել հեղուկ հաց, կրեմ-խոզապուխտ և անգամ տապակած սառույց: Հուսամ, մի օր կփորձեմ վերջինից:

delivery
Մոլեկուլյար խոհանոցում ցանկացած մթերք հնարավոր է վերածել ժելեի, անգամ՝ մարդկանց: Երևի շատերդ լսած կլինեք կեղծ ձկնկիթի մասին, որը շատ հեշտության կարելի է շփոթել հիպերթանկ բնօրինակի հետ: Այ հենց այդ ձկնկիթը մոլեկուլյար խոհանոցի ներկայացուցիչ է: Անգամ ալկոհոլը կարելի է ժելատինացնել, սֆերիֆիկացնել ու ստանալ խավիար: Դրա համար անհրաժեշտ կլինեն հատուկ ֆերմենտներ, սպիրտային որևէ խմիչք, խավիարային կաթոցիկ և ամուր նյարդերով խոհարար: Ի դեպ, ասում են, որ մոլեկուլյար խոհանոցով զբաղվող մասնագետները շատ ավելի բարձր են վաստակում, քան իրենց պահպանողական կոլեգաները: Անհրաժեշտ արդյունքին հասնելու նպատակով խոհարարները հաճախ դիմում են հեղուկ ազոտով կտրուկ սառեցման կամ վակուումում երկար եփման եղանակներին:

arag araqum
Այս իննովատիվ խոհանոցը ներկայացնող ռեստորաններում կարելի է գտնել խելահեղ ուտեստներ: Անգամ անվանումներն են խելահեղ՝ ալկոհոլից պատրաստված ուտելի թուղթ, մսե պաղպաղակ, թափանցիկ ռավիոլիներ: Այսիպիսով, այս մոդեռնիստական խոհանոցի ուտեստները ոչ թե կշտացնելու, այլ զարմացնելու ու տպավորելու համար են ստեղծվում: Եվ քանի որ ալկոհոլային խավիարն ու բազուկի պաստան շատ երկար են պատրաստվում հերիք չի, դեռ բավական թանկ արժեն միջին ստատիստիկ քաղաքացուս համար, ինձ տվեք 2 կտոր պիցցա, խոզիկի կողոսկր ու հաշիվը, մոլեկուլյար խոհանոցի մասին դեռ միայն կարող ենք կարդալ ու գրել: Շնորհակալություն:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով