Դիմավորենք նոր տարին հաճույքով

«Վերջ, այս տարի հաստա՛տ վերջին երկու օրերին տնային մաքրությամբ ու պատրաստվելով չեմ զբաղվելու, դիտելու եմ ամանորյա ֆիլմերը, հաղորդումները, Ամանորն էլ թեթև ենք նշելու»,- որոշում ենք մենք ամեն տարի։ Ու, ինչպես ասում են, ուզում էինք ավելի լավ, բայց ստացվում է ինչպես միշտ։

Ամանորի նախապատրաստական աշխատանքները շատ ժամանակ են խլում։ Ու հունվարի մեկին կամ երկուսին հետհայաց հասկանում ենք, որ չորս-հինգ օրվա մեջ այնքան ենք հոգնել, որ տպավորություն է, թե Ամանորն անգամ  կեղտոտ լաթը ձեռքին ու կիսաքնած՝ տեղավորվել է տան մի անկյունում ու  ճակատն է մաքրում։

Որքան էլ ամեն տարի որոշենք, թե այս տարին նախորդի պես չի լինելու, սրտի խորքում հասկանում ենք, որ այլ տարբերակ չկա։ Որ էդպիսին ենք, համեղ ուտել սիրում ենք, դարերից եկած բնավորության գիծ է։ Եվ, իրոք, ինչո՞ւ տոնական օրերին չհամտեսել ամենասիրելի կերակուրները։ Չէ՞ որ  մնացած օրերին դժվար է ժամանակ գտնել՝ խոզի բուդ պատրաստելու, «Մայրաքաղաքային», «Վինեգրետ»,  «Ցեզար», հունական և մնացած այլ աղցանների, քաղցրեղենների ու նախուտեստների համար։ Տոնը պետք է տարբերվի առօրյայից։ Բայց սա չի նշանակում, որ տոնը պետք է վերածել պարտքերի կույտի։ Կամ որ պետք է օրուգիշեր պատրաստվել դրան։ Հենց վերջինիս մասին էլ ուզում ենք խոսել այսօր։

Տան մաքրության հարցերից հետո ամենաշատ ժամանակը ծախսում ենք ուտեստների պատրաստման վրա։ Եվ  դրանք, սովորաբար, այնքան շատ են, որ վերանում է՝ ուղղակի սեփական խոհանոցում լինելու, դանդաղ ու հաճույքով պատրաստելու ուրախությունը։ Մտքում միայն մեկ  ծրագիր է՝ պետք է հասցնել, վերջ։ Ո՛չ մի հաճույք,  ո՛չ մի ուրախություն, վերջում էլ՝ ծանրացած ոտքեր, գլուխ ու կոպեր։

Քանի որ ուտեստների առաքումը դեռևս սովորություն դառնալու փուլում է, և շատերը սկեպտիկորեն են վերաբերվում դրան, հայկական իրականության մեջ ընդունված չէ անգամ ամենօրյա ուտեստը պատվիրել, ուր մնաց՝ Ամանորի համար։ Մինչդեռ այս տարբերակը հրաշալի գործում է արտասահմանյան երկրներում։ Ինչ խոսք, կարող ենք նշել, որ այլ երկրներում տնտեսական պայմաններն ավելի լավ են, և մարդիկ կարող են իրենց նման «ճոխություն» թույլ տալ։ Բայց ամբողջ հարցը նրանում է, որ, իրականում, առաքման և ինքնուրույն պատրաստման ֆինանսական տարբերությունը չնչին է՝ հատկապես եթե հաշվի ես առնում ծախսած գազի ու էլեկտրաէներգիայի գումարը։ Նաև ազատվում եք  խանութի հերթերից, վերջին օրերին դժվար գտնվող ապրանքները ամենուր փնտրելուց։ Իսկ առաքած սննդի  առավելությունները շատ են։ Ահա դրանցից մի քանիսը․

1. Ուտեստներ պատվիրելը այնքան թանկ չէ, որքան կարծում ենք։ Սա ասում ենք ամենայն պատասխանատվությամբ։ Սա նաև կփաստեն ձեր ընտանիքի այն անդամները, կամ այն գործընկերները, որոնք օրվա ընթացքում հաճախ են պատվերներ կատարում այս կամ այն ռեստորանից։ Ռեստորանները շատ են, գնային սանդղակները՝ տարբեր՝ հասանելի ցանկացած խավի։ Եվ, օրինակ, մեր՝ menu.am առաքման հասցեում առաջարկում ենք այս կամ այն ուտեստի՝ երբեմն տասից ավելի տարբերակ՝  տասից ավելի ռեստորաններից։ Կարելի է ընտրել այն չափաբաժինն ու գինը, որը ձեզ ավելի հարմար կլինի։ Ամանորին շնչակտուր պատրաստվելն ուղղակի սովորության ուժ  է, և ոչ ավելին։ Այն շատ հեշտ կարելի է թեթևացնել։

2. Շատերն ասում են․ «Ի՞նչ իմանաս՝ ինչով են պատրաստել, ո՞նց կարող ենք վստահել»։ Մտահոգությունը տեղին է և արդարացված։ Բայց մենք հետևողական ենք մեր գործընկերների՝ մատուցած ծառայության որակին։ Մարդիկ նախընտրում են փորձված ռեստորաններից առաքումներ պատվիրել, իսկ քանի որ պատվերները շատ-շատ են, գործնականորեն, երևի թե, հնարավոր էլ չի ժամկետանց սնունդ պատրաստել։ Ռեստորաններն արագ սպառում են սնունդը, և նորը ձեռք բերում՝ հատկապես Ամանորին, քանի որ հասկանում են, որ  սխալների դեպքում ուղղակի ժամանակ չեն ունենա դրանք շտկելու։ Իսկ բարի համբավի վրա քար գցել ու վնասել սեփական բիզնեսին հաստատ ոչ մեկը չի ուզի։ Դրա համար էլ  պատրաստում են սիրով, որակով ու համեղ։

3. Դուք ժամանակ եք շահում՝ իրապես կարևոր գործերի համար։ Տարիներ հետո կարևոր չի լինելու հարևանի մոտ գլուխ գովելու հանգամանքը, թե մի ամբողջ սառնարան տոլման ինքներդ եք պատրաստել՝ առանց օգնության։ Եվ, ի վերջո, ապրում ենք մի դարում, որտեղ կնոջ միակ առավելությունը չի կարող լինել տարատեսակ ուտեստներ պատրաստելը։ Հատկապես մեր օրերում շատ կանայք աշխատում են, և ունեն ավելի կարևոր արժեքներ՝ խոհանոցից անդին։ Սա չի նշանակում, թե պետք է բացառել խոհանոցը, նշանակում է, որ պատրաստելը միշտ պետք է հաճույքով ու հաճույքից լինի։ Իսկ Ամանորին ավելի հաճելի իրավիճակներ կան։ Երբեմն մոռանում ենք, որ տվյալ տարվա Ամանորը այլևս երբեք չի կրկնվելու, մեր երեխաները կամ ծնողները էլ չեն լինելու նույն տարիքին, հենց այս նույն զգեստներով ու նվերներով։ Եվ մի՞թե ավելի գայթակղիչ չէ դեկտեմբերի երեսունն ու երեսունմեկն անցկացնել սիրելի ֆիլմերը նայելով, գորգերի վրա թավալ տալով, լոտո խաղալով, ծնողների՝ մանկության տարիների զավեշտները լսելով ու ծիծաղելով։ Սա զոհում ենք կենցաղին։ Այն կենցաղին, որը կարելի է թեթևացնել՝ ընդամենը խմբագրելով ներքին կարծրատիպերը։ Ստորագրված ու «ֆիրմային» ուտեստները՝ ձեզնից, մնացածը՝ մեզնից։

4. Նոր ուտեստներ փորձելու հրաշալի տարբերակ։ Վերևում արդեն խոսեցինք այն մասին, որ համեղ ուտել սիրում ենք։ Բայց երրորդ օրվանից սկսած ուղղակի անհնար է արդեն հյուրերի տանն ուտել նույն մսով բլիթները, նույն տոլմայի ու կոտլետների տարատեսակները։ Եվ այսպիսով, հունվարի չորսից սկսած, բարձր ծափահարությունների ներքո ներս են հրավիրում հայր և որդի սպասները՝ բրնձով կամ ձավարով։ Բայց նրանց աստեղային ժամը նույնպես կարճ է տևում, քանի որ էլի արագ հոգնում ես։ Իսկ մի՞թե հետաքրքիր չի լինի տոնական սեղանին դնել սուշի, կամ չինական հավի կամ խոզի միս՝ կծու-թթու-քաղցր սոուսում։ Գուցե բեֆստրոգա՞նով, ֆրիկադելնե՞ր՝ պանրային սուսով, լոլիկի չրերով պա՞ստա, լազա՞նյա․․․Իսկ ինչո՞ւ ոչ։ Այսքան բաղադրատոմսեր սովորել ու առաջին փորձից հաջողել դժվար թե ստացվի։ Հենց դրա համար կարելի է պատվիրել այս ամենը, և ունենալ տարբերվող սեղան։

5. Ուտել ոչ թե շատ, այլ՝ համեղ։ Չկա մի ընտանիք, որը գոնե մեկ ափսե ուտելիք դեն չնետի՝ լավագույն դեպքում։ Մենք սիրում ենք շատ պատրաստել, չափից դուրս շատ, թե ինչու՝ հասկանալի չէ։ Հետո որոշ մասը դեն ենք նետում, կամ, ավելի վատ, մի կերպ խցկում մեր ստամոքսներ՝ տասը օրվա մեջ յոթ-ութ կիլոգրամ գիրանալով։ Բայց համեղ ուտելը չի նշանակում շատ ուտել։ Իսկ պատվիրելով կարողանում ենք այս հարցը ևս կառավարել, քանի որ պատվերի դեպքում ավելի օբյեկտիվ ենք նայում քանակին ու չենք տրվում որկրամոլ մտքերին։ Ի վերջո, վերադառնանք պատվիրած ուտեստների ֆինանսական կողմին․եթե հաշվենք, թե որքան անտեղի գնումներ ենք անում, ու դրանց մի մասն էլ  հետո դեն ենք նետում, կհասկանանք, որ, իսկապես,  ռեստորանային սնունդը երբեմն գուցե ավելի «էժան նստի»։

Տոներին հաշված օրեր են մնացել։ Իսկ տոնի մեջ պետք է սիրել հենց տոնը, և այն նախ և առաջ իրար հանդիպելու, շփվելու ու լավ ժամանակ անցկացնելու խորհուրդ ունի։

Մենք ուզում ենք, որպեսզի ձեր հոգսաշատ ու աշխատանքով եռացող առօրյայի մեջ ունենաք ժամանակ՝ ամենակարևորի՝ ընտանիքի ու սիրելի մարդկանց համար։ Հենց այդ պատճառով էլ ցանկանում ենք հնարավորինս մեղմել ձեր տոնական հոգսերը և  «ազատ տարածք բացել» ոչ մարմնական երջանկության համար։

Ամանորը համեմեք ժպիտով, իսկ սեղանի «համեմունքներով» կզբաղվենք մենք։ Պատվերներ կարող եք կատարել մեր բջջային հավելվածով, menu.am կայքից, կամ զանգահարելով շուրջօրյա՝ 010 222 000 հեռախոսահամարով։ Ունենք հատուկ  «ամանորյա առաջարկ»   և «ամանորյա սեղան» բաժիններ, որտեղից էլ կարող եք ընտրել, համեմատել, գտնել ու վայելել։

Թող գալիք տարին մեր սեղանների պես համեղ, վառ ու պայծառ լինի։ Շնորհավոր Ամանոր։

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով