Խոսք ուտողաց – WineBurg

Մոտ 5-6 տարի առաջ կատարված գինու երևանյան «ինվինոյական» հեղափոխությունից հետո, Սարյան փողոցում մեկը մյուսի հետևից սկսեցին բացվել մեր այժմյան ամենասիրելի սրճարաններն ու ռեստորանները: Վերջին ամիսներին Սարյանով քայլելիս անհնար է աչքից բաց թողնել արևմտաեվրոպական գրավիչ ու լակոնիկ կանաչ ֆասադով WineBurg-ը:

Wineburg-ը իսկական գինի-բուրգերային քաղաք է՝ հիմնադրված Մագելանի հետևորդների կողմից մոտ կես հազարամյակ առաջ:  Թեթևակի գարաժային ինտերիերով այս քաղաքի պատերը զբաղեցնում են քաղաքի բնակիչների փոքրիկ գույնզգույն տնակները, որոնցից մեկի կողքին ես էլ ժամանակավոր բնակություն հաստատեցի: Բաց խոհանոցով այս բուրգերային նստավայրում կարելի է համտեսել շուրջ 7 տեսակի հարգանքի արժանի, չծորացող բուրգեր (բայց ոչ միանգամից 7-ն էլ, չնայած ի՞նչ իմանաս):

Բացումը կատարեցինք տավարի կլասիկ բուրգերով, որն այնպիսին էր, ինչպես որ պետք էր. ոչ յուղոտ միս, ոչ դառը հազարի տերևներ, կարտոֆիլի ալյուրից պատրաստված կարգին հաց, պատրաստման ընթացքում հալած պանիր, լոլիկ ու սոխ՝ ցանկության դեպքում:

Մենյուում կարելի է գտնել նաև հավով ու ավոկադոյով բուգեր, գառան բուրգեր՝ քամած մածունի սոուսով, նանայով ու կծվահամ կոտեմով, այծի պանրով, ինչպես նաև չիաբատա հացով խոզի բուրգեր: Բուրգերները մատուցվում են խուճուճ լավաշային տարաներում շարված, փռում եփված [զգուշացում] չխրխրթան համեմված կարտոֆիլով:

Բուրգերային տրամադրություն չունենալու դեպքում (հա, մեղավոր եմ, հաճախ պատահում է) դեմոկրատիկ գներով մի բաժակ կիսաչոր կարմիր գինին ու գրիլ արված հյութալի անանասի թմբլիկ կտորն արագ օգնության կհասնեն:  Իսկ եթե անանասը միայնակ չկարողանա փրկել իրավիճակը, ապա WineBurg-ի խոհարարը քաղցրասերներին կուրախացնի լավա քեյքով, որը մատուցվում է մրգային քաղցր սոուսով (պնդում են՝ համեղ է) կամ բիսկվիտադարչնակարամելային խնձորով, որը մի լավ տժժացել է վառարանում:

Մինչ դուք կորոշեք գնալ թե չգնալ մարդավարի բուրգեր ուտելու, ես արդեն աչքիս տակ եմ վերցրել ածուխի վրա պատրաստված լայմով հավի սթեյքն ու 21+ կերակրատեսակը: Այդպես էլ չհասկացա, թե ինչու էին այն անվանել 21+, իսկ խոհանոցային հարցերում չպարզաբանված հարցեր չպետք է մնան, գնալ և փորձել է պետք: Դուք էլ փորձեք, ու կիսվեք մեզ հետ կարծիքով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով