«Առողջ սնունդ». բացելով փակագծերը

Լրագրողների գործերն ու թեմաներն անքննելի են, և իզուր չէ, որ  ցանկացած օր կարող ենք հայտնվել ամենաանհավանական տեղերում ու իրավիճակներում, որոնցից հեռանում ենք՝ ավարառած տեղեկատվությամբ ու տպավորություններով:

Լրագրողական  հերթական էքսպերիմենտիս ավարն այս անգամ սնունդ էր,  պատրաստի, սակայն ոչ՝ ֆասթֆուդ, այլ՝  ճիշտ հակառակը: Ուղիղ 4 օր դարձա «Առողջ սնունդ» ընկերության պատվիրատուն, կերա,  խմեցի ու… մնացածը՝ հոդվածում:

«Բարև Ձեզ, սա՝ Ձեզ»,-ժպտադեմ առաքիչը շատ արագ է լքում հարթակն ու քեզ մենակ  թողնում  խորհրդավոր պայուսակի  հետ: Երբ արդեն  արտաքին աշխարհի դուռը փակել եմ, արագ ծանոթանում եմ տաքուկ ու խոստումնալից պայուսակի պարունակությանը: Պայուսակը բացելուն պես նկատում ես, որ կազմակերպությունը քո մասին հոգ է տանում․ սնունդը հարմար տարաների մեջ է՝ փաթեթավորած ևս մեկ «տոպրակային» շերտով՝ ապահովության համար, նաև որ հետագայում հարմար տեղավորես ու տեղափոխես անձնական պայուսակով։ Տարաներն են, շշերով ջրերը, նաև դանակ-պատառաքաղ ու անձեռոցիկ։ Այս ծրագրի մեջ նիհարում են նաև քաղցրեղեն ուտելով, և աղանդերը նույնպես շատ հարմար ու գեղեցիկ տեսք ունի, անգամ միրգը հաճախորդների տուն ուղարկվում է մաքրված և կտրատված վիճակով․ մանրուք է, բայց շատ հաճելի է։ Առանձին թղթի վրա նշված են ժամերն ու ուտեստները, և էլ ավելի հարմարավետ լինելու համար համարակալել են նաև  ուտելիքները, որպեսզի հանկարծակի խառնաշփոթ չլինի։ Բացի սրանից, թղթի ներքևի հատվածում նշված է ջուր խմելու ժամերը, և կոնտակտային տվյալներ, ցանկացած հարցի դեպքում մինչև 19:00-ն  կարելի է կապվել ընկերության հետ։

Իրականում, այս ամենը նման է հետաքրքիր խաղի․ չգիտես՝ այս անգամ քեզ պայուսակում ինչ կսպասի։ Ամեն հաճախորդի պայուսակ հավաքվում է ինդիվիդուալ կերպով՝ բժիշկ-դիետոլոգի հետ հանդիպումից հետո, հաշվի են առնում նախընտրությունները, անպայման գրանցում են, թե, օրինակ, որ բանջարեղենից ունեք ալերգիա կամ ուղղակի չեք սիրում։ Եվ որ ամենահաճելին է՝ ամեն օր ուտում եք մսային որևէ ուտեստ, կամ էլ ձուկ, գործնականորեն հնարավոր չէ քաղցած մնալ։ Ես էքսպերիմենտին մասնակցեցի չորս օր, ուտեստները չեն կրկնվել և իսկապես համեղ էին։ Ահա  առաջին օրվա մենյուի լուսանկարը՝

Պայուսակի կողքերով պտտվելուց հետո հաճույքով կատարում եմ առաջին  իսկ  հրահանգը. ստանալուն պես՝ հնդկաձավարը բանջարեղենով: Ինչ անել,  իհարկե, ուտել։ Ի դեպ, բոլոր մթերքները թարմ էին, և պարզ երևում էր, որ  նոր են պատրաստվել։

Առավոտյան երկար քնել սիրողները և անկողինը դժվարությամբ լքողները պետք է որ ըստ արժանվույն  գնահատեն այս մի առավելությունը, երբ  կարիք չկա քնաթաթախ խոհանոց հասնել, կիսաքուն ուղեղին ստիպել պաշարել սառնարանի մատույցները, ապա գազօջախին գրոհել ու նախաճաշ մոգոնել: Սա՝  լավագույն դեպքում,  իսկ, խոստովանենք, որ մեծ մասամբ մենք բավարարավում ենք ամենահասանելի ուտեստներով՝ երշիկեղեն, ապուխտ, քաղցրավենիք, որոնց վրա իրականում  պետք է մի յուղոտ կարմիր գիծ քաշել: Եթե որոշել ես նիհարել կամ անցնել առողջ կյանքի ռիթմի, պետք է նախ սառնարանի հետ հարաբերություններդ պարզաբանես։

Ըհըն, նախաճաշեցինք. խորհրդավոր պայուսակից աչքով են անում մաքուր ջրի շշերը. արդեն գիտեմ,  որ ուտելուց կես ժամ առաջ և մեկ ժամ հետո է կարելի ջուր խմել: Անկեղծանամ, ինձ այնքան էլ ծանոթ չէ ծարավի զգացողությունը և առաջին հայացքից չորս հատ  կեսլիտրանոց ջրի շշերն  ինձ վախացնում են: Բայց իմ շուրջը կախարդական պայուսակի շնորհիվ ձևավորվող հարամարավետության գոտին  շատ արագ գրավիչ է դարձնում  նաև ձեռքի տակ գտնվող ջուրը, որի օգտակարության ու անհրաժեշտության մասին միայն ծույլերը չեն  խոսում:

Գրասեղանիս մեկից վեցը թվագրված տարբեր ձևերի ու չափերի տարաներ են, գունեղ ու գայթակղիչ: Երկրորդ նախաճաշս առաջինին  բնավ  չի զիջում իր համուհոտով՝ ազնվամորիով կաթնաշոռ ու «Ստեվիայով» Դուք գիտե՞ք ինչ է «Ստեվիան»: Ես չգիտեի, պարզվեց Stevia-ն բնական շաքարի փոխարինիչ է, մեղրախոտի շաքարն է, որը չի պարունակում կալորիաներ: Այն կարելի է օգտագործել թեյի և սուրճի մեջ օրինակ: Տնից դուրս գալուս ժամն է. ինձ հետ այսօր աշխատանքի կգնան երկու շիշ ջրերն ու թիվ երրորդն ու  չորրորդը՝ այնքան  հարմար են փաթեթավորված ապուրները, որ հանգիստ  հետս կարող եմ  վերցնել: Անգամ  հաճելի մանրուքները աչք են  շոյում՝ դանակ-պատառաքաղ-գդալը  հարմար, հիգիենիկ փաթեթավորված, անձեռոցիկի  հետ, կարող ես անգամ այգում ճաշել:  Համեղ սոուսով կրծքամիսն արագ է հագեցնում և լիցքավորում: Ի զարմանս ինձ,  նկատում եմ, որ կշտանալուց հետո ոչ թե հոգնածություն եմ զգում, այլ թեթևություն:

Աշխատանքային օրվա ավարտը սնում եմ ամառային աղցանով. թեթև, համեղ ու հարուստ  համով: Հենց այդ պահին էլ  գիտակցում եմ, որ այսօր չեմ շտապի տուն, ու տուն մտնելիս էլ  չեմ վազի խոհանոց՝ քաղցս հագեցնելու: Կերածս աղցանը ինձ սիրով քայլեցնում է քաղաքիս փողոցներով, հասցնում եմ  ընկերներիս հետ մի բաժակ էլ դառը սուրճ խմել սիրած սրճարանում՝ թույլատրված է, վայելիր սուրճդ:

«Առողջ սնունդը» նաև այն կարծարատիպն է կոտրում, թե ուշ ժամի ուտելը գիրացնում է. հաշվի առնելով, որ ես կեսգիշերից բավական ուշ եմ քնում, թիվ վեց փաթեթս բացվում է երեկոյան  տասին. հապա  մի հետևեք համեղ թվարկությանս. ավոկադո գրիլ չերրիով, գրիլ հավ և կաղամբով աղցան՝ ծլեցրած հնդկաձավարով:

Մի հարցում եմ միայն թերացել, ուտեստներն այնքան համեղ էին, որ դրանց մեծ մասը չեմ նկարել։ Բայց մի քանիսը հասցրել եմ անմահացնել։ Օրինակ, տեսեք չորս օրերից մեկի ժամանակ ինչ համեղ, թմբլիկ ու թարմ մակով մաֆին եմ ստացել՝

Վերջին օրն էլ անզուգական դարձրեց հավով և գազարով ռուլետը, որը պետք է փորձել անպայման ինքնուրույն էլ պատրաստել։ Ի դեպ,  ընկերությունը այս հարցում ևս ինձ հետ համակարծիք է։ «Առողջ սնունդի» դիետոլոգը, հիմնադիրը, և առհասարակ՝ բոլորը պնդում են, որ ոչ միայն օգնում են որոշ ժամանակ առողջ սնվել և ըստ դրա նիհարել, այլ գերնպատակ ունեն սովորեցնելու մարդկանց՝ պատրաստել համեղ ու առողջ ուտեստներ, ու կոտրել այն կարծրատիպը, թե առողջ սնվելը համեղ չէ։ Իրոք որ համեղ է, հապա այս ռուլետի կտորներին նայեք (կեսն է, մի մասը կերել եմ):

Ի դեպ, հուշաթերթը ուսումնասիրելիս շատ զարմացել էի.  օրինակ, առաջին օրվա ընթացքում, և առհասարակ մյուս բոլոր օրերին, ես ուտում էի վեց անգամ, բայց այդ ամբողջի սննդային արժեքն ընդամենը 818 կկալ է, այն դեպքում, երբ թվում է, թե  չափահաս մարդուն առնվազն  կրկնակին է պետք: Իսկ ես բնավ կալորիաների ու էներգիայի պակաս չզգացի: Նշանակում է՝ ինձ սնել էին առողջ կալորիաներով, քանի որ չէի սովածանում, և բացառել  «անպետք» ու ավելորդ  կալորիաները։

Եվ ահա, այսպես արտահերթ մեկնարկած  քառօրյայիս առաջին օրը պատվով հաղթահարված է:

Օր երկրորդ՝ բարև Ձեզ, տվեք իմ կախարդական  պայուսակը,  օր երրորդ,  օր չորրորդ. հաջորդ առավոտյան կանացի ինքնախարազանմամբ մոտենում եմ ընտանեկան կշեռքին և կրկին համոզվում, որ կուշտ,  համեղ ու բազմազան սննդից ես նաև քաշ եմ  կորցրել, շահել  ժամանակ, թեթևություն ու էներգիա: Չնայած որ ինչ-ինչ պատճառներով ես ավելի դանդաղ եմ քաշ կորցնում, «Առողջ սնունդից» չորս օր օգտվելուց հետո մոտ երկու կիլոգրամի տարբերություն կար, ինչը շատ լավ ցուցանիշ է, քանի որ նիհարել եմ սնվելով, չեմ զգացել թուլություն ու հոգնածություն, անգամ՝ հակառակը։

Խոստովանեմ՝ նաև իմ  կյանքում նոր ու հիմնավոր տեղ գրաված ուտեստների բաղադրատոմսեր ձեռք բերեցի, ինչպես նաև ժամանակ առ ժամանակ ծարավելու և հաճույքով ջուր խմելու  սովորույթ: Ջուր խմելը ինձ ավելի բարդ տրվեց, քան ուտելիքների ռեժիմին հետևելը, բայց հասկացա, որ սովորության ուժ է պետք, և այդ խնդիրը ևս կարելի է հարթել։

Ուտեստները օրիգինալ էին, և հետհայաց անգամ կարոտում եմ դրանց։ Ավանդական  ճաշատեսակները նոր մեկնաբանությամբ էին,  համային  նուրբ լուծումներով, որ գուրմանս չէր կարող անտեսել: Էլ  չասեմ  եվրոպական հետաքրքիր աղցանների մասին:

Համոզվեցի, որ առողջ սնունդն  իսկապես առողջ կենսակերպի առանցքն է, որ օգնում է համեղ սնվելով՝ մաքրել  օրգանիզմը կուտակված տոքսիններից, ավելորդ կիլոգրամներից ու անասելի թարմություն ու թեթևություն պարգևել: Դե իսկ լրագրողական էքսպերիմենտն էլ համարենք ստացված, ես էլ, «Առողջ սնունդն» էլ պատվով դուրս եկանք։ Ընկերությունը չի ստում, ամեն բան համեղ է, մաքուր ու թարմ, և որքան էլ անհավատալի լինի՝ իսկապես, նիհարում ենք սնվելով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով