Խոսք ուտողաց. «Շերեփ»

«Շերեփ» ռեստորանի բացման օրից շատ ժամանակ չէր անցել, բայց դա բավարար էր, որ «Կոտրված ծաղկամանի» ինստագրամյան պատկերը օրուգիշեր հետապնդեր բկլիկիս: Այլևս հնարավոր չէր դիմանալ, պետք էր գնալ ու տեղում ծանոթանալ նոր ռեստորանի համային երանգներին։

Ռեստորանի շեֆ-խոհարարը հոգ էր տարել  բոլորի մասին. ռոքֆորով, տանձով ու մեղրով աղցանն ու Իշլի քյուֆթան, «Օսսոբուկոն» ու Էրզրումի ղափաման հարմար տեղավորվել էին մենյուի հարևան դիրքերում: Այնուամենայնիվ, տեղական խոհանոցին ավելի բնորոշ գծերով մենյուն իսկական բացահայտում կլինի մսակեր-մսասեր հասարակության համար: Չնայած այցելուների մեծ քանակին, սպասարկող անձնակազմն ուշադիր ու բարեհամբույր էր, և ի ուրախություն ինձ՝ զերծ ձևականությունից: Նախքան պատվերները տեղ կհասնեին, ինտերիերն ու սեղանը մի լավ տնտղեցի. աչք շոյող ափսեները, նոստալգիկ հիշողություններ առաջացնող բաժակներն ու առաստաղից կախված հարյուրավոր մեծ ու փոքր շերեփ-լամպերը անտարբեր չթողեցին:

Երիտասարդ ու միամիտ ժամանակներս միշտ զարմանում էի, թե ինչպե՞ս կարող է մարդ մենակով ամբողջական պիցցա կամ ճուտ ուտել: Առաջինի մասին կպատմեմ մի օր, իսկ այ տապակված հյութալի ճուտը մատուցված մոշի` «Շերեփի» ֆիրմային առատ սոուսով, փարատեց երկրորդի հետ կապված բոլոր կասկածներս: Զգուշացում․ ճտով տարված հանկարծ չմոռանաք հաց պատվիրել: Այն թխվում էր աչքիս առաջ, քթիցս 2-3 մետր հեռավորության վրա ու անչափ համեղ էր:

Ճուտ մոշի սոուսով, 2600 դրամ

Խոզի մսով ու բանջարեղենով տապակայի ափսեի ներսում և ափսեից դուրս ուրախություն էր տիրում: Ճիշտ է, այդպես էլ չհաջողվեց պարզել յուրահատուկ և այնքան ծանոթ համեմունքի անունը, սակայն դա չխանգարեց վայելել մսի ու բանջարեղենի կոկիկ կտորները:

Տապակա խոզի մսով ու բանջարեղեն – 2400 դրամ

Երազում քացրավենիք տեսնող, բայց դրա մասին երբեք չխոստովանող «ինստագրամահայության» համար մենյուի դեսերտների համեստ քանակը, բայց անհամեստ համն ու գեղեցկությունը կհիացնեն ու լիքը «լայքեր» կպարգևեն: Ֆիրմային բաղադրատոմսով պատրաստված «Սնիկերսի»՝ ամպային «վախինչհամովա» կրեմի ու թեթև աղային միջուկի մասին դեռ երկար կհիշեք:

Սնիկերս, 3200 դրամ

Ծաղկամանը կոտրելուց հետո հասցրի կրեմոտ մի բեկոր թռցնել: Բուտաֆորիկ ծաղկամանն ուտելի էր, ուտելի էին նաև դրա պարունակություն-տիրամիսուն ու շուրջը թափված հող-թխվածքիկները: Անչափ վստահելով վարդի իսկության մասին սպասարկող անձնակազմի պնդումներին, այնուամենայնիվ փորձեցի թերթիկներից մեկը. ճիշտ էին ասում, իսկական վարդ էր, ուտելի չէր, բայց դե փոքր ժամանակ լիքը յասաման կերած մարդու համար բոլոր վարդերն էլ ուտելի են (կատակ): Վերջում ուղղակի գոհ-գոհ, կուշտ ու դրական տպավորություններով դուրս գլորվեցի Շերեփից:

Կոտրված ծաղկաման, 3000 դրամ

Հաճելի է, որ քաղաքում նոր ռեստորաններ են բացվում՝ գնալով ավելի համեղ, ավելի հետաքրքիր լուծումներով։ «Շերեփ» էլի կվերադառնանք, մնում է շնորհակալություն հայտնել տնօրինությանն ու անձկանազմին ու հուսալ, որ մոշով ֆիրմային սոուսը հավերժ կապրի։

0 Մեկնաբանություններ

Թողնել մեկնաբանություն

Ցանկանու՞մ եք մասնակցել քննարկմանը։
Եղեք ազատ կարծիքներ արտաայտելիս։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով