Դառը ու քաղցր սեր․ շոկոլադ

Պստիկ ժամանակ շոկոլադը մոտս ասոցացվում էր սնիկերս-մարսերի, «Գրանդ Քենդիի» տրյուֆելների ու ամանորյա շոկոլադե նապաստակների հետ: Չնայած նրան, որ նապոները երբեք համով չէին գոհացնում, իսկ մութ ու ցուրտ տարիներն էլ ստիպում էին շոկոլադե մի սալիկը բաժանել մի քանի փոքրիկ մասերի ու պայքարել ծայրի՝ հնարավորինս բարվոք կտորի համար, այս հիշողությունները ամենաթանկ շվեյցարական շոկոլադից էլ արժեքավոր են:

Պարզվում է, որ զրոյից շոկոլադ պատրաստելը կատակ բան չէ: Անհրաժեշտ է մշակել ծառից ստացված բերքը, առանձնացնել կակաոյի յուղը, փոշին, հավելումներ անել, ստանալ շոկոլադե մասսան, ձևավորել ու փաթեթավորել:

Չնայած պրոցեսների բարդությանը՝ 4-5-րդ քայլից կարելի է նաև ինքնուրույն պատրաստել շոկոլադե կոնֆետներ: Այսպես թե այնպես՝ գլխավոր բաղադրիչները կակաոյի յուղն ու կակաոյի փոշին են լինելու: Բաղադրատոմսեր կարող եք գտնել համացանցի անկյուններում, իսկ ծույլիկները կարող են գնել պատրաստի սալիկներ, հալեցնել, համեմունքներ ավելացնել ու ձևավորել նորաթուխ կոնֆետները: Մի քիչ նուշ, մի քիչ սոճու ընկույզ, սալորաչրի պատառներ ու ֆիրմային շոկոլադը պատրաստ է: Ահա իմ պատրաստածը՝

Սև դառը շոկոլադն ամենաիսկական շոկոլադն է: Կաթնային տարբերակի մեջ ավելացվում է կաթի փոշի, իսկ սպիտակի մեջ կակաոյի փոշին իսպառ բացակայում է, որով էլ գույնը հենց պայմանավորված է: Սպիտակ շոկոլադը պարունակում է կակաոյի յուղ, շաքար, կաթի փոշի, երբեմն վանիլ ու այլ թոփինգներ: Ծայրահեղ քաղցր ու խիստ կալորիական այս դեսերտը ոչ բոլորն են նախընտրում: Ես, որպես կաթնային շոկոլադի փորձառու երկրպագու, այնուամենայնիվ հավատացնում եմ, որ առողջության տեսակետից դառը շոկոլադն ավելի նախընտրելի է:

Ուզում եմ հուշել մի քանի հնարքներ, որ կօգնեն տարբերել որակյալ շոկոլադն անորակից՝

  • Շոկոլադը չպիտի հալչի ձեռքերում՝ իհարկե եթե երկար չեք շոյել, ճմռել, ափսոսացել ուտել այն։
  • Շոկոլադի մակերեսին սպիտակավուն նստվածք չպիտի լինի. դա վկայում է արտադրության ընթացքում թերմոմշակման թերությունների մասին:
  • Շոկոլադի բաղադրության մեջ կակաոյի յուղից բացի այլ յուղ չպիտի առկա լինի, օրինակ՝ արմավի յուղ։

Միջին վիճակագրական շվեյցարացին տարեկան մոտ 10 կիլոգրամ շոկոլադ է ուտում, իսկ միջին վիճակագրական ես՝ մոտ 5 կգ, երբեմն՝ 6, հնարավոր է՝ նաև 7: Այս հարցում ձգտում եմ նմանվել շվեյցարացիներին:

Հեղուկ կակաո առաջին անգամ պատրաստել են ացտեկները, սակայն ացտեկական կակաոն բավական տարբերվել է մեր օրերի տաքուկ խմիչքից: Այն եղել է դառը ու կիրառվել է միայն հատուկ միջոցառումների ու ծեսերի ժամանակ՝ օրինակ հարսանիքների:

Մի քանի բացահայտում երկրագնդի ամենապոպուլյար դեսերտի մասին․

  • Psycho ֆիլմի հայտնի ցնցուղային տեսարանում օգտագործվել է շոկոլադի սիրոպ։
  • Ացտեկների կայսր Մոնթեսումա 2-րդը օրական 50 բաժակից ավել շոկոլադ է խմել, իսկ ես 2 բաժակից ավել չեմ կարողանում խմել, այդ պատճառով էլ ինձնից կայսր դուրս չեկավ։
  • 1947 թ հարյուրավոր երեխաներ բոյկոտեցին ընդդեմ շոկոլադի գների թանկացման՝ շոկոլադե 1 սալիկի գինը 5 ցենտից բարձրացել էր 8:
  • Ամբողջ տարվա շոկոլադային վաճառքի 5 տոկոսը կատարում են ամերիկացիները՝ Վալենտինի տոնի նախաշեմին։
  • Շոկոլադի ամենամեծածավալ վաճառքն իրականանում է Բրյուսելի օդանավակայանում՝ տարեկան 800 տոննայից ավել շոկոլադ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով