Լահմաջո-շքերթ մաս 1

— Մամ, հիշու՞մ ես լահմաջո սարքելու մեր առաջին փորձը:

— Էն որ համ էլ վերջի՞նն էր:

Փորձում էի հիշել, թե որտեղ ու երբ եմ առաջին անգամ լահմաջո կերել, էն էլ չստացվեց: Փոխարենը հիշեցինք լահմաջո պատրաստելուս առաջին ու վերջին փորձը մորս հետ. մսով պատված կլոր տախտակներ էին ստացվել, որոնք ծամելը աննկարագրելի կամք ու եռանդ էր պահանջում:

«Իսկ իրականում ամեն ինչ այդքան էլ դժվար չէ»,- պնդում են լահմաջո «քցողները»: Հասարակ խմոր ես սարքում, տավարի կամ հորթի (ոչ կատվի) միս ես աղում, համեմում աղով, պղպեղով, մաղադանոսով, խառնում սոխի ու լոլիկի հետ: Կլոր ու բարակ լոշիկի վրա լցնում ես խառնուրդը, վառարանում թխում մի քանի րոպե ու վուալյա, լահմաջոն պատրաստ է: Յուրաքանչյուր իրեն հարգող բիստրո ու արագ սննդի կետ պետք է ունենա ուրույն լահմաջոն:

Տաք-տաք լահմաջոն կարելի է մատուցել թարմ կամ թթու բանջարեղենով, կանաչեղենով կամ ուղղակի կիտրոնի համեստ կտորով: Դե իսկ թանի մասին հիշատակումն անիմաստ է։

Լահմաջոյի հայրենիք համարվում է Մերձավոր Արևելքը: Այժմ այն պոպուլյար է Հայաստանում, Լիբանանում, Սիրիայում ու Թուրքիայում: Ենթադրվում է, որ լահմաջոյի պատրաստման խիստ բարդ պրոցեսը մարդկությանը հայտնի է հազարամյակներ, սակայն Հայաստանում այն տարածում է գտել 20րդ դարի կեսերից, հայրենադարձության մեծ ալիքին զուգահեռ: Արտասահմանցիները լահմաջոն հաճախ անվանում են հայկական կամ թուրքական պիցցա:

Առաջարկում ենք 5 վայր, որտեղից կարելի է գնել լահմաջո:

1․ «Կայծ»

Յուրաքանչյուր մարդ Հայաստանով անցնելիս/Հայաստանում ապրելիս ուղղակի պարտավոր է գոնե 1 անգամ այցելել «Կայծ»: Սիրիահայ հմուտ խոհարարի կողմից պատրաստվող 6 տեսակի լահմաջոները (և ոչ միայն՝ զաթարը, խուճուճիկը, հումուսը) թերևս լավագույններից են քաղաքում: Լահմաջո դասական՝ 500 դրամ, լահմաջո արաբական՝ 550 դրամ:

2․ «Աբու Հակոբ»

«Աբու Հակոբում» մատուցվում է միայն մեկ տեսակի լահմաջո: Բավական փափուկ խմորով, մսի արժանավայել քանակով այս լահմաջոն մատուցվում է լիմոնով, անանուխով ու բողկով: Սակայն կարելի է չբավարարվել այդ լահմաջոյով ու պատվիրել նաև հումուս, որը պակաս համեղ չէ: Լահմաջոյի արժեքը՝ 450 դրամ:

Պատվիրել կարող եք այստեղ

3․ «Կարաս»

Կարասում նույնպես մատուցվում է միայն մեկ տեսակի լահմաջո: Միջին չափի ու խրթխրթան խմորով այս լահմաջոն բավականաչափ դուրեկան է և միաժամանակ մատչելի՝ 200 դրամ:

Պատվիրել կարող եք այստեղ

4. «Ռոլլեր»

«Ռոլլերում» առկա էր լահմաջոյի 4-5 տեսակ: Մենք փորձեցինք «Էրզրում» լահմաջոն, որը պատված էր շամպինիոնի բարալիկ շերտերով: Ընդ որում առկա է նաև նույն լահմաջոյի պանրով տարբերակը:

Գները համապատասխանաբար՝ 800 և 1400 դրամ։ Պատվիրել կարող եք այստեղ:

5. «Օստ»

Քաղաքի ամենասիրված սննդի կետը հնարավոր է, որ սիրվել է հենց համանուն լահմաջոյի շնորհիվ: Ոգով և ստամոքսով բավականին տոկուն է պետք լինել այդչափ մեծ ու մսա-պանրառատ լահմաջո ուտելու համար: Գովասանքի են արժանի նրանք, ովքեր կարողանում են մեկ մոտեցումից ուտել ամբողջ օստյան լահմաջոն:

Օստ լահմաջո՝ տավարի մսով և պանրով, 950 դրամ

Եվ վերջում, ինչպես ասում էր  «Կարգին հաղորդման» բժիշկը՝ հիվանդ ժամանակ միշտ հիշեք, որ լահմաջոն միակ բանն է, որ դռան տակով անցնում է: Առողջ եղեք, բայց կերեք լահմաջո։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով