Խոսք ուտողաց. «Բաստուրմա»

Հայերի ամենասիրելի ապուխտներից մեկը բաստուրման է: Ու քանի դեռ դուք զարմանում եք ապուխտ բառի պատճառով, ես չամանի դաժան ծածկույթի տակ թաքնված միսն եմ ծամծմում ու մտածում բաստուրմայի արժանիքների մասին:

Բաստուրման բազմաթիվ երկրների խոհանոցի անբաժանելի մասն է կազմում: Այն օգտագործում որպես նախուտեստ, ձվածեղի բաղադրիչ, թոփինգ՝ պիցցայի համար, սենդվիչի միջուկ:

Image result for pastrami sandwich

Թուրքերենում «bastirma» նշանակում է «ուժեղ սեղմող գործողություն»: Հենց այդ գործողությունն էլ որոշիչ դեր ունի մսային ամենահամեղ նախուտեստներից մեկի պատրաստման հարցում: Ասում են՝ արշավների ժամանակ քոչվորները միսը ձիու թամբի տակ կամ կողմնային գրպաններում էին դնում: Մարմնի ծանրության շնորհիվ միսը սեղմվում էր, ձիավազքի ժամանակ կենդանին քրտում էր, և արտազատված աղը ապահովում էր, որ միսը չփչանա: Ի ուրախություն բաստուրմայի սիրահարների՝ ներկայումս այն անհամեմատ ավելի հիգիենիկ պայմաններում է պատրաստվում, ձիեր չեն օգտագործվում:

Ամանորի նախաշեմին աստղաբաշխական գների հասնող այս նախուտեստը պատրաստվում է «ոսկեզօծ» տավարի մսից: Մսի կտորները լվանում են «արծաթյա» տարաների մեջ, ծածկում «հիմալայան վարդագույն» աղով, ոմանք՝ խիտ աղաջրով և թողում մի քանի օր:

Աղատոգորված միսը սառը ջրով լվանում են, ցամաքեցնում փայտե ցանցի վրա, այնուհետև 1-2 օր մամլում են ծանր իրերի արանքում, իսկ վերջում էլ թողնում են որ չորանա:

Չամանի սերմերը ջիգյարով ծեծելուց, սխտորի, աղացած կարմիր պղպեղի հետ խառնելուց հետո ավելացնում են այնքան ջուր, որ ստացվի նոսր թթվասերի թանձրության զանգված։

Մսի կտորները պատում են ստացված խառնուրդով, պահում 2-3 օր, այնուհետև մի քանի օր չորացնում:

Աբովյան-Պուշկին խաչմերուկի մի կողմում գտնվում է սննդի երևանյան ամենաաուտենտիկ կետերից մեկը՝ «Բաստուրման»: Ձեռագործ իրերի խանութի տաքուկ լուսամուտների ներքո գտնվող այս համեղ բացօթյա վայրն իսկական գտածո է Երևանի կենտրոնում: Ամառվա օրերին փայտե սեղանի շուրջ կարելի է բաստուրմա կծմծել ու հետևել քաղաքի անցուդարձին: Ձմռանը բացօթյա հատվածը փակվում և հաճախորդներին պաշտպանում է ցրտից: Իսկ ինտրովերտ անձանց խորհուրդ ենք տալիս սնունդն ուղղակի պատվիրել:

«Բաստուրմայում» կարելի է նախաճաշել մի լավ թավա բաստուրմայով ձվածեղով ու թեյել: Շատ քաղցածներին խորհուրդ եմ տալիս փորձել ձվածեղով, բաստուրմայով, կանաչիով, պանրով ու լոլիկով միջուկով, լավաշով բարուրված հագեցնող բրդուճ՝ մեկ հատը 1000 դրամով: Ցանկության դեպքում բաստուրմային կարող են փոխարինել մսային սուջուխն ու ռոստբիֆը:

Բավականին մատչելի գներով կարելի է փորձել 3 տեսակի հագեցնող բյորեկ՝ մսով, պանրով, բաստուրմայով ու պանրով: Եթե բաստուրմայի գերդոզավորումից չեք վախենում, սենդվիչից հետո գոնե 1 բյորեկով ուրախացրեք ձեր ստամոքսներին ու կուշտ մնացեք ողջ օրը:

Բաստուրմայի ուտեստները կարող եք պատվիրել այստեղ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով