Մանդարինամոլության օգուտները

Բարև ձեզ, մենք «Menu.am բլոգն» ենք, ու բոլորս մանդարինամոլ ենք (հնչում են ծափահարություններ)։

Ավանդույթը վկայում է․ եթե տան բոլոր անկյուններում մանդարինի «դատարկ» կեղևներ են կուտակվում, ուրեմն՝ ձմեռը եկել է։  Իհարկե, դրանք չեն հասցնում երկարաժամկետ բնակություն հաստատել  գրասեղանին, հեռուստացույցի շուրջբոլորը, շատ ծանր դեպքերում՝ անգամ լոգասենյակում, քանի որ կա՛մ ծնողներն են դեմ լինում մեր և մանդարինների՝ այդքան թափթփված սիրավեպին, կա՛մ տատիկները հասցնում են հավաքել դրանք ու թեյ պատրաստել՝ խառնելով մեխակ, դարչին, այլ անուշեղեններ։

Տարվա այս սեզոնին մանդարինը, ինչ խոսք, գլխավորում է շուկայական և ստամոքսային բոլոր «Թոփ տասերը»՝ հաղթելով մրգային «Օսկարները», «Ոսկե գլոբուսները»՝ արժանանալով մի քանի Նոբելյան մրցանակի՝ երջանկություն բերելու անվանակարգում։

Բայց արի ու տես, որ շատերս երբևէ չենք մտածել․ ի վերջո, մանդարինն ինքն իրենով օգտակա՞ր պտուղ է, թե՞ վնասակար։ Պարզ է, որ չարաշահելը լավ ավարտի չի բերի, քանի որ  ցիտրուսն ինքն իրենով կարող է ալերգիկ ռեակցիաների պատճառ լինել (բայց, չգիտես՝ ինչու, այս մասին հիշում ենք մանդարինի տոպրակն առանց աչք թարթելու սրբելուց հետո)։ Սա՝ հնարավոր վնասների մասին։ Իսկ այ օգուտների մասին դժվար է մտաբերել, դրա համար  էլ այս անգամ որոշեցինք գրել Նոր տարվա շունչը բերող, տունը թարմ բուրմունք տարածող պտղի որոշ օգուտների մասին։

  • Շնորհիվ նոբիլետինի ( թարգմանաբար՝ «տոմսչկալգին» ։)) ), որը այս պտղի բաղադրության մի մասն է կազմում, ճարպը չի կուտակվում լյարդում։
  • Եվ առհասարակ, այն օգնում է խուսափել ճարպակալումից։ Հարյուր գրամ մանդարինը պարունակում է ընդամենը 42 կկալ։ Փաստորեն,  բնազդաբար ճիշտ ճանապարհի վրա ենք․ կարող ենք անսահման ուտել դրանք ու չմտածել ավելորդ կիլոգրամների մասին։
  • Այն նաև դրական է ազդում նյութափոխանակության վրա, այնպես որ ոչ միայն չի գիրացնում, այլև՝ կօգնի նիհարել։

  • Խոչընդոտում է աթերոսկլերոզի գոյացմանը՝ էլի շնորհիվ «տոմսչկալգինի»։
  • Իսկ աթերոսկլերոզի ռիսկի նվազեցումն էլ իր հերթին բերում է ինֆարկտի ու ինսուլտի ռիսկի նվազեցմանը։ Առողջ սիրտ՝ առողջ մանդարինում, էհ, մարմնում։
  • Իջեցնում է արյան մեջ պարունակվող խոլեստերինը (օրական 2-3 մանդարինը հրաշալի լուծում են այս հարցը)։
  • Կալիումը, որը պարունակում է մանդարինը, հատկապես օգտակար է սրտին և անոթներին։

  • Պեկտինը օգնում է աղիքներին ավելի լավ գործել։
  • Մանդարինի հյութը կարելի է կիրառել սնկային հիվանդությունների դեմ մարտերում։
  • Մանդարինը պարունակում է ֆոլաթթու, բետա-կարոտինաթթու։
  • Պտղի բաղադրության մեջ ներառված ֆոսֆորն ու կալցին ամրացնում են ատամները (որ ավելի շատ մանդարին ուտենք)։
  • Մագնեզիումը օգնում է հաղթահարել սթրեսը (բոլոր անհասկանալի իրավիճակներում կերեք մանդարին․․․Չնայած, առանց սրա էլ հաստատ էդպես էիք անում):
  • Օրական երկու-երեք հատիկ (տոպրակ չէ, ցավոք) մանդարինը օգնում է բարձրացնել իմունիտետը․․․ Եվ, իհարկե, տրամադրությունը։

Մանդարինահոտ այս օրերին առավել քան զգում ենք ստրկատիրական կարգերի պակասն ու բոլորից թաքուն երազում փոքրիկ ու հաճելի մի ստրուկի մասին, որը մեզ համար մանդարին կմաքրեր։ Սակայն կյանքի փորձը սովորեցրել է․ այս համեղ պտուղները պետք է ուտել բոլորից թաքուն, այլապես մեծ է հավանականությունը, որ հենց դուք կդառնաք ձեր տան փոքրիկ՝ մանդարին մաքրող ստրուկը, քանի որ մանդարինի սեզոնը փոքր-ինչ հիշեցնում է շախմատային հայտնի օրենքը․ կպել ես՝ պիտի խաղաս մաքրես ամբողջ տոպրակը։

Ձեզ երկու բուռ մանդարին ու լավ տրամադրություն։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով