Համեղ ու ֆոտոգենիկ հայկական չրերը

Ֆոտոգենիկ չրեր գտնելու նպատակով ուղևորվեցի Գումի շուկա: Սովորության համաձայն շուկան հակառակ կողմից պրպտելով հասա գլխավոր մուտքին, որտեղ փառահեղ կերպով տեղավորված էին արդեն տասնամյակներ չրի գործով զբաղվող կանանց տաղավարները, որտեղ դրանք  դասավորված էին ըստ տեսակների ու գունային անցումների։ Լուսանկարվելուն սովոր առևտրական կանանցից մեկն անգամ գլուխ գովեց, որ իրեն ու իր չրերը էնքան են լուսա-տեսանկարահանել, որ պատմելու չի. անգամ ռուսական ալիքներից մեկով էին ցույց տվել:

Ըստ պնդումների՝ չրի հիմնական հաճախորդներն օտարազգիներն են, իսկ ամենապոպուլյարը ծիրանաչիրն է: Վաճառականները չէին խնայում ոչ այնքան մատչելի համովությունները պոտենցիալ հաճախորդներին հյուրասիրելու ժամանակ, իսկ օտարազգի գնորդներն ամենևին էլ համեստ չէին հյուրասիրությունն ընդունելու հարցում ու փութաջանորեն ծամծմում էին սեղանիկի մյուս կողմից հայտնվող սուջուխի ու ալանիների կտորները: Չրաթթվալավաշային խառնաշփոթի մեջ հասցրի մի քանի լուսանկար անել, որից հետո ճարպիկ ու քաղցրալեզու առևտրականների շնորհիվ սկզբից մեկ-երկու, հետո մոտ 12 կտոր չիր ու ալանի էլ ես գնեցի:

Շուկայում առաջին անգամ բացահայտեցի թզի ու դեղձի ալանիները, որոնք երբևէ փորձածս ամենահամեղ քաղցրավենիքների շարքում իրենց տեղը գտան: Մրգերի կորիզը հեռացնելուց ու պտղամիսը որոշակի մշակման ենթարկելուց հետո, դրանց ներքին դատարկությունը պայթելու աստիճան լցոնում են ծեծած ընկույզի, շաքարի, երբեմն՝ մեղրի ու դարչինի խառնուրդով: Դեղձի գլխին տալուց ու թեթևակի տափակացնելուց հետո կախում են թելի վրա, որ չորանա:

Երկրորդ բացահայտումս լոլիկի ցուկատն էր: Լոլիկի չիր գտնելն առանձնապես դժվար չէ.շատ հաճախ այն մատուցվում է գինու հետ, երբեմն էլ մանրացվում է ու վերածվում փոշի համեմունքի: Իսկ այ լոլիկի հյութալի քաղցրիկ ցուկատ գտնելն ու մինչև վերջ ուտելը կատակ բան չէ, իրարամերժ համային զգացումներ է առաջացնում: Մինչ չորանալը լոլիկները բազմաթիվ անգամներ լոգանք են ընդունում շաքարաջրի մեջ, մի լավ ծանրանում ու հետո նոր անցնում չորացման փուլ: Բնական չրերի դեպքում շաքարաջրի մասին խոսք անգամ չի կարող լինել:

Չիր կարելի է ստանալ պրակտիկորեն ցանկացած մրգից, հատապտղից ու բանջարեղենից: Անգամ՝ բաոբաբից: Դե պատկերացրեք՝ բաոբաբի չիր, հետաքրքիր կլիներ համտեսելը:

Բնական չորացումն իրականացվում է արևի տակ, հնարավոր է նաև չորացման արհեստական տեսակը հատուկ ջրազրկիչների միջոցով: Երբեք չեմ մոռանա, թե պստիկ ժամանակ (հիմա էլ) ի՜նչ սարսափով էի նայում մեր ավտոտնակի տանիքին շարված չրերի բազմությանն ու աղոթում հունահռոմեական դիցաբանության գոյություն չունեցող աստվածներին՝ հուսալով, որ անձրև չի սկսի: Հավանաբար՝ աստվածները նույնպես չրի սիրահար են, քանի որ անձրևներին արգելում էին մոտենալ մեր ավտոտնակին։ Առիթից օգտվելով՝ շնորհակալություն աստվածներին։

Չրերը որպես սնունդ երկարակյաց են ու համեղ: Այնքան երկարակյաց, որ անգամ փարավոններին թաղելուց առաջ հետները մի քանի տարա չիր էին դնում: Բնական է, անդրշիրիմյան կյանքում էլ են մարդիկ ու հատկապես փարավոնները  սովածանում:

Առհասարակ, չիր պատրաստելու բարդագույն տեխնոլոգիաները և հնարքները մարդկությանը հասու են երկար հազարամյակներ: Երբ տղամարդիկ հագնում էին իրենց հովազե վարտիքները, վերցնում իրենց հասանելիք «լանչն» ու նիզակն ու հպարտորեն գնում որսորդության, կանայք ուսն էին գցում հովազե նորաձև պարկերը, պարկի մեջ տեղավորում էին երեխաներին ու զբաղվում հավաքչությամբ: Հենց հավաքչությամբ զբաղվելու ընթացքում էլ հայտնաբերվեցին ծառերի ու թփերի տակ ընկած, բնական ճանապարհով չորացած խաղողի հատիկները, կնճռոտված  թզերն ու արմավները: Երեկոյան մի կտոր խորոված մամոնտի շուրջ հավաքվելով՝ մեր նախնիները խելամտորեն գնահատեցին չրերի խտացված քաղցրությունն ու դիմացկունությունը:

Առաջարկում ենք գնահատել բնության այս քաղցրիկ բարիքները, օգտվել դրանցից և ոչ մի դեպքում չչարաշահել՝ շաքարի և կալիումի հետագա բարձրացումներից, ինչու չէ՝ նաև սնանկացումից խուսափելու նպատակով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով