Ա՛վե մեղր

«Խոսքդ շաքարով կտրեմ» ժողովրդական արտահայտության  մեջ երևի թե դիետոլոգների ակտիվ միջամտությամբ  վաղուց մեղրն է ներգրավվել ու այնտեղից մնայուն  տեղ հաստատել առողջ սնունդը նախընտրողների օրապահիկներում։ Եվ արդարացիորեն՝ մեղրը ոչ միայն խոսք ու քարվան կտրելու, այլև առողջ  և ամուր լինելու համար է օգտակար։ Նաև մոտիվացնում է, որ  մեղվի պես ժրաջան լինենք։ Պարզվում է, 100 գրամ մեղր ստանալու համար մեղուները ստիպված են 46 հազար կիլոմետր հեռավորություն անցնել: Իսկ 30 գրամ ստանալու համար 200 մեղու պետք է մեկ ամբողջ օր նեկտար  հավաքի:

Իսկապես, բնության հրաշքներից են մեղվի աշխատասիրությունն ու կազմակերպվածությունը։ Այս միջատներն ապշեցնում են նաև նեկտարից ու ծաղկափոշուց հազվագյուտ արժեքավոր նյութերի իրենց  հատուկ՝ «իմաստուն» ընտրությամբ, ինչի արդյունքում ստացվում է այս հրաշալի մթերքը։ Ի դեպ, սա էլ ապացուցում է փաստը, որ բնության մեջ ամեն  օգտակար ու կարևոր բան ստեղծվում է համառ աշխատանքով։ Մեղուների հասարակությունում ձրիակերները խիստ մերժված են․խոսքը  բոռերի մասին է, որոնք այդպես էլ փեթակում պատվավոր տեղ չեն ունենում։ Մեղվաընտանիքում մայր մեղուն է պատվավորը, աշխատող-ստեղծողը։

Մեղրը համընդհանուր ճանաչում ու կարևորություն է ձեռք բերել ոչ միայն  իր բնական քաղցրության շնորհիվ․ այն հազար ցավի դարման է՝ ժողովրդական լեզվով ասած,  ունի բազմաթիվ  բուժիչ հատկություններ և կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, ստամոքսաղիքային, սրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ։ Բացի այդ, մեղրն օժտված է հակամանրէային և բուժական արտահայտված հատկություններով, որոնց շնորհիվ լայնորեն օգտագործվում է որպես հակաբորբոքային, մանրէասպան, ցավազրկող, հյուսվածքների վերականգնման գործընթացը խթանող, մի շարք հիվանդությունների կանխարգելման և բուժման միջոց:

Զարմանահրաշ այս մթերքը հարյուրավոր օգտակար նյութեր է պարունակում և հին  ժամանակներից հայտնի է իր բուժիչ-ամոքիչ  հատկություններով։ Բնական մեղրի սննդարար և բուժիչ հատկությունները մրցակից չունեն: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում մեղրն  իր բաղադրությամբ․  հիմնական բաղադրամասը շաքարի` գլուկոզայի (56%), ֆրուկտոզայի (37%) և սախարոզայի փոխակերպված խառնուրդն է: Բացի այդ, մեղրի բաղադրության մեջ մտնում են ջուր, հանքային նյութեր, օրգանական թթուներ, դեկստրին, ազոտական, բուրավետ և ներկող նյութեր, վիտամիններ, ֆերմենտներ, ծաղկափոշի, գրեթե 60 տարբեր նյութեր:

Մեղրի բուրմունքն ու գույնը  պայմանավորված են ծաղիկներով ու եթերայուղերով, իհարկե,  բազմաթիվ օգտակար հատկությունների կողքին նաև զգուշացնում են,  որ մեղրը շատ հազվադեպ, բայց  դառնում է ալերգեն, կարող է լինել նաև թունավոր, եթե մեղուները նեկտար են հավաքում թունավոր բույսերից:

Պարզվում է, մեղրը ևս ունի նմանակները․ օրինակ, այսպես կոչված` էքսպրես մեղրը, այսինքն այն, որն ստացվում է ինչպես մաքուր շաքարի օշարակով, այնպես էլ մրգային և բանջարեղենային սննդանյութերով, մեղվին տարբեր դեղախառնուրդներով (անտիբիոտիկներ, ջերմիջեցնող միջոցներ), կաթով և այլ միջոցներով կերակրելու ճանապարհով: Նման մեղրը հաճախ անվանում են բժշկական և օգտագործում սակավարյունության, վարակիչ հիվանդությունների, երիկամների և լյարդի, սրտանոթային հիվանդությունների բուժման նպատակով:

Իսկ արհեստական մեղրն  ընդհանրապես պատրաստվում է առանց մեղուներին նեղություն տալու՝ շաքարի օշարակի և կիտրոնաթթվի, աղաթթվի և այլ թթուների հետ եռացնելու ճանապարհով կամ ձմերուկի, սեխի, դդումի, բազուկի, խաղողի և այլ հյութերի գոլորշացման եղանակով:

Մեղրի կեղծ կամ մաքուր լինելը պարզելու համար անհրաժեշտ է լաբորատոր մանրակրկիտ փորձաքննություն, որին սակայն այնքան էլ  չեն զիջում տնային փորձագետները, իհարկե էժանով Գորիսի մեղր վաճառողների ականջից հեռու։ բրիտանացի Տնական  արդար գիտնականնները  խորհուրդ են տալիս արդար մեղրի հարցում այսպես կողմնորոշվել ․

  • Չոր լավաշը մտցնել մեղրի մեջ, եթե ավելի չորանա, ուրեմն մեղրը մաքուր է:
  • Թղթի մի ծայրին բարակ շերտով մեղր քսել և թուղթը վառել: Եթե մեղրին հասնելով կրակը մարի` ուրեմն շաքարի խառնուրդ չկա:

Նաև հիշել, որ

  • Շաքարը մեղրի մեջ չի հալվում:
  • Մաքուր մեղրի կաթիլը եղունգի վրայից չի հոսում:

Մեղրն ,  իդեպ, նաև բնական հակադեպրեսանտ է։ Այն մարդիկ, ովքեր մեղր են ուտում առավոտյան, ավելի հեշտ են հաղթահարում մշտական հոգնածության համախտանիշը, Նրանք նվազ ագրեսիվ են, և ավելի պաշտպանված՝ սթրեսային իրավիճակներից:

Մեղրը լավագույնս խթանում է ուղեղի աշխատանքը, ինչը հավասարաչափ կարևոր է թե մեծահասակների, թե երեխաների համար:

Եվ հիշենք, որ դեռևս Հին Հունաստանում աստվածների անմահության գաղտնիքն ամբրոսիան էր. այն պարունակում էր կաթ, նեկտար և մեղր: Հին հույները հավատում էին, որ հենց մեղրի շնորհիվ է կյանքը երկարում: Դեհ ինչ, երկար կյանք ու արև բոլորիս, մեղուներին էլ շատ  ծառուծաղիկ, մաքուր բնություն, որ միշտ քաղցրացնեն մեզ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով