Ինչպես իմ երեխան «ուտող» ստացվեց

-Ծի՞տ, ի՞նչ ես անում: Կարո՞ղ ա երեկոյան կինոդիտման գամ ձեր տուն:
-Երեխայիս համար հավի մսով շնիցել եմ եփում այս պահին ու հաճարով փլավիկ:
-Փշշշ: Ա՜յ քեզ բան: Որ գալիս ենք քո տուն, դիմացներս գարեջուր ու արևածաղիկ ես դնում: Մի օր չտեսա՝ էդ շնիցելից մեր դիմաց էլ դնես: Տղամարդ ենք, ի վերջո:
-Ուրեմն տես, գնում եք, ձեր մամաներին ասում եք, ձեզ կերակրում են: Կամ, վերջին տարբերակով, զանգում ուտելիք եք պատվիրում՝ էն ձեր շաուրմա-քյաբաբներից, բաներից: Մեկ է՝ ստոր տականքների պես չեք չաղանում: Ես հազիվ իմ երեխայի ուտելու տակից եմ դուրս գալիս տանը: Վայ:

Երեխայի ուտելու տակից…Ինձ թվում է՝ հայ մայրիկների համար աշխարհի ամենալավ գիրքը կունենար «Ուտող երեխա մեծացնելու սուրբ կանոնները» վերնագիրը: Գուցե, այլազգիների դեպքում չգիտեմ, բայց հայ մամաների համար, ըստ իս, դա խնդիր չէ՝ տիեզերական աղետ է: Քանզի տղաս դասական «կատեգորիկ ոչինչ չուտող» երեխաներից էր վաղ մանկական տարիքում, ու ես անցել էի դժոխքի 7 պտույտներով, մինչև նրան ուտող էի դարձրել, 10 տարի անց որոշեցի, որ ես այլևս հոգեպես ու ֆիզիկապես ի վիճակի չեմ չուտող երեխայի մայր լինել: Եվ այսպես, սկսենք ամենասկզբից:

Քիմքի ճաշակ ու առողջություն:
Եթե մի կողմ դնենք ԱՀԿ-ի հորդորները՝ առ այն, որ պետք չէ երեխայի նորելուկ ստամոքսը տանջել ագրեսիվ մրգերով, ու սկսել է պետք բանջարեղենից, աշխատում է նաև պարզ տրամաբանությունը: Երեխան գաղափար չունի՝ ինչ համերի են մրգերն ու բանջարեղենը: Եթե առաջինը տանք նրան քաղցր բանան, իսկ դրանից հետո՝ բրոկոլիով շիլա, 6 ամս. երեխան կոչնչացնի մեզ հայացքով ու կհրաժարվի ուտել վերջինը: Խոսել իմանար, կասեր՝ քեզ բանանից հետո այս անհամ բանը տային, կուտեի՞ր: Երբ 6 ամս. աղջկաս համար խաշած դդմիկով լրիվ անալի, անձեթ ու անկարագ շիլա պատրաստեցի, համը փորձեցի, խիղճս տանջեց, որ տալու եմ ուտի: Հետո հիշեցի, որ նրա քիմքը լրիվ մաքուր էջ է. նա գաղափար չունի, որ անհամ շիլա է ուտելու, հետևաբար ճիշտ պահն է քիմքի առողջարար ճաշակ ձևավորելու մոտը: Օր առ օր դրան հետևեցին բրոկոլիի, ծաղկակաղամբի, դդումի, կարտոֆիլի անհամ շիլաները: Մրգերի անցանք այն ժամանակ, երբ երեխան արդեն կայուն ու մեծ սեր ուներ նրբահամ բանջարեղենի նկատմամբ:

Կարգի՛ բեր դեմքիդ արտահայտությունը, մամա:
Նկատե՞լ եք՝ ինչպես են մամաները, որպես կանոն, կերակրում երեխաներին՝ վախվորած, անհանգիստ, լուռ ու ձիգ դեմքերով: Ինչու՞. որովհետև մինչև երեխա ունենալը նրանք լսում են, թե ինչ վատ, տանջալից բան է «չուտող» երեխան, որ երեխաների մեծ մասը գրեթե ոչինչ չի ուտում ու կտտանքների ենթարկում մամաներին: Ու դեռ կերակրման ընթացքը չսկսած՝ վերջիններս կանխավ համոզված են, որ բալիկը չի ուտելու: Մինչդեռ, նա չի կարող չուզել ուտել, դա նրա հիմնարար բնազդներից է: Ուղղակի նայում է մամայի դեմքին, տեսնում վախեցած-լարված արտահայտությունն ու եզրակացնում՝ վտանգավոր բան է կատարվում, շուտով ռումբ է պայթելու: Ըստ այդմ՝ համառորեն հորդորում եմ երեխային կերակրելիս պատկերացնել, որ ձեր առաջ դրված է բոլոնեզով սպագետտի, պիցցա պեպերոնի կամ, ասենք, ժուլյեն: Հիշում եմ, թե ինչպես էի վերևի անաղ-անհամ դդմիկով շիլան մի գդալ ուտում՝ երեխայիս առաջ դերասանական մաստեր կլաս ցուցադրելով ու «Երևան պանդոկի» հարիսան պատկերացնելով, իսկ հաջորդ գդալը հիացմունքով հրամցնում նրան: Ու պատկերացրեք՝ ստացվում է: Երեխայի համար կարևոր չէ՝ ինչ է ուտում, կարևոր է մաման ինչպե՛ս է կերակրում:

«Ուտելիս խուլ ու հա՞մր ենք»:
Նույն ինքը՝ հայտնի սովետական թևավոր պահանջը՝ “Когда я ем, я глух и нем”: Ցավոք, սա շրջանառվում է մինչ օրս: Ուտելիս խուլ ու հա՞մր ենք. ախմախություն ախմախութեանս: Երբ կամայական տարիքի երեխայի նստեցնում ենք ուտելու ու քար լռություն պահանջում, մտքներովս չի՞ անցնում, որ նա պարզապես անելանելի ձանձրանում է: Ուտելն արարողություն է մեծահասակների համար՝ զրույցներով, անշտապ, ուտեստները քննարկելով (ինչն է համեղ, ինչպես է պատրաստված), մենթալ ու հոգեբանական շփումներով, մտերմացնող ու միմյանց միջև կապեր ստեղծող: 10 ամսական երեխան էլ, 2 տարեկանն էլ մարդիկ են, ուղղակի փոքր չափերի ու ընկալունակության. մնացածը միանգամայն նույնն է: Ապուրիկը դնում էի երեխայիս առաջ ու մե՜ծ ոգևորությամբ, համեղ ձայնով պատմում, թե ինչ բանջարեղեն եմ հանել սառնարանից, ինչպես եմ դրանք մանր կտրտել, լցրել կաթսայի մեջ, ինչ կանաչի եմ ավելացրել, ինչու եմ կարագիկ գցել մեջը, հերթով թվում էի բանջարեղենների գույները, տեսքերը, նկարագրում համերը: Անվերջ գովազդում ապուրիկը՝ գիտակցելով, որ ե՛ս եմ այդ երեխայի համար ամենահեղինակավոր անձն այդ պահին:

Related imageՄի քիչ էլ ապագայի մասին մտածենք:
Ենթադրենք, վերը նշված ամեն ինչն ստացվեց: Չմոռանանք ապագայի մասին: Իսկ ներկայի կերակրման չարիքներից մեկի անունը «բլենդեր» է: Վերջինիս պատճառով երեխաները կլլման ակտը չեն յուրացնում ընդհուպ մինչև 4 տ.: Եթե չեք ուզում 4 տ. երեխային նռան հատիկի չափ սնունդ կուլ տալիս խեղդվելուց փրկել, մտածեք դրա մասին 6 ամս.-ում: Հրաժարվեք բլենդերից, որն աղում է ապուրը, դարձնում համասեռ զանգված ու հիմնովին անջատում կուլ տալու կոճակը: Հետո պատկերացրեք՝ ձեզ հաճելի կլինե՞ր, որ, օրինակ, հունական աղցանը կամ պիցցան բլենդեին ու շիլայի տեսքով մատուցեին: Զզվելի է, չէ՞:
Չարիքներից մյուսը դիվայսների էկրաններն են ուտելիս: Առաջարկում եմ թույլ տալ երեխային զգալ, գիտակցել, որ ինքն ուտում է, ծամում-կուլ տալիս, հավանում է սնունդն ու կշտանում: Էկրանին գամված անթարթ հայացքը թույլ չի տալիս վայելել այս ամենը: Այս վայելքները ևս պետք է սովորեցնել, դրանք օդից չեն ընկնելու երեխայի գլխին: Եվ այն օրը, երբ դուք կանջատեք էկրանը, որոշելով, որ դե հերիք եղավ մուլտֆիլմով ու գովազդով ուտի, երեխան սկանդալ կանի, ու ճիշտ կլինի:  

 

1 thought on “Ինչպես իմ երեխան «ուտող» ստացվեց”

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով