Տարվա ամփոփումը՝ օրգանիկ

-Օրգանիկ սնունդի բացակայությունը ազդում է անգամ կենդանիների վրա,-նշում է «Օրգանական զրույցներ՝ օրգանական ուտեստների շուրջ» միջոցառման բանախոսներից մեկը,- այ, օրինակ, երբևէ չե՞ք մտածել, ինչո՞ւ ձեր կովերը չեն լսում ձեզ։ Որովհետև օրգանական․․․

Խոսքը կիսատ է մնում։ Մեր ետևի շարքից՝ հավանաբար օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանցից մեկը  ծիծաղկոտ ձայնով ավելացնում է․

-․․․Որովհետև անդաստիարակ են։

Ծիծաղում ենք։ Վերջերս կայացած միջոցառման ամենաուրախ պահն էր։ Տարին ամփոփվում է տարբեր ոլորտներում, և սննդի ոլորտը ներառող ամփոփումների պակաս ևս չկա։

Դեկտեմբերի 16-ին հրավիրված էինք  «Օրգանական զրույցներ՝  Ամանորի օրգանական ուտեստների շուրջ» հանդիպմանը, որը տեղի ունեցավ «Լոֆթում», իսկ կազմակերպել էր Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը։

Հյուրերը բազմաշերտ էին, հավաքված էին օրգանական սնունդով հետաքրքրվողները ու նախընտրողները, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող, սնունդ արտադրող և սնունդը օգտագործող անձինք։  Միջոցառման բացման խոսքը Դավիդ Մուքենհուբերինն էր՝ ՕԳԱՆ ծրագրի ղեկավարինը, որը ջերմորեն ողջունեց հյուրերին, կարճ ամփոփեց տարին ու խոսքը փոխանցեց Օրգանական  դեսպաններին։ Ելույթ ունեցան  հաղորդավարներ Գոհար Հայրապետյանը, Լուսինե Բադալյանը, Արման Մարգարյանը, Մերի Ներսիսյանը։  Կիսվեցին իրենց փորձից, նշեցին օրգանիկ սննդի կարևորության մասին ու ևս մեկ անգամ հորդորեցին չխառնել «օրգանիկ» ու «բնական» տերմինները, որովհետև օրգանիկ սնունդը հատուկ օրենքներ ունի, որին կարող է չհամապատասխանել, օրինակ, մեր տատիկների այգում աճեցրած միրգը՝ որքան էլ նրանք առանց կոնսերվանտների լինեն։

Որից հետո իրենց փորձով կիսվեց «Ինգրեդիենտ» առողջ սննդի սրճարանի հիմնադիր և բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը, մասնագետը հասցրեց անգամ առողջ, համեղ ու քաղցր բաղադրատոմս հուշել ներկաներին։ Իսկ վերջում  Նունե Սարուխանյանը, որը հմտացած է օրգանիկ սննդի հարցերում, ներկաների հետ զրույց ծավալեց Հայաստանում օրգանիկ գյուղատնտեսության, էկոհամակարգերի մասին։

Զրույցները  հետաքրքիր ու ուսուցողական էին։ Հետո սկսվեց՝ համենայն դեպս՝ մեզ համար ամենահետաքրքիր փուլը։ Հանդիպման ընթացքում  նախատեսված էր նաև հյուրասիրություն, որը  բացարձակապես օրգանիկ սնունդից էր։ Այն պատրաստել էին «Պատառ» սրճարանի  թիմը, և, ինչ խոսք, մենք իսկապես հիացել ենք այդ ուտեստներով, որոնց մասին ցանկանում ենք պատմել ստորև։

Նախ, հանուն արդարության, սկզբի համար ցանկանում ենք ներողություն խնդրել համտեսը ներկայացնող ու  ուտեստների բաղադրությունները հուշող երիտասարդից` անընդհատ լուսանկարելու ու հարցասպանության համար։ Եվ շնորհակալություն՝ բոլոր հարցերին համբերատար, ժպիտով  պատասխանելու, մեզ հանդուրժելու, և անգամ լուսանկարելիս օգնելու համար։ Հուսով ենք՝ տուն գնալուց հետո մեր նկարներով Վուդու տիկնիկներ չեք պատրաստել՝ չնայած, հավանաբար, արժանի էինք: Բայց որպես փոխհատուցում գրառումն ուզում ենք սկսել հենց մեզ օգնող երիտասարդով, ու ինքներս մեզ մաղթել, որ բոլոր միջոցառումներին ու ռեստորաններում նման հմուտ ու համբերատար մարդկանց հետ աշխատենք։

Եթե կարճ խոսենք օրգանիկ հյուրասիրության մասին՝ համեղ էր։ Կարծում եմ՝ լուսանկարներից ինքներդ էլ կզգաք։ Իսկ մենյուն բավականին հետաքրքիր էր․ հալվա, փախլավա, տոլմայի մի քանի տեսակ, հյութեր, բազուկով ու քամած մածունով հետաքրքիր փոքրիկ նախուտեստներ, ավելուկով ու կրկին քամած մածունով համեղ պատառներ․․․․ Մի խոսքով, ինքներդ տեսեք։

 

 

 

 

 

 

 

 

«Պատառը» մեզ հետաքրքրեց։ Տարեսկզբում անպայման կհյուրընկալենք ու կներկայացնենք արդեն իրենց իսկ մենյուն, հուսանք՝ դեմ չեն լինի։

Սակայն այսքանով միջոցառումը չավարտվեց։ Բացի հյուրասիրությունից, կազմակերպիչները նաև հրավիրել էին «Մարաշլյան ֆոտոստուդիայի» լուսանկարիչներից մեկին, որը  սովորեցնում էր ֆուդ լուսանկարչության մի քանի հիմնային կանոններ՝ մրգերի, բանջարեղենների ու սուրճի օգնությամբ։

Ահա այստեղ լուսանկարիչը ցուցադրում է ՝ ինչպես սնունդով կոմպոզիցիա ստանալ, և հետո՝ ինչպես դա ճիշտ լուսանկարել։ Ի դեպ, կողքի սենյակում թեմատիկ սրահ էր՝ մրգերով, կողովներով, որտեղ փակցված էին «Օրգանական Հայաստան» պիտակները, բայց քանի որ լուսանկարվողները շատ էին, որոշեցինք չխանգարել նրանց։

Գեղեցիկ օրը նվերներով ավարտ ունեցավ։ ՕԳԱՆ-ը բոլոր մասնակիցներին փոքրիկ ու բնական եղևնիներ նվիրեց, որոնք  էլ ավելի բարձրացրին՝ տեղից էլ շատ բարձր տրամադրությունը։ Տոնածառ ջան, տոնածառ, ինչ սիրուն ես ու․․․օրգանիկ։

«Լոֆթը»  լքեցինք կուշտ, երջանիկ ու հաստատ բախտավոր, քանի որ նմանօրինակ միջոցառումների ենք մասնակցում։ Հուսանք, որ  դրանք շարունակական կլինեն։ Շնորհակալություն ջերմ ընդունելության համար։ Թող գալիք տարին օրգանիկ զգացմունքների ու օրգանիկ ներդաշնակության տարի լինի՝ իհարկե օրգանիկ սնունդով համեմված։ Դե, կովերն էլ, իրոք, թող դաստիարակված լինեն։

Լուսանկարները՝ Վիկա Մելոյանի

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով