«Նազան»․ թեյեր՝ հայկական շեշտադրությամբ

Ապրելով ու գործելով Հայաստանում, մենք առօրեական ու սովորական ենք  համարում մեզ շրջապատող ամեն  ինչ և հաճախ միայն դրսից  եկողի աչքերով ենք  վերանայում  շատ  բաներ։ Անգամ  Հայաստանից տարիներ, տասնամյակներ առաջ հեռացած մարդիկ են մեզ  նոր հայացքների դրդում։ Երբ  գալիս են, օրինակ բարեկեցիկ եվրոպաներից ու ամերիկաներից  և անկեղծ զարմանում, թե ինչու դրսում այդպես էլ ոչ մի միրգ ու պտուղ հայկականի համը չունի։ Եվ այստեղ միայն կարոտը չէ, իրոք հայաստանյան համնուհոտն ուրիշ են՝ մեր հողուջրով ու մեր բաժին արևով պայմանավորված և իհարկե մերոնց  ձեռքով խնամված։ Օտարներն ընդհանրապես Հայաստանի համն են սկսում փնտրել, կրկին ու կրկին  վերադառնալով մեր երկիր՝ առաջին  համտեսից հետո։

Եվ իրենց հետ մի կտոր Հայաստան փորձում  տանել՝ մեկնելիս։ Ահա այդպիսի գեղեցիկ հուշանվեր-համի կտոր է նորահայտ «Նազան» թեյը՝ մետաղյա տուփերով։ Արտադրությունը հիմնադրել է Նարինե Ալավերդյանը, ծրագրի համահեղինակն է Անի Անտոնյանը, որն էլ բացահայտեց մորաքրոջ ստեղծած  թեյերի առանձնահատկությունները։

Անին պատմում է, որ շուկայում հայտնվել են 2017 հոկտեմբերից: Մինչ այդ տեղական  շուկայում երկար փնտրել են մետաղյա տուփերով հայկական թեյեր՝ արտերկրի ընկերներին նվիրելու համար: «Ցանկանում էինք գտնել գեղեցիկ, ինքնատիպ փաթեթավորումով, Հայաստանի բույսերով ու մրգերով պատրաստված համեղ, բնական թեյեր:Սակայն հուշանվերային թեյեր այդպես էլ չգտանք:Եվ որոշեցինք ինքներս ստեղծել, նաև ինչ-որ կերպ նպաստել  սահմանամերձ գյուղերում աշխատատեղերի ստեղծմանը: Ահա թե ինչու հումքը ձեռք ենք բերում Տավուշի և Սյունիքի մարզերից, կանանց համար էլ սեզոնային -ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվում»։

Հայկական նոր թեյերը գեղեցիկ, գրավիչ տուփերով են, 4 տեսակի, բոլորը խառնուրդ են:

Առաջին հավաքածուն կոչվում է «Տատիկ-Պապիկ»: Բաղադրությունը՝ դաղձ, անանուխ, ուրց ու իսկապես հիշեցնում է տատիկի գոգնոցով խնամքով հավաքված համեմունքների փունջը: Հանգստացնում է նյարդերը, նպաստում  մաշկի վերականգնմանը:

«Երազ»․ սա երկրոդն է՝ մորու, բալենու տերևներով ու բալի պտուղներով: Զգացի՞ք ամռան բույրն ու համը։ Այս թեյը նաև ջերմիջեցնող է: Ի դեպ, այս համադրությունը բացառապես հայկական է, արտադրողի հեղինակայինը։

«Զբոսանք» հավաքածուն միավորում է դաղձ, սալորաչիր, մասուր եռյակին: Վիտամիններով հարուստ խառնուրդ է, նպաստում է դիմադրողականության բարձրացմանը:

Եվ առայժմ վերջին՝ չորրորդը․ «Համբույր»՝ լորենու ծաղիկներով, դեղձով, կիտրոնով: «Լորենու ծաղիկների մասին շատ հետաքրքիր ավանդազրույցը ստիպեց մեզ Հայաստանում լորենի փնտրել: Հին հունական ավանդության համաձայն, լորենու ծառը Աֆրոդիտե  աստվածուհու նվերն էր կանանց: Այդ ծառի ծաղիկներով պատրաստված անուշաբույր խմիչքը ընդգծում էր կանացի գրավչությունը: Սակայն ոչ բոլոր կանանց էր հասանելի լորու ծառը, քչերը կարող էին իրենց թույլ տալ այդ հաճույքը: Մենք ցանկացանք հասանելի դարձնել լորենու ծաղիկները գեղեցիկը սիրող ու դրան ձգտող կանանց»,- պատմում է Անին։

Անին նաև նշում է, որ երկար են մտածել դիզայնի շուրջ։ Նպատակ ունենալով հայկական կերպարվեստի նմուշներ օգտագործել, չափազանց երկար են փնտրել, մինչև ընտրությունը կանգ է առել Արմեն Վահրամյանի աշխատանքների վրա։ «Մենք փորձում ենք խթանել հայկական արվեստի տարածումը և դա մեզ հաջողվել է: Արդեն իսկ բազմաթիվ գնորդներ զանգահարում են կտավները ձեռք բերելու կամ հեղինակի աշխատանքներին ծանոթանալու խնդրանքով»:

Առաջին քայլերն անելով  թեյերի բազմազան  ասպարեզում, «Նազանի» արտադրողներն  ի սկզբանե նորույթն ուղղորդել են հայաստանյան շուկային: Սակայն ուրախությամբ համոզվել են, որ շատ գնորդներ արտերկիր մեկնելիս իրենց հետ մեկ-երկու տուփ են տանում, որպես նվեր, ինչի շնորհիվ թեյերը տաք տեղ են  գտել նաև Ռուսաստանում, Ղազախստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում և նույնիսկ Մալդիվյան կղզիներում: Այդպես էլ հասունացել է արտահանման հեռանկարային գաղափարն ու  նպատակ դարձել։

Իսկ ինչքանո՞վ ենք թեյասեր՝ հյուրասեր հայերս, լա՞վ ենք  գլուխ հանում բազմազանությունից։  Ըստ Անիի, հայերով թեյ ու թեյել սիրում ենք միանշանակ, թեյերից հասկանում՝  քչերով: Առայժմ սպառողների մի մասը ազգային թեյի նկատմամբ թերհավատ է, սակայն փորձելուց հետո վստահում են:

Մեր յուրահատուկ թեյերը ունեն յուրահատուկ գնորդներ,որոնք արժանի են յուրահատուկ վերաբերմունքի՝ համոզված են Նազանի հեղինակները:

«Այժմ մենք ունենք մեկ գերնպատակ ՝ դարձնել «Նազանը» ազգային մշակույթի մի մաս,ապացուցել աշխարհին և ամենակարևորը՝ ինքներս մեզ, որ կարող ենք ստեղծել էկոլոգիապես մաքուր, բնական ու համեղ հայկական թեյ, որ հայկական  արվեստը մեր ամենօրյա կյանքի մասը դառնա,որը պետք է կրենք, զգանք ու համտեսենք: Մի խոսքով, «Նազանը» բնության և տաղանդի ՚՚շռայլության սիմբիոզ է, որը կարող է և պետք է դառնա ապրելաոճ»,- համոզված  է Անին:

Եվ իրոք, նազանքով խմվող թեյ է

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով