Խոհանոցային թայմինգ | Կառլ

«Պատվիրե՞լ, թե՞ պատրաստել» գաստրոնոմիկ բանավեճն այնքան հին չէ, որքան, ասենք, հավի և հավկիթի՝ ավելի վաղ ստեղծման շուրջ ծավալված քննարկումները, սակայն հասցրել է բանավիճողների կողմից սիրելի դառնալ: Մեր նոր խորագրում մեր  ակտիվ պատվիրատուները կպատրաստեն տարբեր ուտեսներ ու միասին կհամեմատենք՝ որքանով է ձեռնտու  ուտեստի պատրաստական աշխատանքը, որքան գումար ու ժամանակ է ծախսվում, և, ի վերջո, ստացվո՞ւմ է այն պատրաստել ըստ հավուր պատշաճի։

Մեր առաջին հյուրը Կառլ Ավետյանն է, որին շատերը նաև որպես «փոքրիկ Կառլ» են ճանաչում։ Կառլը հեռուստալրագրող է, աշխատում է «Արմքոմեդի» ծրագրում: Աշխատանքին զուգահեռ ծրագրավորում է սովորում Հայաստանի Պետական Պոլիտեխնիկական համալսարանում: Սովորաբար տուն վերադառնում է երեկոյան ժամը 7-8-ին, ինչն էլ Menu.am-ի օգնությամբ հաճախ պատվերներ կատարելու հիմնական պատճառն է: Սկզբում պատվերները հեռախոսազանգերով էին, հետո՝ կայքով, հիմա արդեն անցել է բջջային հավելվածով պատվերներ կատարելու «մոդայիկ» ու շատ ավելի հարմար տարբերակին։

«Խոհարարության հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ. հիանալի կերպով մակարոնեղեն և նրբերշիկ եմ․․․խաշում»,- ասում է Կառլը,-«Հաճախ նախընտրում եմ պատրաստի, առաքված, ոչ տնական ուտելիք, օրինակ՝ շաուրմա, պիցցա կամ կծու թևիկներ: Վերջինների կծվության պատճառով հաճախ կոնֆլիկտ եմ ունենում թևիկի ոչ պակաս սիրահար տատիկիս հետ»: Որոշեցինք այս անգամ պիցցա պատրաստել, բայց ոչ թե հաստ խմորով ու առատ թոփինգով՝ ինչպես Կառլն էր նախընտրում, այլ ամենաիսկական իտալական պիցցա՝ նուրբ, նրբաճաշակ ու նրբահամ:

Ողջ գիտակից կյանքում պատրաստի խմորների հետ  միայն 1-2 անգամ գործ ունեցած տղան առաջին անգամ ինքնուրույն պետք է հունցեր պիցցայի խմորը: Ճանապարհը մեզ տարավ ալյուրի մոտ: Իտալացի պիցցայոլաների բացատրական վիդեոները դիտելու շնորհիվ պարզել էինք, որ իսկական իտալական պիցցայի խմորի համար անհրաժեշտ ալյուրը պետք է պարունակի գոնե 12 տոկոս սպիտակուց: Երկար չարչարանքներից հետո Կառլը գտավ խանութում սպիտակուցի ամենաբարձր պարունակությամբ ալյուրը: Խմորիչի հարցը հեշտությամբ լուծեցինք, իսկ այ կանաչ թարմ ռեհան չգտանք և բավարարվեցինք չորացրած և ոչ այնքան կանաչ ռեհանով:

Լոլիկները, բազմագույն պղպեղներն ու շամպինյոնները հարևանություն էին անում, բայց դե ձմռանը համեղ լոլիկ ու մատղաշ սունկ ջոկջկելը հեշտ բան չէ: Լոլիկ ընտրելիս Կառլը պատմեց, որ չի սիրում լոլիկ, բացառությամբ այն դեպքերի, երբ լոլիկը գտնվում է շաուրմայի մեջ՝ մսի հարևանությամբ: Մոցարելլայի հարցում ընտրությունն այնքան էլ մեծ չէր. հայրենական շուկան աչքի չի ընկնում այդ պանրի մեծ ընտրությամբ: Իսկ խոզապուխտի մեծ տեսականին իրապես շփոթեցրեց Կառլին:

Ահա մեր ապրանքացուցակի տեսքը՝

  • Ալյուր – 1 տուփ, 1 կգ – 340 դրամ (օգտագործվել է 1/3 մասը)
  • Ֆիլե – 220 գրամ – 880 դրամ
  • Չոր խմորիչ – 1 փաթեթ – 110 դրամ (օգտագործվել է կես թեյի գդալ)
  • Մոցարելլա պանիր – 500 գ – 2730 դրամ (օգտագործվել է 1/3 մասը)
  • Անկորիզ ձիթապտուղ – 1 տարա – 390 դրամ
  • Ռեհանի տերև — 1 փաթեթ – 110 դրամ
  • Սունկ շամպինյոն – 110 գրամ – 210 դրամ
  • Պղպեղ – 200 գրամ – 330 դրամ
  • Լոլիկ – 318 գրամ — 460 դրամ (օգտագործվել է կեսը)
  • Անհրաժեշտ է նաև 1 թեյի գդալ շաքարավազ, 4 ճաշի գդալ ձիթապտղի (պարտադիր ձիթապտղի) ձեթ:

Գնումներն արված էին, ժամանակն էր անցնել  պատրաստելուն։ Ուղևորվեցինք խոհանոց, և Կառլը սկսեց իր կյանքի առաջին պիցցայի խմորի պատրաստումը: Խմորիչը մի բաժակ տաք ջրին ու շաքարավազին (հա, հա, շաքարավազ, մի զարմացեք) խառնելուց հետո լցրեց ալյուրի բլրակի ճիշտ կենտրոնում՝ ինչպես դիտել էր խոհարարական տեսանյութերում և սկսեց ձեռքերով խառնել: Ավելացրեց աղ և ձիթապտղի յուղ: Խմորը մի լավ հունցելուց հետո ծածկեց այն կտորով, թողեց տաք տեղում և սկսեցինք սպասել, մոտ 1 ժամ: Որոշ իտալական դաժան պնդումների համաձայն, պիցցայի խմորը պետք է հասունանա 3-12 ժամ, սակայն թեկուզ 3 ժամ սպասելու դեպքում մի շարք մարդիկ (դե մենք, էլի) ուղղակի սովամահ կլինեին:

Խմորի հասունացմանը սպասելու ընթացքում Կառլը շարունակեց գաստրոնոմիկ անկեղծացումը․ «Դասերի և աշխատանքի ընդմիջումներին հիմանականում հոթդոգեր եմ ուտում, ատում եմ կանաչեղենի բոլոր տեսակները, և դրանցով պատրաստվող կերակուրները, բայց, օրինակ, չեմ հրաժարվի տապակած միջատ փորձելուց (բախտներս բերեց, որ Menu.am-ը տապակած խավարասեր չի առաքում․․․Դեռ,-խմբ․)»: Զրույցին զուգահեռ միասին կտրատեցինք մթերքները, Կառլը լոլիկները խաշեց, կեղևահան արեց ու հարեց մի քիչ ձեթի և համեմունքների հետ:

Խմորը հասցրեց 2-3 անգամ կպչել թավայի հատակին: Սոված մնալու վախից ելնելով՝ համոզեցինք հրաժարվել խմորը պիցցայոլավարի օդում պտտեցնելուց: Քանի որ մենք չունեինք 400-450 աստիճան տաքացվող հատուկ վառարան, ստիպված պիցցայի հարթեցված խմորը 4-5 րոպե եփեցինք առավելագույն՝  250 աստիճան ջերմությամբ:  Դրանից հետո Կառլը լոշիկի վրա քսեց սոուսը, շարեց կտրատված մթերքը, պանիրը և ուղարկեց վերջնական եփվելու:

Պատրաստի պիցցայի տեսքը այնքան էլ հուսադրող չէր, ինչն էլ ստիպեց Կառլին մտածել, որ այն․․․համեղ է: Համտեսեցինք, վատը չէր, բայց լավն էլ չէր: Լոլիկի սոուսի հարցում թերացել էինք, թոփփինգն էլ սահում էր եփված խմորի վրայից: Բայց քանի որ սովը համին չի նայում, ուղղակի կերանք պիցցան և խոսք տվեցինք մեզ հաջորդ անգամ խնայել մեր համային ռեցեպտորները, գումարն ու ժամանակը և ուղղակի պատվիրել պիցցան Menu.am-ից, քանի որ խոհարարական զեղումները երբեմն կարող են վտանգավոր լինել մեր ստամոքսի, կամ գոնե՝ համի էսթետիկ զգացողությունների համար։

Ընդհանուր առմամբ ծախսեցինք 5570 դրամ գումար և 2 ժամ 45 րոպե ժամանակ՝ 31 րոպե գնումների, 14 րոպե ճանապարհի ու 2 ժամ պիցցայի պատրաստման վրա։ Ընդ որում, գնած մթերքների մեծ մասը այդպես էլ չօգտագործեցինք, և մեծ տուփով այլուրը, չորացրած կանաչին ու էլի մի շարք սննդամթերթ այդպես էլ կմնան դարակում՝ եթե փորձառու տանտիկին չեք ու ամեն օր խմորային ուտեստներ չեք պատրաստելու։

Տվյալ պարագայում, իսկապես, պիցցան պատվիրելու դեպքում ժամանակ ու ռեսուրսներ կխնայեինք։ Եվ եթե դուք նույնպես  ի ծնե չունեք իդեալական պիցցա պատրաստելու  հմտություններ ու չեք ցանկանում մեր պես մի քանի ժամ սպանել խոհանոցում, ապա  ունեք  միշտ հասանելի տարբերակ՝ հեռախոսի հավելված՝  ամեն օր, քսանչորս  ժամ։

Առողջ եղեք, համեղ սնվեք, ու, համենայն դեպս, փորձեք հեռու մնալ պիցցայի խմորը օդում պտտելու գայթակղությունից

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով